Thursday, June 13, 2013

5. Պատմություն ձեր ամենամեծ նվաճման մասին

Carpe diem: Սա իմ ամենամեծ նվաճումն ա երբևէ: Ավելին ես երբեք ի վիճակի չեմ լինի անելու: Ապրելու պահը շատ դժվար ա: Ականները ճանապարհին շատ են՝ քեզ իր հետ անդունդ տանող հոռետեսությունից մինչև անպատկառ ցինիզմ, ծիածանագույն սենտիմենտալությունից մինչև սերիալային, չարչիական տառապանք... Դու ցատկում ես մեկից մյուսը, երբեմն՝ վնասվում: Ինձ հաջողվել է առայժմ չպայթել դրանցից որևէ մեկի վրա:  Երբեմն գայթակղությունը շատ մեծ է, հատկապես երբ իմ շուրջը մեծամասամբ մարդիկ գնահատում են կյանքը հատվածներով, իսկ որոշ էական հատվածներում ես տապալվել եմ: Բայց ես դեռ նավարկում եմ:-)


Ես չեմ սիրում «Ամեն ինչ իր գինն ունի» արտահայտությունը: Ես չեմ սիրում կյանքը պարզեցնել մինչև տնտեսություն ու կենցաղ: Բայց կյանքում ամեն ինչ փոխկապակցված է, ու երբ մի տեղը ձգում-երկարացնում ես, մյուս տեղը կարճանում ու քչանում է: Փոխվում է, շարժվում է: Ու ես ապրում եմ, ինչպես միջատը ճամփեզրին. չկա անցյալ ու ապագա, կամ էլ էդ երկուսն էլ կան, բայց՝ հիմա:

Գինը, որ ես վճարում եմ, օրինակ իմ հիշողություններն են: Ես պահն ապրում եմ, բայց հաճախ մոռանում եմ հիշել դրա մասին: Եթե իմ պատմություններին նայեք, իմ անցյալ հիշողություններն ավելի գունեղ են: Անցյալում ես ավելի շատ դիտորդ էի, քան ապրող: Հիմա էլ սիրում եմ դիտել, բայց երբ աննկատ անցնում եմ ապրելու, հետո ուղղակի հիշում եմ, որ հաճելի էր: Հաճույքը մյուս ականն է...Ամեն տեղ բաժանարար գծեր կան՝ աննկատելի, բայց միանգամայն շոշափելի: Շոշափելի, ավաղ, միայն անցնելուց հետո...Իսկ հաճույքի թակարդն անգամ թակարդ չես անվանի, մինչև ինչ-որ բան ներսում չցավի:

Ես կորցնում եմ խելառությունը, գժությունը, բայց պահի մեջ տեղավորում եմ ամեն ինչ: Ես չեմ ուրախանում ու չեմ տխրում: Սուտ եմ ասում:-) Ուրախանում եմ, մինչև վերջ, բայց էդ նույն պահին, զուգահեռ, իմ մեջ հանգչում է դա, որովհետև ես արդեն զգում եմ, միաժամանակ ապրում եմ վերջը՝ ուրախության: Նույնը՝ տխրելիս: Պահն իմ վերջն ու սկիզբն անբաժան ա դարձնում: Ու դա մի ուրիշ տեսակ զգացողություն ա... դա ուրիշ որակ ա՝ անվերջանալի, գնահատականներից դուրս, լայն, մեծ, անչափելի... Ես տրվում եմ պահին, ամբողջությամբ: Հետևանքը՝ չունեմ, օրինակ, երազանքներ:

Անցյալ տարի պատահաբար հանդիպեցի իմ համալսարանական համակուրսեցիներից մեկին: Շատ հավես, հետաքրքիր դեմք ա: Ու ինձ համոզում էր, որ միանամ իրեն ինչ-ինչ գործունեության  մեջ, որի արդյունքում ես լիքը փող կունենայի: Ու ինձ հարցնում է, «Այ, օրինակ, ի՞նչ երազանք ունես»: Ես մտածում եմ, երևի մի երկու րոպե: Չունեմ: Երազանքը արտակարգ բան ա: Դա զարգացման ճանապարհն ա, դա կյանք ա: Ուրիշ տեսակ, հավես կյանք ա: Որ ինչ-որ պահի ես փոխարինել եմ պահով:

Ու երևի որպես ինքնաարդարացում՝ անվանում եմ դա «նվաճում»:-) Ստացվում ա, որ ես պատմեցի լիքը բաների մասին, որ կորցրել եմ, երբ «նվաճել» եմ պահը:-) Բայց ցանկացած նվաճում «զոհերի դիակների» վրա հաղթական դրոշ տնկել ա;-)

3 comments:

menaria said...

սիրում եմ, որ կողքս ես ու քամին քեզ տանում-բերում ա:)

Christina said...

:-)

Voltera de Hill said...

Էս ինչ լավն ես դու.... բլոգդ եմ փորփրում հիմա, ընտիրություն ա