Sunday, February 8, 2015

Մարտնչող կիսագրագիտություն

Կարո՞ղ ա պետք ա վերաիմաստավորել «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»... Կամ «Գեղեցիկ նոր աշխարհը» (թարգ. իմը չի:-))...

Մի քանի շաբաթ առաջ: Աբովյան-Թումանյան խաչմերուկ: Լրագրող ու օպերատոր: 

- Իսկ դուք ի՞նչ եք մտածում առևտրականների ցույցի մասին:

Բայց ինչո՞ւ պետք ա ես անպայման ինչ-որ բան մտածեմ 21-րդ դարում փոքր ու միջին բիզնեսով զբաղվող հայ ձեռներեցների, ոչ թե 19-րդ դարի առևտրականների դժգոհության մասին: Լավ, ասենք թե մտածում եմ, բայց ինչո՞ւ  պետք ա ամեն մի պատահական մարդ, կես րոպեում, առանց որևէ հնարավորության երկար-բարակ բացատրելու, թե ինչու է էդպես, այլ ոչ թե այլ կերպ մտածում, պարտադրված զգա ասելու, թե ինչ է մտածում: Ու հետո իմ կիսագրագետ մտածածը թափառի հազարումի ալիքներով ու մարդկանց մի խմբին վրդովվեցնի, մյուսի վերքին դարման լինի ու եսիմ ինչ, ինչո՞ւ... Ինչո՞ւ պետք ա ապրելն անպայման կարծիքի տեսքով լինի...

Ինչո՞ւ պետք ա բոլորս ամեն ինչի մասին կարծիք ունենանք ու վատ զգանք, որ չունենք....

Կիսագրագետն ինչո՞ւ ա վտանգավոր: Իր անբեկանելի «Գիտեմ» պատասխանով: Իր հարց տալու անկարողությամբ, իր «գիտեմ»-ի սուրն աջուձախ թափ տալով: Հա, դժվար ա էդքան աշխատել, էդքան ներդնել մի «գիտեմ»-ի հասնելու համար... Ամեն մեկն էլ ուզում ա մի հանգրվան, որ հանգիստ գլուխը դնի բարձին ու էլ ծով դուրս չգա, որտեղ աստված գիտի, իրեն ինչ ա սպասում: Բայց դնելուց հետո ինչո՞ւ ա անպայման պետք ժխտել անծայրածիր, դեռևս մինչև վերջ չբացահայտված օվկիանը, ինչո՞ւ պետք ա տան առջև սարքած փոքր, փտած լողավազանը ներկայացնել որպես էդ օվկիան...

No comments: