Tuesday, November 9, 2010

Ռազմիկ Արոյան

Երեկ «Կինոաշուն» փառատոնի հերթական օրն էր, որ նվիրված էր Մհեր Մկրտչյանին՝ «Մեր մանկության տանգոն» ու իր մասին նկարահանված մի նոր ֆիլմի ցուցադրությամբ: Այս ֆիլմից հետո, որը հիմնված էր Ալբերտ Մկրտչյանի՝ Ֆրունզիկի մասին հիշողությունների վրա, նա դիմեց հանդիսատեսին ու ասաց, որ ինքն իրապես չի ընդունում այն գերակշռող մոտեցումը, որը Մհեր Մկրտչյանի մասին պատմում է որպես տառապած մարդու: Նա կարծում է, որ Մհեր Մկրտչյանը տաղանդ է ու հանրությանը պիտի  ներակայացվի որպես այդպիսին: 

Այս միջոցառումից ընդամենը երեք ժամ առաջ հանդիպեցի Մոլդովայի այցի առիթով հանդիպած իմ նոր ծանոթին, ով անտուն մարդկանց մասին մեր խոսակցության ընթացքում վերհիշեց այս միջադեպն իր կյանքից.

«Էն վատ տարիներն էին: Էն ժամանակ մամայանց տանն էի ապրում, հին ստադիոնի մոտ ու ամեն առավոտ ոտքով գնում էի գործի: Ճանապարհս Վերնիսաժով էր անցնում: Մի օր էլ էդ այգով անցնելիս մի բոմժի տեսա: Սկսեցի ամեն առավոտ հանդիպել: Ու զգում եմ, որ ինչ-որ ծանոթ բան կա: Էդ մարդն սկսեց ինձ հետապնդել, գիշերը պառկում եմ քնելու, հայտնվում ա աչքիս առաջ, երազում եմ սկսում տեսնել: Մի օր էլ էլ չդիմացա, կանգնեցի ու սկսեցի խոսել հետը: «Թթենին» կհիշես, չէ՞: Այ էն բոյով  մարդն էր, Ռազմիկ Արոյանը... Խմում էր, հարցրեցի ինչո՞ւ, ասաց եթե չխմեմ, կսառչեմ: Իսկապես, շատ ցուրտ էր, ու դա միակ տարբերակն էր չցրտահարվելու: Գնացի նախարարություն, փորձեցի տեղավորել գոնե ծերանոցում: Ստացվեց, տեղավորեցինք: Ամաչում էր բժշկի գնալ, որովհետև ահավոր ոջլոտ էր... Բայց ծերանոցում չէր դիմանում, ախր համ ինքն էր դեռ երիտասարդ, երևի մի 57 տարեկան հազիվ լիներ, համ էլ իր մակարդակի մարդիկ չկային: Որոշ ժամանակից հետո նորից սկսեց խմել, շատ դժվար կենվոր էր: Տնօրենն սկսեց բողոքել: Էդ ժամանակ ընկերուհուս խնդրեցի, որ նախարարին դիմի իր հարցով ու եթե հնարավոր լինի, տեղավորենք Վետերանների տանը: Համաձայնվեց նախարարը, ու ինքը տեղափոխվեց էնտեղ: Էդ ժամանակ Բելա Քոչարյանն էր եկել, ասեցի ինքն ա դիմել նախարարին Ձեր հարցով, բայց ինքը չհավատաց: 

Սկսեց երեխեքին ասմունքի դասեր տալ: Ինչ-որ սերիալներում նկարահանվել: Բայց նորից որոշ ժամանակ անցնելուց հետո սկսեց խմել: Երբեմն զանգում էր գիշերվա կեսին, ինչ-որ ահավոր բաներ խոսում: Վերջերս մահացավ... »

Այսօր տեսա այս հոդվածը. «Սկսեցի «բոմժի» կյանք վարել: Երեք ամիս շարունակ փողոցում` "Վերնիսաժի" նստարանին ապրեցի: Անցորդներն արդեն գիտեին, որ այնտեղ եմ քնում: Մի կին, որն ամեն առավոտ այդ ճանապարհով աշխատանքի էր գնում, առավոտյան անցնելիս տոպրակ դրեց ու անցավ: Մրգով և ուտելիքներով տոպրակ էր: Հաջորդ օրը կանչեցին սոցապ նախարարություն»:

... Տաղանդավոր մարդուն ապրել ա պետք... Պետք չի քչփորել նրա կյանքը, բայց պիտի ամեն ինչ անել, որ նա ապրի, եթե նա դեռ ուզում ա ապրել... Ինչպե՞ս  է Ռազմիկ Արոյանը հայտնվել փողոցում: Ինչո՞ւ սեպտեմբերին վախճանված այս մարդուն, ում թերթերը նկարագրում են որպես «հայտնի, անվանի, սիրված, տաղանդավոր», չկարողացանք տեր կանգնել: Չէ՞ որ նա արդեն մեզ, իր հանրությանն է պատկանում, ու մենք պիտի տեր լինենք իրեն: Դե որովհետև մեզ հրապուրում է ադամանդի շողքը, նույնիսկ եթե այն կեղծ է: Մենք «գլամուր» ենք սիրում, բամբասանք, քիթներս խոթում ենք հայտնի մարդկանց կյանքը, էնտեղ մեր չիրականացած երազանքն ապրելու համար, իսկ տառապանքը, դե, մերն էլ մեզ հերիք է: 

Ու շնորհակալ եմ Արփինեից: Մարդու ապրել ա գալիս, երբ նման մարդիկ կան: 

1 comment:

Anonymous said...

Իսկապես, մշտապես քթներս կոխում ենք նորելուկ, իրենց աստղ երևակայողների կյանքը, բայց մոռանում ենք մեր ազգի մեծերին, տաղանդներին,,,,, դժվար է ու...ցավալի.