Tuesday, June 11, 2013

Ժողով-մողով

Անցյալ շաբաթ մասնակցում էի գիտաժողովի: Թեման՝ սոցիալական կապիտալը: Թեմայի մասին բան չեմ ասի, բայց ընդհանուր ակադեմիական մշակույթի մասին կասեմ: Կազմակերպիչը ՀԿ էր, ու որ ճիշտն ասեմ, չգիտեմ համալսարանական գիտաժողովներն ինչպիսին են: Շատ կուզենայի իմանալ ու հուսալ, որ տարբեր են: 


Գիտաժողովին ինձ ամենաշատը զարմացրեց ձևաչափը: Թեմատիկ բաժանումներ  կային, և յուրաքանչյուր բաժին վարում էր մեկը, ով նաև հիմնական զեկուցողն էր: Սա շատ անհարմար էր, որովհետև սովորաբար վարողը մասնակիցներից ամենագիտակն ու «ստաժավորն» էր: Հետևաբար, իր զեկույցից հետո հարցերն ավելի շատ էին: Մյուս զեկուցողների ժամանակը բնականաբար կրճատվում էր: Հաստատ պետք էր բաժանել էդ երկուսը: 

Մյուս խնդիրը, ինչպես օրակարգում էր ներկայացված, «ընդդիմախոսների» ինստիտուտն էր:-) Վայ մե... Ի՞նչ էին անում ընդդիմախոսները: Էն, ինչ անում են ակադեմիական միջավայրում ղեկավարները՝ քլնգում, որ գրածիդ նախ դու հասականաս ու հետո էնքան լավ հասկանաս, որ կարողանաս հասկացնել ընթերցողիդ: Ու դա պետք է անել առանձին, հաստատ: 

Բայց դա անել գիտաժողովի ընթացքում, ողջ լսարանի առջև, կներեք էլի, խոզություն ա: Զեկուցողների մեծ մասը երիտասարդներ էին, ում առաջին հանրային (թե՞ հրապարակային:-)) ելույթն էր, ու էս խեղճ երեխեքին հո չէին քննադատում, հո չէին քննադատում: «Արևմտյան արժեքների» միակ փոխառությունը հետևյալն էր. «Լավ աշխատաքն էր, բայց...» Էս էլ թե ինչի էին ասում, աստված գիտի... Ախր էդ ամենը պետք է անել գիտաժողովից առաջ, չէ՞: Բա էդ peer review կոչվածն ի՞նչի համար ա. որ հանրությանն արդեն ներկայացվի կուռ մի նյութ: 

Բայց մի քանի երեխա շատ լավն էին. ախր էնքան դեմք երեխեք ունենք, ինչքան եմ ափսոսում, որ իրենք ժամանակ են կորցնում այլընտրաքներ որոնելիս: Ու մեր իրականությունում կգտնեն միայն ամենալավերը:  Բա միջակնե՞րը: Չէ՞ որ միջակներն են հանրային որակ կազմում, քանի որ իրենք ավելի շատ են, քան ամենալավերը... Բայց ինչ արած: 

Խելոք երեխեք կային, որոնք խրվել-մնացել էին վիճակագրության ծալքերում: Ինձ համար թերևս մեծագույն խնդիրն էն էր, որ մտքերի մակարդակում վիճակագրական գիտելիքի ագրեգացիա, ու դրա արդյունքում՝ մտքերի բախում տեղի չունեցավ: Մի անգամ ևս համոզվեցի, որ Հայաստանում սոցոլոգիան հիմնականում ընկալվում է որպես վիճակագրություն: Ես իհարկե խոնարհվում եմ վիճակարգության առջև, բայց չեմ երկրպագում այն: Դա միայն սկիզբն ա, որին պիտի հետևեն մտքեր, որին պիտի հետևի, եթե ուզում եք, փիլիսոփայությունը: Որովհետև ամեն ինչ ի վերջո վերադառնում է ի բանս յուրոյ:-) Իսկ դա փիլիսոփայությունն ա, որից ճյուղավորվեցին լիքը -իգաներ, -ություններ ու -իզմեր: Միակ բացառությունը երևի Ամերիկյանի ուսանողներն էին, որոնց փորձն էր պակասում: 

Երկրորդ դժվարությունը, ինձ համար համենայն դեպս, մտքերի շարադրանքն էր: Գիտաժողովին տեքստի մատուցումն ահավոր էական ա, ու ամենակարևոր բանը՝ քո աշխատանքի տրամաբանական գիծը գտնելն ու պահելն ա: Հետազոտություն անելիս լիքը հետաքրքիր բաներ ես կարդում, ամեն մի հավես բանի մեջ սկսում ես խորանալ, բայց երբ ներկայացնում ես աշխատանքդ, պիտի մի գիծ բռնես ու գնաս, որովհետև խաղի կանոններն են էդպիսին: Սա ընկերական խոսակցություն չի, որ ամեն մի հավես թեմայով շեղվես ու բոլորով լավ զգաք: Միգուցե պե՞տք ա, որ գիտաժողովը դեպի սա գնա, բայց հլա դեռ կանոնները գործում են, ու պիտի հետաքրքիր ու տրամաբանական լինես էս խաղ մեջ: 

Բայց ընդհանուր լավ էր: Մի տեղից պետք ա, չէ՞, սկսել: 


No comments: