Sunday, March 14, 2010

Arshile Gorky: A Retrospective

90-ականների սկզբին մեր տանը հայտնվեց ժամանակակից արվեստի մասին բարալիկ մի գիրք, որից փորձեցի փոքրիկ բանալիներ գտնել դեպի տարօրինակ տարածքներ, ինչպիսիք են կուբիզմն ու էքսպրեսիոնիզմը, սյուրռեալիզմն ու սիմվոլիզմը: Մի խոսքով, դեպի տասյնակ գունախեղդ-գծային-երկրաչափական-տարօրինակ -իզմեր: Ռեալիզմն ինձ ձանձրալի էր թվում, բանալ, երևակայությունից զուրկ: Իսկ խորանարդե գլուխներն ու շրջանակե կրծքերը՝ ոտքերը թիկնակին բարձած աթոռին ստիպում էին քրտնել երևակայությանս՝ աներևակայելի ջանքերից... Միգուցե պետք էին էդ տարիներն ու ջանքերը: Որպեսզի հետո հանգիստ նայեմ...
Մադրիդյան Reigna Sofia-ն երևակայության ու փորձերի մի խելագար պարահանդես էր: Բայց «ես իդ պարը չիմ պարում»: Այդուհանդերձ, որոշեցի գնալ Արշիլ Գորկու ցուցահանդեսին:
Նա ինձ ցնցում է իր կյանքով ընդհանրապես, երեկ՝ միայն իր «Նկարիչն ու մայրը» կտավով: Նույն վերնագրով երկու նկար էր ցուցադրված Թեյթում, որոնցից մեկն անմիջապես պիտակեցի սպիտակ, մյուսը՝ վարդագույն: Երկրորդի մասին հեշտ է խոսել. կարոտ կա մեջը ու թանձր տխրություն: Կարոտն ու տխրությունը նկարելի են:
Սպիտակը դաժան կտավ է... Մոր ջնջված ձեռքերով ու անթարթ հայացքով երեխայի աչքերի առաջ դատարկում ես կյանքի գավը: Էսպիսի կտավների մասին չեն խոսում...
Կարելի խոսել Betrothal շարքի մասին, որ տաք էր, զգայական: Ինչ-որ զարմանալի կենսուրախություն կար այս կտավներում, որ բացակայում էր նկարչի մյուս գործերում (միգուցե իմ միտքն էր նրա գործերին փաթաթել հանգիստը կորցրած ճիգի վայրագությունը, չգիտեմ): Քանի-քանի անգամ է մարմինը փրկել ոգու մասին խոսելու անկարողությունից:-)
Հրաշալի կազմակերպված ցուցահանդես էր. կտավների քանակն ու բազմազանությունը թույլ էին տալիս «կարդալ ու վերակարդալ» Գորկուն՝ առանց պատռված էջերի:

No comments: