Monday, April 12, 2010

Յորք

Մի քիչ էլ ես:-)

Ամեն քաղաք իր գույն ու ձևն ունի, իր տեսակը, որ յուրօրինակ զարդանախշով ամփոփում է մարդկային պատմության խճանկարը: Յորքի զարդանախշը քաղաքի պատն էր, որ 321 կիլոմետր ձգվում էր քաղաքով ու ամփոփում այս հողի դարավոր պատմությունը: Պատի հիմքը հռոմեական պաշտպանական պատն է, որի վրա նորմաններն ավելացնում են իրենցը ու կառուցում մի քանի աշտարակներ, որոնցից մեկը՝ Միքլգեյթը, համարվում է քաղաքի պաշտոնական մուտքը: Պատն ամենուր է քաղաքում: Օրինակ՝ Սուրբ Մարիամի եկեղեցու աշտարակը շարված է նորմանահռոմեական պատի քարերով. սկսվում է նորմանականով, ավարտվում հռոմեականով (պատը քանդելով ավարտել են աշտարակի կառուցումը:-)): Եկեղեցու ներսում աշտարակը միանում է մյուս կառույցին հռոմեական կամարով, որը ժամանակին հռոմեական պաշտպանական կառույցի մասն է եղել:

Այսօր պատը քաղաքի ամենագեղեցիկ զբոսավայրն է: Հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաքի բոլոր կողմերը, իսկ ներքևում նարգիզների հիասքանչ դեղին գորգն է:

Յորքում շատ թեյ են խմում, ու, մինչև ժամը հինգը: Այստեղ է հայտնի Betty's թեյարանը, որը Յորքի Մինսթրի հետ հավասար գրավում է զբոսաշրջիկներին: Այստեղ բացակայում են երկնաքերերն ու աչքի են զարնում կարմիր աղյուսն ու դեղին տեղական քարը: Աղյուսի հաստություւնից կարելի է կռահել շենքի տարիքը. որքան բարակ է աղյուսը, այնքան տարեց է կառույցը, որովհետև մինչև 18-րդ դար աղյուսի համար վճարում էին դրանց թվով:

Ասում են Վիկտորիա թագուհին իր մեկօրյա այցելությունից հետո այլևս երբեք չի վերադարձել Յորք: Նախ, մոտ քսան րոպե ստիպված է եղել լսել ողջույնի խոսքեր, մինչդեռ խեղճը երևի երազում էր զուգարանի մասին: Հետո էլ, երբ արքայազն Ալբերտի ու երեխաների հետ թեյ է խմել, վերջում քաղաքավարի ներկայացրել են հաշիվը:-)

Յորքում ինձ շատ դուր եկավ թանգարանների կառավարումը: Գրեթե ամեն տեղ, ուր մտանք, կամավորներ կային, ովքեր պատրաստակամորեն պատմում էին այս կամ այն սենյակի, նկարի, կահույքի մասին: Մի քանի տեղ փորձել էին վերարտադրել տվյալ ժամանակահատվածը՝ թատերականացված տեսարանների կամ համապատասխան իրերի միջոցով: Օրինակ՝ Յորքի ամրոցի թանգարանում մի ամբողջ փողոց էր կառուցված վիկտորյան ժամանակահատվածում: «Յորվիկ­» թանգարանում, որտեղ կարելի է ծանոթանալ վիկինգների պատմությանը, վերարտադրված էր վիկինգների գյուղը: Առաջինից հիշում եմ նաև մեղվի նկարը:-) Այստեղ ցուցադրված էր տարբեր կենցաղային իրերի զարգացման պատմությունը: Օրինակ՝ խնամքի պարագաների, խոհանոցի, զուգարանի և այլն: Մեղվի նկարը հայտնվում է առաջին հանրային պիսուարների հետ, եթե չեմ սխալվում 19-րդ դարում: Ինչո՞ւ: Որպեսզի տղամարդկանց տաբատները չթրջվեն. վարժվելու համար նշանակետ էր պետք:-) Ասում են գրագետները հատուկ հաճույք էին ստանում այս նկարից, որովհետև մեղվի լատիներեն անվանումն է apis:-)

Լավ էր Յորքում...

No comments: