Thursday, February 7, 2008

Ո՞րն է ավելի ճիշտ. դիրքորոշում ունենա՞լը, թե՞ չունենալը

Ես չեմ կարողանում ընտրել իմ դիրքորոշումը նախագահական ընտրությունների գործընթացում: Ես փոփոխություն եմ ուզում, բայց չեմ տեսնում որևէ մեկին, որն ինձ, սովորական, միջին չափի ունակություններով ու հույզերով մեկին, կառաջարկի այդ փոփոխության ճանապարհը, ես էլ ունեցած-չունեցածս հավաքելով` ճամփա կընկնեմ հետը: Չկա մեկը, որի գործողություններին վստահեի, չեմ ասում շատ, թե քիչ, որովհետև վստահությունն ընդհանրապես կամ լինում է, կամ ոչ: Շատ ու քիչն այստեղ տեղին պարամետրեր չեն:

Մարդն ամեն ինչից երբևէ հոգնում է: Լավ, էս մարդիկ սուտ խոսելուց, իրենք իրենց մեծարելուց, կողքինին արհամարհելուց երբևէ չե՞ն հոգնելու...

Վարչապետը խորհրդարանի պատգամավորին, որն իրավաբան է, խորհուրդ է տալիս օրենսդրության դասեր առնել նախկին Արդարադատության նախարարից...

Նախկին նախագահն անտարբեր "հա, մայրիկ ջան" ասելով` անցնում է գյուղացի տարեց կնոջ կողքով, որը խնդրում է Ղարաբաղը ոչ մի դեպքում հետ չտալ...

Բաղդասարյանն օրենքի գերակայության մասին է խոսում, երբ 2002թ. խախտելով 11 դասախոսների ընտրություն կատարելու իրավունքը, Ֆրանսիական համալսարան է խցկում իր դրածոյին:

Գեղամյանը տիպիկ նազիր-վեզիր է...

Վազգեն Մանուկյանից եմ փորձում կառչել, բայց տեսածիցս ու լսածիցս իմ սովորական, միջակ խելքը գլուխ չի հանում: Բայց դեռ կառչած եմ, երևի սկսեմ մի քիչ մոխրագույններիս զոռ տալ:

Հարությունյանին ու Մելիքյանին չեմ կարողանում բան ասելուց բռնացնել: Մի անգամ միայն Հարությունյանի հետ Շանթով հարցազրույցից մի հատված հասցրեցի լսել, որտեղ նա բացատրում էր քվեարկության մեխանիզմի բարեփոխման իր առաջարկը, իսկ լրագրողի հեգնանքն անցնում էր բարեկրթության տարրական նորմերի սահմանները: Իմիջիայլոց, ինչ մի վատ բան է. բալային համակարգով գնահատել թեկնածուներին: Չգիտես ինչու 3 միլիոնանոց երկրում ինը նախագահի թեկնածու ունենալը հեգնական չի հնչում, իսկ բալային համակարգը որպես աբսուրդ հեգնանքով մի կողմ է նետվում...Ինչո՞ւ են մարդիկ ալարում իրենց նեղություն տալ ու դուրս գալ իրենց եռանկյունի քառակուսուց...

Չգիտեմ, չգիտեմ... Էս մի բուռ հողում ատելությունն ու չարությունը ալիք են տալիս, ու, գնալով, դրանց թափը փոթորկային ուժգնության է հասնում: Ատելության ծնունդը բարի չի լինում: Ատելությունը փակում է աչքերդ, դեմդ դնում դրա թիրախին ու քո բոլոր արարիչ ուժերն ուղղվում են այն ոչնչացնելուն: Ափսոս են այդ ուժերը... Գոնե մի փոքր հյուղակ կառուցելուն ուղղիր: Փտածը կքանդվի, եթե դրա բնակիչը տեղափոխվի քո սարքած հյուղակը...

2 comments:

Observer said...

Ասեմ իմանաս` գոյություն ունի նաեւ Ամենայն Հայոց Հեղափոխական Դաշնակցությունը` հետաքրքիր կլիներ լսել քո կարծիքը նաեւ նրանց մասին:

christina said...

:-)Չեմ մոռացել, Արթուր ջան: Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ եթե ՎՀ չլիներ, կընտրեի ՀՅԴ թեկնածուին: Գոնե իրենց բարեկիրթ են պահում (Հրանտ Մարգարյանի հարցազույցը, անկախ իմ որոշ անհամաձայնություններին, դուրս եկավ. ինձ համար խիստ էական է բառերի ընտրությունը, ձայնի երանգը, պահվածքը, ոչ-խոսքային ազդակները...) Այս դեպքում, խոստովանում եմ, իմ վերաբերմունքը խիստ անձնավորված է, որևէ օբյեկտիվության մասին խոսելու համար: Իսկ ՀՅԴ-ն ինձ դուր է գալիս մի բանով միայն (որը սահմանափակված է իմ հազվադեպ շփումներով). երիտասարդների մոտ կարողանում են ինչ-որ իդեալիստական սեր սերմանել դեպի Հայրենիք... Սա շատ վիճարկելի առավելություն է, ես գիտակցում եմ դա, սակայն ըստ իս` ավելի լավ է դաստիարակվեն մի քիչ սահմանափակ իդեալիստներ, քան կարիերիստ չինովնիկներր...