Monday, July 6, 2015

Թռչելու հեքիաթ

Առավոտ լուսո: Հազիվ լուսո: Դեռ շեկոն կապույտը չէր վառել: Ու շեկոյի  բեկորներից հազիվ մի քանի ժամով ազատված մարմինն ուզում էր դուրս թռչել: 

Դրսում կյանքին նախորդող անդորր էր. անշարժ, լուռ, հովահամ: Դուրսը մեղրածոր ներս առավ իրեն, ու կյանքը մնաց մի ուրիշ դրսում: Տերև չէր շարժվում: Օդը չէր շարժվում: Ինքը չէր շարժվում: 

Շեկոն էր շարժվում: Ծույլ ու մեծ: Հրահուր ու ահագնացող: Վերև ու վերև: 

Սևոյի փռնչոցից ներս ու դուրս ընկան իրենց տեղն, ու կյանքն սկսվեց: Կաաաաամաց հասավ գոմի դռանն ու մեջքը ծագող շեկոյին անելով՝ ճռռացրեց ժամանակի ծանրությունից նվաղած դուռը: Սևոն փռնգացրեց ու ծուռ նայեց իրեն: 

- Սևոոոոոոոոոոոոոոոոո, - քնքշանքով հյուսված ձայնից Սևոն խոնարհեց գլուխն ու անհամբեր սպասեց իր բարևին: 

- Բարև, Սևո: Իիիիի՞՞՞՞նչ կա-չկա, Սևո: 

Սևոն հաճույքից ու դրսի հովից սարսռաց: Ինքն էլ մկների խրախճանքից ճողոպրած թամբով կնքեց վաղեմի, անմեկնելի ընկերությունն ու դուրս եկավ հանդ: Բայց օրը հանդոտ չէր, սարոտ էր: Մտածեց. շեկոյին վերևից կբարևի էսօր: Էսօր վերևների օր ա: Մտածեց ու Սևոյի գլուխն արեց դեպի Կապուտակ: Գյուղի կողքին թիկնած սարը դեռ չէր զարթնել: Սև ստվերած, նոթերը կիտած կանգնել ու չէր հրավիրում: Բայց ինքն էսօր վերևոտ էր զարթնել, դուրսուներս ներուդուրս արած էր զարթնել, Սևոյի համաչափ թափ-թափ-թափիկն էլ տատի պատմած Քուռկիկ Ջալալու հևքն ուներ: 

Սևոն առաջ էր գնում, ինքը՝ վերև: Մինչև հասան քարափի գլխին ու հավասարվեցին շեկոյին: Երեքով թառեցին Կապուտակի թիկնեղ ուսերին ու ամեն մեկն իր ներսուդուրսը գտած նայում էր հեռուն՝ կա՛մ ներսից, կա՛մ դրսից, ո՞վ իմանա: Ու էսպես երկար պիտի հայեին, եթե հանկարծ երկինք չպատռվեր Հազարան Բլբուլի թևերից պոկված հազարան գույներով: Աշխարհ հանկարծ դարձավ նախշուն: Աշխարհ դարձավ գիժ: Ինքն ու Սևոն, Շեկոն ու Կապուտակն էս գունավոր գժությունից կյանքի հոտ առան ու հնությունից խունացած ներսուդուրս լսվեց գույներով: Շատ գույներով....

***

Բաաաաա, էստեղ հեքիաթը կանգ առավ, մինչև կգա, ասեեեեենք, սողալու հեքիաթը:-)

1 comment:

Anonymous said...

Քրիստ, ա՜խ, լավն էր:)