Friday, May 31, 2013

3. Պատմություն ձեր մանկությունից

Մանկությունից ներկա ես անցնում եմ խճանկարե միջանցքով, որտեղ քարեր են պակասում, շատ քարեր, մանր-մունր, բայց շատ էական: Էնքան, որ իմ խճանկարը չի ավարտվում: Երբեմն աղոտանում, երբեմն էլ գունեղանում է՝ չսպասելով որևէ հրավերի: 

Պուճուր քար 1
Գյուղում էինք: Պապաս ու Լևոնը տուն էին սարքում: Քարերն ու ավազը, քրտինքը, ճակատին կապված թաշկինակն ու նկուղի առջև հոգնած ու համով ճաշերը հիշում եմ: Ես ինչ էի անում, երբ պապաս ու Լևոնը տուն էին սարքում, չեմ հիշում: Երբեմն էլ ուղղակի գնում էինք պապիս ու տատիս տեսնելու: Ցեղն էր գալիս Եղիշ պապին ու Անահիտ տատին տեսնելու: Մինչև իրենց հասնելն արդեն ահագին իրար պատմած էին լինում, թե ինչ կա չկա, որովհետև ավտոբուսի վերջին կանգառից մինչև մեր կամ պապիս տուն մի կես ժամ էր, երեխեքի հետ՝ 45 րոպե:

Ես շատ սիրում էի հետ գալը: Դիք չկար, իսկ ավտոբուս միշտ կար: Հոգնած իջնում էինք, նստում ու սպասում, թե երբ պիտի շարժվի:



Էդ օրը մի քիչ ուշ իջանք: Մթնշաղ էր: Մութ էր, բայց ավտոբուսում լավ էր՝ լուսավոր, հավես: Մի երկու կանգառ իջանք, մեկ էլ դռները բացվեցին ու մի կին մտավ ներս: Արտասվում էր: Գեղեցիկ, դեղնավուն, երկար, երեկոյան զգեստ կար հագին: Մի ուսը՝ պատռված: Շատ գեղեցիկ էր: Էդպես եմ հիշում էն խորքերից: Նույնիսկ չեմ հիշում որ խորքերից, բայց էնքան, որ ոտքերս չէին հասնում ավտոբուսի հատակին: Ակնապիշ, վախեցած նայում եմ իրեն, շուրջս: 

Մի տարեց կին անմիջապես մոտեցավ արտասվող կնոջն ու փորձեց հանգստացնել՝

- Ի՞նչ ա եղել, աղջիկ ջան:

Կինն արտասվում էր ու ինչ-որ բան պատմում՝

- Մաշինա... մուժչինի... 

Մինչև հիմա հիշում եմ էս բառերը՝ ինչպե՞ս, ինչո՞ւ, չգիտեմ: Ու չգիտեմ ինչպես է մինչև հիմա իմ ուղեղում ծվարել երիտասարդ ռուս կնոջ պատմությունը, թե ինչպես փողոցում մի մեքենա է կանգնել ու ինչ-որ տղամարդիկ հրավիրել են իրեն միանալ իրենց: Իր հրաժարվելուոց հետո մեկն իջել է ու սկսել քաշքշել՝ փորձելով մեքենա նստեցնել: Հենց էդ պահին կինը, նկատելով  մոտեցող ավտոբուսը, մի կերպ ճողոպրել էր ու իրեն ներս գցել: 

Չգիտեմ սա ես եմ հնարել, թե իրականում էդպես էր եղել: Երևի առաջինը՝ շատ հիմար սերիալային հանգուցալուծում է... Բայց կինը մինչև հիմա դաջված է ուղեղումս՝ ինչպես  է մտնում ավտոբուս, ինչպես է արտասվում՝ լղզորված շպարով աղավաղելով գեղեցիկ դեմքը, ինչպես է կիսափորձ անում ծածկել մերկ ուսը...

Պուճուր քար 2
Կարագ շատ եմ սիրում, ափսոս շատ չեմ ուտում:-) Գիտե՞ք ինչու: Երբ փոքր էի, հաճախ էի հիվանդանում՝ հազ, կոկորդ, հազարումի ցավ: Պապայիս հանձնարարված էր սուրբ մի գործ՝ ինձ ու Էդգարին կարագ ուտեցնել: Պապաս մեզ նստեցնում էր բազմոցին, ինքը նստում մեր կողքին՝ ձեռքին կարագով ափսեն: Սառացարանից նոր հանված քառակուսի  կարագով: Ու երկու թեյի գդալ: Գդալով կարագից փոքրիկ վարդեր էր սարքում, ու մենք ոչ միայն ուտում, այլև պահանջում էինք, որ էլի ու էլի ուտենք:

Բա հացուկարագները... դրանք պիտի խոստովանեմ՝ արվեստի գործեր էին:-) Մանավանդ, եթե տվյալ պահին տանը կարմիր մուրաբա էր լինում: Պապաս էնպես էր զարդարում հացուկարագը էդ կարմիր մուրաբայով, որ ափսոսում էիր ուտել: Ու չգիտեմ ինչպես էր անում, որ կծելիս էդ մուրաբան չէր կաթում:-)

