Monday, June 17, 2013

12. Պատմություն ձեր սիրելի վայրի մասին

Ձեզ էս անգամ կպատմեմ մի էնպիսի վայրի մասին, որտեղ Հյուսիսային բևեռի սառույցն ու անդերկրյա մագման, պրերիայի կանաչն ու անապատի ոսկին, աղքատի թշվառությունն ու  հարուստի անտակ ագահությունը, ասպետի սուրն ու դավաճանի լեզուն հաջորդում են միամյանց րոպեների ընթացքում: Էստեղ դու ապրում ես մարդկության վերածնունդն ու աշխարհի վերջը, սիրո ծաղկունքն ու ատելության մտրակի հարվածները: Էստեղ դու դու ես ու քեզանից առաջ ու հետո ապրած ու ապրելիք մարդիկ: 


Անտառամեջ մի գյուղի երկհարկանի տներից մեկի երկրորդ հարկում մի սենյակ կար: Մեծ, շատ մեծ, որտեղ կար քարե մի պատ, արևամուտքերով երկու պատ ու էլի քարե մի կիսապատ: Էդ մեծ սեյակի ամենամեծ պատին էր հենվում ոսկեգույն մի բազմոց, որի դիմաց երկնագույն ծաղիկներով զարդարված վառ կարմիր գորգն էր, մի ցածլիկ սեղան ու երկու ոսկեգույն բազկաթոռ: Տարվա մեջ մի ամիս կար, իսկ ամսվա մեջ մի քանի օր, ու էդ օրերին մի քանի ժամ, երբ սենյակը լցվում էր զգլխիչ բուրմունքով ու արևագույն գիժ ճառագայթներով: Հունիսի կեսին տան այգում ծաղկում էր քաջվարդը, ու կեսօրին սենյակի ոսկեգույնը փթթում էր դրանց նուրբ վարդագույնով: 

Կեսօրին երկու տարեկան քույրս քնում էր՝ մի քանի րոպե անմոռաց խաղալով մազերի հետո: Եղբայրս ընկերների հետ կամ մենակ ուսումնասիրում էր այգին կամ անտառը: Ես ոսկեգույն սենյակում մենակ էի: Լուռ էր ամեն ինչ: Մերոնք պիտի վերադառնային երեք ժամ հետո: Իսկ երեք ժամը բավական էր այցելելու աշխարհի ամենաանհավանական անկյունները: Պիտի ընդամենը բացեիր գիրքը: 

Ես սկսեցի ճանապարհորդել աշխարհով մեկ անտառամեջ մի գյուղի երկհարկանի տներից մեկի ոսկեգույն սենյակից, որ աշխարհի տարբեր ու շատ սիրելի անկյուններից մնաց իմ ամենասիրելին: 

No comments: