Monday, April 26, 2010

Դպրոցական

Արև կար մեջը: Երևի դրանից էր էդքան մեծ: Դեպի դպրոցական բուֆետ քայլող երկրորդ դասարանցիների լուռ ու կուռ շարասյան մեջ տեղավորվելու համար ուսերը հավաքում էր կուզի մեջ, գլուխն էլ փորձում տեղավորել էդ փխրուն կուզի մեջ, որ պուճուրանա, հասնի մշտապես ժպտացող, մշտապես լացի պատրաստ ու խլնքոտ Արարատի փափլիկ բոյին: Ասում էին ծույլիկ է, հետն ի՞նչ գործ ունես, բայց Արարատի կլոր փափկությունն ավելի հետաքրքիր էր, քան իր դպրոցական առաջադիմությունը: Փնթի, փափուկ, կլորիկ, ժպտադեմ: Իսկ ինքը երկար, բարակ, կոկիկ ու լուռ:

Ու թեև ծիծաղեց ողջ դասարանի հետ, երբ «ծույլիկ Ալվարդն» իր երազանքը կիսեց դասարանի հետ ի պատասխան ռուսերենի ուսուցչուհու հարցին. «Ուզում եմ Վալենտինա Տերեշկովա դառնալ», ներսում արևը թաքնվեց ամպերի հետևում: Կծկվեց Ալվարդի կեղտոտ գոգնոցի, անթափանց հայացքի, կարճ ու կեղտոտ ցից մազերի, նետի պրկությամբ լարված թել-թել շուրթերի համառությունից ու տիեզերքը նվաճելու երազանքի համարձակությունից: Ինքն էդ տիեզերքից մի արև ուներ ներսում, բայց համարձակություն չուներ թև առնելու, թռչելու, ու թևերը փակվում, կուզ էին դառնում մեջքին:

Ու քայլում էր էդպես լուռ, կուզիկ, բարակ ու երկար: Ինչպես այգու բարդիները, որոնց կանաչ որդաձև սերմերը ճտճտում էին կոշկի ներբանների անողոքությունից: Անձրևում էր քաղաքում, շատ ու խշխշան, քանի որ կաթիլներն ասֆալտին տրվելուց առաջ հասցնում էին համբուրվել միլիոնավոր կանաչ տերևների հետ: Էդ ժամանակ ներսում արևածագ էր, որովհետև մարդիկ վազում էին տներով, ու փափկության ու համարձակության հանելուկն էլ չէր տանջում: Արևի ջերմությունից ու անձրևի կաթիլներից կուզն ուղղվում, սլացիկ մեջք էր դառնում:

Յոթերորդում ավելացավ մանուշակը, բայց ինքն էդ մասին իմացավ երրորդ կուրսում: Մանուշակի փնջեր, որ ամեն առավոտ քաղվում էին իր արևոտ ու լուռ, սև գոգնոցի հետևում պատսպարված, կուչ եկած փափկության համար, բայց անհամարձակ համառությունը ստիպում էր դրանց թոշնել Արմանի տան ծաղկամաններում: Իսկ մանուշակները բուրումնավետ են էդ քաղաքում, ու բուրմունքն Արմանի ամպամած հայացքով ու Հարությունի մեղմ միջնորդությամբ ծաղկամաններից էկան-հասան իրեն: Ու մնացին՝ արևախառնված ու թաց:

Տասներորդում արևի շողերը փափուկ թափվեցին հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող վարսավիրանոց-խցի հատակին: Ու երբ ավարտականի դահլիճի դռան դիմաց վերջին անգամ անվստահ հարցնում էր ընկերուհու կարծիքը Միրեյ Մատյոյի սանրվածքի մասին, հետևից լսեց Գարիկի հետաքրքրությունից պայթող շշուկը. «Էս ո՞վ ա»:

Երանի ինքն էլ իմանար:

No comments: