Wednesday, July 29, 2015

Մի օր Արտավազդ Փելեշյանի հետ

- Երբ նայում եք Ձեր ֆիլմերը հիմա, ինչ-որ բան կփոխեի՞ք:
- Ոչ­: Երբ նայում եմ ալբոմները, հին նկարներ ունեմ: Բեղեր ունեմ մի նկարում: Ինչո՞ւ պիտի ուզենամ բեղեր չունենալ էն ժամանակվա նկարում: 


- Այլմոլորակայինների մասին ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչ եք մտածում «Փելեշյանի լռությունը» իտալացի ռեժիսորի ֆիլմի մասին: 
- Լավ կարծիքի եմ:
 Սպասում էի, որ իտալացի ռեժիսորը կբացատրի Փելեշյանի լռությունը, բայց ոնց որ ինքն  էլ էր Փելեշյանից սովորել լռել: 


- Որտեղի՞ց եք: 
- Կիրովականցի եմ: [մի քիչ երկար ընդմիջումից հետո] բայց ծնվել եմ Գյումրիում: Լոռեցի եմ: 



- «Տարվա եղանակները» նկարելիս ադմինիստրատորիս խնդրել էի, որ գնան Գյուղնախարարություն ու իմանան, թե որն է Հայաստանի ամենախուլ գյուղը, որտեղ դեռ հին ավանդույթները պահպանվում են: Եկան, ասացին, որ Զանգեզուրում էդպիսի մի գյուղ կա: Սովետն էդ գյուղը 30-ականներին էր հայտնաբերել, իրենք էլ էդ ժամանակ Սովետն էին հայտնաբերել: 
Գնացինք: Վոլգայով էինք: Գյուղը ձորում էր: Որոշեցինք մեքենան վերևում թողնել, բայց վարորդն ասաց, կտանեմ: Իջանք: Մեքենայի մասերը հերթով թափվում էին վրայից: Կմախքով տեղ հասանք: Թումանյանի հեքիաթի գյուղն էր: Մի տաս շունչ կար: Երեք ծերունի խարույկի շուրջ նստած էին, երբ մոտեցանք: Զարմացան. ի՞նչ  եք ուզում: «Կինո ենք նկարում»: «Կինոն ի՞նչ ա»:  (1975 թ.)
Էն ժամանակ էդպես էր. ամեն ինչն իր գինն ուներ, որից նույնիսկ ռեժիսորը տեղյակ չէր լինում: Ադմինիստրատորն ու հաշվապահը միայն: Մասովկան՝ մի քանի մարդ, առանց գլուխների, 3 ռուբլի էր: Էպիզոդը, որտեղ գլուխն էլ էիր նկարում, 7 ռուբլի, 50 կոպեկ: Ադմինիստրատորս թղթերը հանեց, որ ծերունիները ստորագրեն: Երեքից մեկը նայեց թղթերին ու թե.
- Ես էպիզոդնիկ եմ: 



- «Տարվա եղանակներում» երեք միտք կա՝ «Հոգնեց(ի)», «Կարծում ես, այլ տեղ ավելի լավ է» և «Սա քո հողն է»: Եթե այսօր նկարելու լինեիք այդ ֆիլմն, այլ միտք կավելացնեի՞ք:
- Ոչ: 


- Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ ռեժիսորներին:
- Ուշադրություն դարձրեք առաջին ֆիլմին: Դա շատ կարևոր է: 


- Ո՞ր երեք ֆիլմերն են Ձեր վրա մեծ ազդեցություն թողել:
- Գերասիմովի «Խաղադ Դոնը», «Կնքահայրը» և ԵՐԵԽԵՔ, ԵՐՐՈՐԴԸ Ո՞ՐՆ ԷՐ....


- Կերպարվեստը Ձեր ստեղծագործությունների վրա ազդեցություն ունեցե՞լ է: Ո՞ւմ կառանձնացնեիք: Ո՞ր երեք գործերը:
- Այո, բայց օրինակներ չեմ կարող բերել: Ես կարծում եմ, Սասունցի Դավիթը շատ գեղեցիկ է: 


- Եթե Հայաստանում նոր ֆիլմ նկարեիք, ինչի՞ մասին կլիներ ֆիլմը:
- Բնության: 