Պուճուր քար 3
Մեզ մոտ չեն խոսում էդ մասին՝ երեխայի զգայական ու ինտելեկտուալ զարգացման մասին ժամերով կարելի է խոսել, իսկ ֆիզիկական հասունացման մասին՝ «վույ աման»: Ամենքս մեր «խորհրդավոր» պատմություններն ունենք էս մասին, բայց եթե մի օր անտառում կրակի շուրջ անկեղծանանք, կպարզվի, որ դրանք նույնքան խորհրդավոր են, որքան մեր հույզերի ձևավորման պատմությունները:

Ես միշտ բավականին նկատելի մարմին եմ ունեցել. սկզբում նիհար ու բոյով, հետո բոյով, բայց ոչ նիհար:-)))))) Ու երբ հիմնականում քեզ հանդիպելիս արձագանքում են էսպես՝ «վայ, ինչքան ա բոյովացել երեխեն», դժվար է անընդհատ մնալ ինտելեկտուալ հարթությունում ու անտեսել քո մեծացող կաղապարը:-) Երևի չորրորդ դասարանից հետո իմ մարմինն իմ հպարտությունն ու իմ անեծքն էր:-) Ես սիրուն չէի, որովհետև հազվադեպ էի ժպտում, հատկապես 7-րդ դասարանում, երբ մի օր ատամներս մաքրելուց հետո սկսեցի ուսումնասիրել դեմքս հայելում ու որոշեցի, որ ես հռոմեական կիսադեմ ունեմ (Ախմատովայի հռոմեական կիսադեմից ինձ մոտ շատ քիչ բան կար՝ միայն սուր ծնոտը), բայց շատ ծուռտիկ ատամներ, ուրեմն պիտի ինքս ինձ ազնվականի պես պահեմ՝ խորհրդավոր լռությամբ ու լրջությամբ պարուրեմ նվաստ անձս: Թուխ էի, անկառավարելի սև մազերով, որ սպիտակամաշկասեր մեր հասարակությունում փոքր «աիբ» չէր: -)))

Սիրուն չէի, բայց նկատելի էի: Էդ արդեն զզվելի պարադոքս էր, հատկապես «դեռահասնելու» ժամանակ, երբ քո պարզունակ, հեքիաթապատ, ամաչկոտ կյանքն է ներխուժում Էրոսը: Բայց քանի որ ես հակում ունեի  զոռ տալու ուղեղիս ու  անգամ խրախուսվում էի դրա համար,  Էրոսն ինձ մոտ որոշեց տեղավորվել  հենց էնտեղ, ոչ թե մարմնիս այլ մասերում.

Ալավերդում փոքր մորաքրոջս տանը, մասնավորապես խոհանոցում, մի թախտ կար: Թախտի տակ մի մեեեեծ դարակ ու էդ դարակում լիքը հնոտիք: Ամեն անգամ էդտեղից գյուղի կամ հատակը մաքրելու շոր հանելիս, սիրտս դող էր ընկնում. էդտեղ, էդ ամենի մեջ մի մարմնագույն, թափանցիկ ներքնազգեստ կար, որ դժբախտաբար, թե բարեբախտաբար, ո՛չ գյուղի համար էր պիտանի, ո՛չ՝ հատակի: Իմ մանկա-դեռահաս ողջ էությամբ ես էդ ներքնաշորում տեղավորել էի մեջս ահագնացող էրոտիզմը: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր էդ մարմնագույն թափանցիկությունն ազդում վրաս, ավելի, քան երբևէ որևէ մերկ մարմին:-))))))))))))) Էդ ներքնազգեստը երևի ոչ ոք երբևէ չի հագել, անգամ ես, որովհետև մինչև հիմա մեծ է ինձ: Ու դեռ շարունակում է իր պատվավոր տեղն զբաղեցնել հնոտիքի  մեջ, արդեն մեր գյուղում:-))))))))))




5 comments:

Anonymous said...

ինչ սիրուն ու ավելի զգայական ա ստացվում, երբ բովանդակությունն ու ուղեկցող ֆոնը http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=EoaPhxNubL0 հանկարծ իրար լրացնում են :)

Ձ.

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Դեմք :) էս ինչ հավես ես գրել: Ուղեղին զոռ տալու մասն էլ սպանեց:

Artashes said...

Amenahuzicha erkrord Պուճուր քար-n er indz hamar. U lav es grum verjers! :)

Anonymous said...

"խճանկարե միջանցք, որտեղ քարեր են պակասում, շատ քարեր, մանր-մունր, բայց շատ էական"

Մանկապարտեզիս հետևի պատը․․․:)

Christina said...

Հավես ա:-) Երբ գրում էի, չգիտեմ ինչու մտքուս Գառնիի տաճարի մոտի բաղնիքի պատն էր. լրիվ անկապ, որովետև մի անգամ եմ միայն էնտեղ եղել ու շատ աղոտ եմ հիշում:-)