Sunday, June 20, 2010

Kensington Gardens' Patchwork

Մայրամուտը մոտենում էր: Օդն էլ գնալով սառչում, ստիպում էր մտածել տաք թևերի կամ փափուկ բրդե ծածկոցի մասին: Բոլոր մեծահասակներին, բայց ոչ հուզմունքից շիկնած կարմրաթուշ երկամյա մանչուկին ու մեծ, թաց, սև աչքերով նրա քրոջը, ով ամենայն լրջությամբ կերակրում էր ափի մոտ հավաքված կարապներին: Արհեստական լճակի ափին երեխաները հիանում էին կարապներով կամ կերակրում նրանց, բադերին ու աղավնիներին, սրանք իրարից խլխլում էին հացի կտորներն, իսկ մեծերն ամփոփում էին արևոտ օրվա ցուրտ երեկոն՝ արագ-արագ անցնելով դեպի այգու ելքը տանող ծառուղին կամ նստարաններին նստած սպասելով թռչուններից էլ անհագուրդ հետաքրքրասիրությունից տառապող, ինքնամոռաց երեխաներին:

Բացի երկու մեծ ու մի պստլիկ: Մեծերից մեկը ճաղատ ու երկարամազ, ամբողջովին սպիտակահեր պապիկ էր: Չէ, չեմ սխալվել, հենց այդպես՝ ճաղատ ու երկարամազ: Սպիտակ մազերը թատերական կեղծամ-միրուքի պես ճաղատի կեսից փարթամորեն իջնում էին մինչև պարանոցի եզրը, իսկ լերկ ճաղատին համահունչ արևի վերջին շողերից փայլում էր մեեեեծ ու երկար քիթը:


Մյուս մեծը քառասնամյա բարձրահասակ տղամարդ էր: Папа Карло-ի ստվերում անհետանալուց նրան փրկում էր միայն շա­­՜տ բարձր հասակը:

Փոքրիկը հինգ-վեց տարեկան բարետես տղեկ էր, ում պայծառ աչքերն անհամբեր հետևում էին մե՛կ պապի, մե՛կ էլ հոր շարժումներին. ախր ինչպե՞ս պիտի տուն վերադառնա առանց սիրելի գնդակի, իսկ սա որոշել է խռոված ու անշարժ գլուխ թեքել տիրոջից՝ հայտնվելով լճակի կանաչ ջրիմուռների մեջ, ափից մի տասնհինգ մետր հեռավորության վրա: Այն էլ Աշխարհի գավաթի խաղերին:

Երբ մոտեցանք նրանց, պապիկը փորձում էր նարնջագույն փրկարար օղակով որսալ կորուսյալին: Ամեն անգամ օղակը հայտնվում էր ուղիղ գնդակի առջև. ոչ հետևում, որ կողքին, ոչ էլ շուրջը: Միայն դիմացը: Չորրորդ թե հինգերորդ փորձից հետո Բարձրահասակը որոշեց, որ միգուցե բախտն իրեն որոշի ժպտալ, ո՞վ գիտի: Մինչ նա պատրաստվում էր հերթական նետմանը, հետևից լսեցինք արագ-արագ, ասես զայրացած, խոսակցություն, որն ընդմիջվում էր զսպված ծիծաղով.

- Տոն սյան բեն կա բոն....
- Շըդա հա նգու չը մա դզե դոն....

Դե չինացիք երևի փորձում էին չափել նետման անկյունը: Իսկ Բարձրահասակին ո՛չ իր հասակն օգնեց, ո՛չ էլ չինացիների ու մեր աղմկոտ խրախուսանքը. գնդակը մի քիչ էլ հեռացավ:

- Հա շըն մը դյան չեն, - չինացիներից մեկը մոտեցավ Բարձրահասակին ու ձեռքը մեկնեց դեպի օղակը:
- Միա դիսպաաաաչի, նո տի պռիոկուպաաաառե....,- վրա բերեց Բարձրահասակը:

Չինացու օղակը հայտնվեց, ուղիղ երեք անգամ, կարապների մոտ, որոնք դեռևս հացի փշրանքներ էին փնտրում գնդակից հինգ մետր հեռավորության վրա: Մյուսները ծիծաղից արդեն փորներն էին բռնել, իսկ Բարձրահասակը երկրորդ նետումից հետո մոտեցել է չինացուն ու փորձում է համոզել, որ զգույշ լինի, ափը թաց է, ինքն էլ քիչ էր մնում քթի վրա շուռ գար սայթաքելու պատճառով.

- Չի վեիդամո դոմաաանի...
- Կո մա ծի շոն գա հա լա...

... Իսկ այս ընթացքում քամին գնդակը գլդորիկ-մլդորիկ մոտեցրեց ափին: Папа Карло-ի երկրորդ նետման արդյունքում օղակն ուղիղ գիրկն առավ նրան ու չինա-իտալա-հայկա-արաբա-անգլիական հորդառատ գոռում-գոչյունի ներքո գնդակը հանդիսավոր հայտվեց փոքրիկի գրկում:-)

2 comments:

Anonymous said...

Krist jan,
es chinaren yerb hascrecir sovores? :)
Dz.

christina said...

Նույն ժամանակ ինչ կորսիկերեն կամ իտալերեն, Ձյուն ջան;-)