Friday, February 6, 2015

Երթուղային հայեցող

«Գիժ ա»... 13+ -ից մեկն անպայման տեղավորվում ա հայ հասարակության էս ամենաընդգրկուն կատեգորիայի մեջ: Մեկը, որն անպայման հայհոյելու ա մեկին կամ բոլորին, որն անպայման փորձելու է քեզ ներառել ԻՐ խոսակցության մեջ՝ առանց ակնկալելու քո արձագանքը, մեկը, որի նյարդային անհանգստությունից ավելիուավելի անհամբեր ես սպասում քո կանգառին, մեկն, ով մոռացել ա գիշերանոցը փոխել, մեկն, ում համար մեկ ա, թե աշխարհն ինչ ա մտածում իր մասին... Ու դեռ գիժն ինքն ա: 

13+ -ից երկրորդն անպայման ԿԻՆ ա, ով հիացնում ա բոլորին. ծորուն, զգլխիչ  ու նուրբ բուրող, ծորուն, զգլխիչ  ու նուրբ ժպտացող, ծորուն, զգլխիչ  ու նուրբ շարժվող: Ով միշտ տեղ ունի՝ չկանգնելու:-) 

13+ -ից երրորդն անպայման կրուտոյ ա. ինքնապաշտպանական արհամարհանքով՝ հանդեպ մնացած 12+ - ն ու աշխարհը, որ հանկարծ փորձ կանի իրեն կրուտոյ չճանաչել:

13+ -ից չորրորդն անպայման գիտունիկ ա. մաշված էջերն էնպիսի հպարտությամբ ա թերթում, որ շուրջն անմիջապես շոշափելի երկյուղածության պատնեշ ա ստեղծվում: 

13+ -ից հինգերորդն անպայման տատիկ ա, որի ձեռքերին ու անընդհատ ջրակալող աչքերին նայելիս ուզում ես գետինը մտնել անճարությունից, աշխարհի կեղտոտությունից ու մարդու արատավորությունից: 

13+ -ից վեցերորդն անպայման աշխատանքից ուշացող միջին տարիքի կոկիկ կին կամ տղամարդ ա, ում էնպիսի ջանասիրությամբ են կոկիկացրել, որ լացդ գալիս ա...

13+ -ից յոթերորդն անպայման ծամող անտարբեր երիտասարդն ա, որի ոլոռային եսի պետքն էլ չի, թե մնացած 12+ - ը գոյություն ունեն...

13+ -ից ութերորդն անպայման մի ութ տարեկան ա՝ իրենից 18 անգամ մեծ պայուսակով սապատավորված, որ շտապում ա մեծանալ, բայց եթե հանկարծ նկատեր մնացած 12+-ին, մի քիչ կզսպեր էդ գիտակից ցանկությունը:

13+ -ից իններորդն անպայման քաղքենի դժգոհն ա, ով էնպես ա շանթահարում իրեն հանկարծակի կպչողին, որ Զևսն անգամ կնախանձեր: 

13+ -ից տասներորդն անպայման նորաձևության զոհն ա՝ զոհ, որին եթե փորձես փրկել, քեզ միանգամից կդասակարգի առաջին կատեգորիայում: 

13+ -ից տասնմեկերորդն անպայման արվեստագետն ա՝ էս աշխարհից փախչել փորձող, բայց էս աշխարհին նույնքան կապված, որքան նորածինը՝ մորը:

13+ -ից տասներկուերորդն անպայման գարունքվա սիրահարն ա, ում համար 13+ չկա, մենակ՝ մեկ, ում մոտ ինքը սլանում ա ոչ թե ջաղլախան (էս բառը ո՞նց ա գրվում...)  գազելով, այլ 22-րդ դարի BMW մակնիշի տիեզերանավով: 

13+ -ից տասներեքերորդն էլ անպայման դու ես, որ 13+-ի յուրաքանչյուրից մի քիչ-մի քիչ հավաքել ես, ու մի օր մեկն ես, մյուս օրը՝ տասներկուերոդը, հաջորդ օրը՝ հինգերորդն ու էդպես, 365-ից հանած շաբաթ-կիրակի օրեր, շարունակ մեկ՝ մեկը, մեկ՝ մյուսը:-)

2 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Էս ինչ լավն էր Քրիստ :)

Christina said...

դե էս էլ մեր բազմազանությունն ա, Բյուր ջան:-)