- Երբ նկարելիս կասկածներ եք ունենում, ինչպե՞ս եք դրանք հաղթահարում: 
- Մինչև ֆիլմը նկարելը ես սցենար եմ գրում: Սցենարն ամեն ինչ չի, իհարկե, բայց ես պետք է ամբողջը թղթի վրա տեսնեմ, որ նկարեմ: Եթե չեմ տեսնում, չեմ նկարում: 


- Ի՞նչ է դիստանցիոն մոնտաժը: 
- Դե «դիստանցիա» բառի իմաստը գիտեք: «Մոնտաժ» նշանակում է հարևան պատկերները  հնարավորինս մոտիկ միացնել իրար: Ես հասկացա, որ ես չեմ ուզում դա անել: Երբ հեռավորություն ես թողնում, դրանք ավելի են մոտենում: Ավելի լավ են խոսում բոլոր պատկերների հետ: 
ԱՆ, ՃԻՇՏ ԵՄ ՀԻՇՈՒՄ, ԹԵ՞ ՏՈՒՖՏՈՒՄ ԵՄ: 


- Ինչո՞ւ չնկարեցիք «Հոմո սապիենսը»:
- Տարբեր պատճառներով: Մոտավորապես ասեմ, էդքան փող չկա: Փորձեցի, բայց միլիոններ են պետք: Աշխարհի տարբեր տեղերում պետք է նկարել: Թանկ ա: Ո՞վ կտա էդքան փող: Սկզբում փորձում էի: Գոդարն իր պրոդյուսերին ուղարկեց, որ հաշվարկենք: 41000 դոլար էր էն ժամանակ: Բայց պրոդյուսերը կին էր, էդքան փող չկարողացավ ճարել [ծիծաղ դահլիճում]: [լրջորեն] Լավ իմաստով եմ ասում:


- Այսքան տարի ոչինչ չեք նկարել: Ի՞նչ նոր աշխարհներ եք հայտնաբերել Ձեզ համար այդ ընթացքում:
- Գիտե՞ք, «Հոմո սապիենսը» չնկարվեց, որովհետև խոսեցի էդ մասին: Չասեմ էլի: 

***
- Կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը՝ «Բիկները», «Տարվա եղանակներ», «Կյանք», «Վերջ»: Կհետևի Վարպետի հետ հարցուպատասխան: 

Էսպես սկսեց մի երիտասարդ կին Կինո Մոսկվայի մեծ դահլիճում լիքը-լիքը մարդկանց պատճառով մի նիհարիկ ասեղ անգամ տեղավորելու անհնարինությունից շատ ավելի տոթացած տապում Սիրունի Վարպետի հետ հանդիպումը: 

Բայց նայեցինք «Բնիկները», «Տարվա եղանակներ», «Վերջ», «Կյանք»: Երբ գնում էի հանդիպմանը, անկեղծորեն մտածում էի, տեսնես, կա՞ էնպիսի հարց, որ ուզենայի տալ իրեն: Ու հասկացա, որ չկա.... Որովհետև բոլոր հարցերն ուղղված էին լինելու  ինձ համար իր ստեղծագործական պրոցեսը բացահայտելուն, բայց ես հավատացած եմ, որ դա էնքան յուրահատուկ ա, որ հինգ րոպեում դա հնարավոր չի լինի անել: Եթե բախտ վիճակվի ու հայտնվես տաղանդավոր ու հանճարեղ մարդու ստեղծագործական պրոցեսի ներսում, անգամ պերիֆերիայում, ուրիշ բան: Բայց 5 րոպեում ի՞նչ պիտի ասի մարդը, որն էդպիսի հրաշք ա ստեղծել ու որն ինչ ուզեցել ա կիսել քեզ հետ, կիսել ա ֆիլմի միջոցով... Ու նայեք հարցերին: Ինչքանո՞վ ենք մոտեցել Վարպետին մեր հարցերով... Իրեն մոտ ա Մանսուրյանը, որ հիացմունքից բեմի վրա թռվռում ա: Մեզ համար իրեն մոտենալու միակ կամուրջն իր ֆիլմն ա, ոչ թե մեր հարցը: 

Հ.Գ. Դեժավյու:-)


Հ.Հ.Գ. Երեխեք, ուղղեք, ավելացրեք,խնդրում եմ: 

2 comments:

Anonymous said...


Կարծեմ 3րդ ֆիլմը սա նշեց http://www.kinopoisk.ru/film/36996/
Չինաստանի ուրվականների պատմությունը

Dz.

Christina said...

Ապրես, Ձյուն ջան։-)