Tuesday, March 1, 2011

Սովխոզի ճամփեն

Ավտոբուսի կանգառից տուն ոտքերդ քեզ տեղ էին հասցնում մոտավորապես կես ժամում, ուղեղդ՝ կես վայրկյանում: Իսկ ամռան տապին նույնիսկ վայրկյան էլ չէր տևում. ոտքդ ավտոբուսից հանեցիր, թեթևակի հարմարացրիր արևից կամքը կորցրած ստորաքարշ ասֆալտին, աչքիդ առաջ անմիջապես հայտնվում է  վերևի հարկի ոսկեգույն բազմոցը, սեղանին դրված բուրումնավետ վարդերով լի ծաղկամանն ու բաց գիրքը: Բայց դեռ կես ժամ կա, դիբ կա, ամառվա կեսօրի ծորուն քնկոտությանը տրված հատուկենտ ճանճերի տժժոց կա, կիսաքանդ աղբյուրի ճանապարհին հալվող թրիքի՝ քո անուշադրությունից օգտվող ճպճպոց կա, անկուշտ հավերի մոլորված ու տապից դանդրած, բայց այդուհանդերձ հեզ ու անխոնջ կուտի փնտրտուք կա ու... արև կա: Շատ արև կա, կապույտի մեջ հալված, մեջքդ կծող արև կա, որ ատամները խրել է ուսերիդ, բայց ինքը չկա: 

Գեղամեջում էլ մարդ չկա: Այգիներում էլ մարդ չկա: Աներևույթ արևի երևութական ներկայությունից պահ են մտել պատշգամբներում ու խոնավ նկուղներում: Գետն էլ է հոգնել, ցամաքել, մի բուռ առու է դարձել ու ծուլորեն միիիի կերպ սողում է դեպի Տանձուտ: Հարևանի շներն անգամ ալարում են իրենց պարկեշտ պահել անծանոթի մոտ. լեզուները հանել են դուրս, գլուխները հենել թաթերին ու հևուուում են, հա հևում: 

Արեգակն էլ փորձում է խաղ տալ միակ շարժվող շնչավոր առարկայի հետ. ուսերդ կծեց-պրծավ, թափ է առնում ու տալիս գլխիդ, թարթիչներից ներս սպրդում ու փակում աչքերդ, տաք օդի հոսանքով թափանցում մատներիդ արանքով,  խուտուտ տալիս ափերդ ու քրքջոցով դուրս թռչում դուրս: 

Հինգ րոպե մնաց: Ծառերի ստվերն արևի մահն ա: Դիբը հարթվել, կանաչ ու թրքոտ ծառուղի ա դարձել, որի վերջում երևում է զառիթափ, քարքարոտ ճամփան, պանդի ծառն ու տան ժանգոտած դարպասը: Դրանից անդին վերևի սենյակն է, փափուկ բազմոցը, վարդերի բույրն ու կոմսուհի դե Մոնսորոյի արկածները... 

2 comments:

Anonymous said...

Vay, es inch hrashq es grel! SHat em karotel ed chanaparh@, ari es amar gnank:)

christina said...

գնացինք, անպայման:-)