Monday, November 1, 2010

Чужая среди своих

Երեկ «Ակվարիումի» համերգին լսում եմ բարձրահասակ ու կենսուրախ այս մարդուն, գրեթե առանց ճիգի իմն եմ դարձնում կյանքի մասին նրա փոքրիկ պատմությունները ու հանկարծ հիշում եմ նախորդ մի շաբաթը, երբ հայտնվել էի ԱՊՀ-ի տարբեր երկրներից Կիշինյով  (Ք-ով  միևնույնն է չեմ կարողանում արտասանել:-)) ժամանած ռուսախոս պետական չինովնիկների 30-հոգանոց խմբում ու կարոտում էի անգլերենը՝ նույնիսկ քոքնիական հնչողությամբ: Բայց անգլերենը վաղուց արդեն դարձել է իմը... Ինչևէ, խոսքը նույնիսկ սրա մասին չի, այլ թե ինչպես 50-55 տարեկան կազախը, ռուսը, վրացին ու հայը, հավաքված սուրճի սեղանի շուրջ, սկսեցին հիշել 80-ականների Մոսկվան, երշիկի հերթերը, 40-համարի կոշիկը, որ պետք չէր իրեն, բայց քանի որ հերթ էր կանգնել ու հաջողացրել էր հասնել այն պահին, երբ դեռ մի քանի զույգ մնացել էր դրանցից, ստիպված գնել էր՝ հետագայում իր համարով փոխարինելու ակնկալիքով: Հիշում էին իրենց ուսանողական տարիները՝ МГИМО, Московский университет, Политехнический... Ու  անցյալի կարոտն ամփոփում սենյակից դուրս թափառող ժպիտով՝ "И все-таки эта была наша родина..." 

Родина-ն դրոշմը թողել էր նաև Կիշինյովի վրա: Քաղաքի հիմնական պողոտայով՝ Շտեֆան էլ Մառեով քայլելիս ասես Երևանի Մաշտոցի պողոտայում լինես: Նույնիսկ կարող եմ ասել հատկապես որ մայթին՝ «Բուկինիստի»: Երկայնքով հինգհարկանիներ են ու ծառերի շարքեր: Ի տարբերություն Երևանի՝ այստեղ շատ են հին շենքերը, սակայն հիմնականում անմխիթար վիճակում՝ ժամանակին դեղին, վարդագույն, բաց կանաչ կամ սպիտակ ներկն այսօր խունացել, վերածվել է կնճռոտված ծեփի: Հաջողվեց տեսնել վերանորոգված երկու շենք միայն, որը թույլ տվեց կռահել, թե ինչու խորհրդային տարիներին Կիշինյովը հայտնի էր  որպես «Սպիտակ մարգարիտ»:

Բազմահարկ բնակելի բոլոր շենքերը փոքրիկ բակեր ունեին՝ զարդարված ծառերի փոքրիկ պուրակով, որտեղ տատիկներն ու թոռնիկները շարունակում էին միասին ապրել ու ծերանալ:  Շատ համով կոնֆետներ ունեն: Մինչև հիմա ամեն օր մի երեք հատ ուտում եմ ու շարունակում սպասել հաջորդ երեքին:-) Իրենց Grand Candy-ին կոչվում է Bucuria, որ ռումիներենից թարգմանաբար նշանակում է ուրախություն, հրճվանք: Միանգամայն արդարացված անվանում:-) Մոլդովացիների երիտասարդ սերունդն արդեն ռուսերեն չի խոսում: Չորս միլիոնանոց հանրապետությունից 500000-անոց արտագաղթ կա, 60%՝ Ռուսաստան և Ուկրաինա, 40%՝ հիմնականում Իտալիա, Պորտուգալիա և Իսպանիա: Վերջիններիս ընտրությունն իհարկե պատահական չի. պատճառը ռոմանական լեզուների ընդհանրությունն է, որ թույլ է տալիս մոլդովացիներին արագ սովորել իսպաներեն, պորտուգալերեն ու իտալերեն:

Մի քանի կարծրատիպեր միանգամից տեղում հերքվեցին: Որքան էլ գեղեցիկ է հնչում.
"Как-то летом на рассвете заглянул в осенний сад,
Там смуглянка-молдованка собирала виноград." երգը, թխահերներ շատ քիչ էին: Հանուն ճշմարտության պիտի նշել, որ ի տարբերություն սլավոնական շիկահերության, մոլդովուհիների մազերն իսկապես ավելի մուգ երանգներ ունեն, որի արդյունքում նրանց դիմագծերն էլ ավելի արտահայտիչ են:

Գնչուներ չեմ տեսել: Ընդհանրապես: Երբ հարցրեցի այդ մասին, ասացին, որ դեռ շատ տարիներ առաջ գնչուները հաստատվել են մի քանի գյուղերում, հատկապես Ռումինիային սահմանակից, և այլևս թափառաշրջիկ գնչուներ երկրի տարածքում չես գտնի:

Շաբաթ օրը հաջողվեց գնալ տեղի Վերնիսաժ ու հիանալ ասեղնագործությամբ: Հիասքանչ գունագեղ աշնանային ծաղիկները, որ զարդարում էին Цветочная փողոցը, այստեղ գրեթե նույն գունագեղությամբ հայտնվել էին բլուզների ու սեղանի ծածկոցների վրա:

Մի քանի միջին խավին միտված բրենդերի առկայությունը չէր բացառում այն փաստը, որ բնակչության մեծամասնությունն օգտվում էր թուրքական ապրանքներից: Ինչպես մեզ մոտ,  այնտեղ էլ միջին խավը չափազանց սակավաթիվ է վերոհիշյալ խանութներից օգտվելու համար:

Մի խոսքով, ասես տանը լինեի, բայց ինչպես անհանգիստ երազում, քո տունն այնքան էլ քոնը չէր:-)

2 comments:

ovanitas said...

Քիշնևում էլ կայի՞ն սև հագած, հավասար «չոլկայով» երիտասարդներ: Եթե այո՝ ուրեմն լիարժեք իրավուք ունեիր քեզ՝ ինչպես տանը զգալու :ՃՃ

christina said...

Ես էլ հա փորձում էի հասկանալ, թե ինչու տեղս չեմ գտնում: Հիմա իմացա պատճառը՝ նշված երիտասարդների բացակայությունը;-Ճ Թեև տղամարդիկ զգալիորեն զիջում էին կանանց իրենց գրավչությամբ (առայժմ միակ երկիրը, որտեղ փողոցում ինձ զգացել եմ ինչպես տղամարդը փողոցում (դե զգացողության մասին դիտարկումը զուտ ենթադրություն ա:-Ճ), Իսպանիան է. քայլում եմ ու հազիվ եմ հասցնում հիանալ մի տղամարդով, մեկ էլ կողքից մյուսն ա բուսնում:-ՃՃ), բայց առնվազն անկաշկանդ պահվածք ունեն: «հավասար «չոլկան» պահանջում ա համապատասխանորեն մտածված, կտրած-ձևած շարժուձև:-Ճ