Friday, May 4, 2012

Ընտրել, բայց ի՞նչ

Հայաստանում ժողովրդավարությունը գրեթե ոչնչով չի տարբերվում ցեղավարությունից: Չէ, առայժմ ոչ մի գնահատական չեմ տալիս; Ինչպես միշտ նկարագրում եմ. 

Ցեղն ի՞նչ ա: Ինչքանով տեսել եմ՝ ամուր ընտանիքներ, փոխկապակցված արյունակցական կամ թշնամական հարաբերություններով, հոգևոր առաջնորդ ու իմաստուն նահապետ, որին մի մասը սատարում է, որովհետև արյունակցական կապ կա, մի մասն էլ փորձում է գահից գցել, որովհետև ինչ-ինչ պատճառներով թշնամացել են:

Հիմա նայում եմ շուրջս ու տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են սատարում էս կամ էն կուսակցությանը, ու չեմ կարողանում որևէ տարբերություն տեսնել ցեղային մտածելակերպից: Սիրում եմ-չեմ սիրում, ճանաչում եմ-չեմ ճանաչում, իմ հարևանի բարեկամն ա-բարեկամը չի, իրար հետ ենք աշխատում-չենք աշխատում:

Հիմա նահապետի փոխարեն ցանց ա, ու պարտադիր չի (ես նույնիսկ կասեյի, որպես կանոն ոչ)՝ իմաստուն: Ցանցի փոխկապակցվածությունն էլ ավելի մեծ ա: 

Ես սկսում եմ կասկածել ժողովրդավարությանը որպես կառավարման ձև Հայաստանում: Ժողովուրդը անցյալում թերևս բավականին համասեռ էր, հիմա ո՞վ ա ժողովուրդը: Ես դժվարանում եմ սահմանել: Մի քանի իմ նման իբր իրենց մտածող համարող մարդի՞կ: Հողից հեռացա՞ծ գյուղացին: Արտագնա աշխատո՞ղը: Պետական չինովնի՞կը: Կոշկակա՞րը, խանութպա՞նը, որ գիշեր-ցերեկ աշխատում ա, ու հետո մեջքը ծռած խեղճ մուրացիկի պես «անվճար բուժօգնություն» ստանում: Եթե այո, ինչպե՞ս ենք համաձայնվելու երբևէ կառավարվել այս խմբերից որևէ մեկի մեծամասնական քվեն ստացած կառավարության կողմից: 

Էսօր ժողովրդավարությունը տեղին չի, պիտի քաղաքացիավարություն կոչվի կառավարման այն ձևը, որին մենք ձգտում ենք: Անհատ քաղաքացին պիտի ընտրի կառավարման ձևը, բայց մենք դեռ քաղաքացի չենք, մենք ցեղակից ենք՝ ՀՀԿակից, ԲՀԿակից ու տենց: Ու երբ դիմում են ժողովրդին ամպագորգոռ բառերով, ես չեմ հասկանում, թե ում են դիմում. ես ինձ էդ ժողովրդի մաս չեմ համարում, որովհետև, երբ խանութում հերթ եմ կանգնում, կես ժամ սպասում եմ, մինչև կամ վճարում եմ, կամ ինձ հերթից հանում են, որովհետև էշ եմ, լռում եմ, իսկ «ժողովուրդը» գալիս ա, ինձ կամ հրում դուրս, կամ էլ ինքնակամ ճանապարհ եմ տալիս ու իրենք իրենց գործն առաջ են տանում: Արտագնա աշխատողն էլ ա ինձ էշ համարում, որ Անգլիան թողել եկել եմ, որ ինչ, որ զբաղվեմ մի բանով, որ չեմ սիրո՞ւմ: Գյուղացին ասում է, դու բան չես հասկանում գյուղից, ի՞նչ ես ավել-պակաս դուրս տալիս: Իմ կողմնորոշված ընկերներն ասում են պիտի պայքարել հանուն ինչ-որ բանի, իսկ ես ինչի՞ համար եմ պայքարում, երբ լուռ եմ:

Օֆ, չգիտեմ:

2000-ին Բալթիմորից Երևան թռչելիս ինքնաթիռում համոզված էի, որ երկիրս երկիր ա դառնալու, ես էլ օգնելու եմ, որ դառնա: Հիմա անկապ ապրում եմ: Կռիվ եմ անում, որ երթուղայինում չծխեն, խանութում հերթ կանգնեն, ինձ ամեն անկապ խանութպան չփորձի համոզել, որ քրոջս վրայից ընկնող շորն «իսկն իր հագով ա» ու հետո էլ ավել-պակաս դուրս տա, թե բա էլ ինչի եմ մտել իր խանութ, եթե բան չեմ առնելու: Ես բարության պակասից  եմ խեղդվում Երևանում, ոչ թե փոշուց, ոչ թե ծառերի բացակայությունից, այլ էն ագահությունից, որի պատճառով ծառ չի մնացել էս քաղաքում: Ես խեղդվում եմ մարդկանց «առաքինի» պահվածքից, ամենքին խելք սովորացնող վեհ հայացքից ու քեզ անպայման իրենից ներքև տեսնելու անհագուրդ մարմանջից:

***

Անհատ քաղաքացին իր արժեհամակարգով, իր գաղափարախոսությամբ պիտի ընտրի իրեն կառավարողին: Ինքնահակասող բան կա սրա մեջ, որովհետև եթե ընդունված տերմինաբանությամբ խոսենք, սա անարխիկ սոցիալիզմ ա;-) Նման քաղաքացին կառավարվելու կարիք էլ չի ունենալու, ընդամենը՝ ինքնակազմակերպվելու: 

Բայց հիմար-հիմար դուրս եմ տալիս. ունենք,  ինչ ունենք: Ափսոս ուղղակի որ ես էլ լույս չունեմ: 

3 comments:

Anonymous said...

Լացելու ա, բայց գրածդ ամեն բառի հետ համաձայն եմ:

Anonymous said...

Kristuliiiik..... :(

London - PhD! Lurj mtatsi!!
Lav klini! :)

Christina said...

Իհարկե լավ կլինի, մանավանդ, երբ ինձ հետ չհամաձայնվեն;-)))