Thursday, June 24, 2010

Auld Reeki

«Մառախլապատ» կամ «գարշահոտ»՝ ասում են, reekie-ն երկիմաստ բառ է, ու մինչև օրս էլ չեն կարողանում նեղել իմաստներից մեկն այնքան, որ մնա միայն մեկը: Թեև իրականությունն արդեն մի քանի դար է, ինչ ազատվել է գարշահոտությունից՝ Էդինբուրգը կամ Auld Reekie-ին թողնելով հիմնականում ամպերից խոժոռված ու գորշ մառախուղով պարուրված, բայց՝ գարշահոտությունից միանգամայն զերբազատված:

21-րդ դարում այս քաղաքը սիրում են: Իր բնակիչները: Ուրիշ քաղաքների բնակիչները: Ինչո՞ւ: Ինչպես ցանկացած սեր, հենց փորձեցիր բացատրել, մեկ էլ տեսար սեր չմնաց:-) Ու սիրո անբացատրելիությունից ծնվում են  պատմություններ ու լեգենդներ.

«18-րդ դարի երկրորդ կեսերին Էդինբուրգը բազմաթիվ հարգարժան բնակիչներ ուներ, որոնց թվում արհեստավորների գիլդայի պատվավոր նախագահ Ուիլյամ Բրոդին: Հարգված էդինբուրգցի էր, բարեպաշտ, հարուստ, ընտանիքի լավ հայր ու լավ ատաղձագործ: Բայց մի երկու թերություն ուներ, աննշան: Մի քիչ խաղամոլ էր, մի քիչ կնամոլ ու մի՜ի՜ի՜ քիչ էլ ձեռից  բաց. ծախսում էր աջուձախ: Երեք տարբեր կանանցից (մի օրինական կին, երկու «օրինական» սիրուհի) հինգ երեխա ուներ ու լավ էլ պահում էր բոլոր ընտանիքներին: Մինչև էն օրը, երբ պանդոկում պարտվեց վերջին փենին: Բրոդին շարունակեց պահարաններ սարքել, մեկն էլ Ստիվենսոնների համար, որ տեղադրեցին փոքրիկ Ռոբերտի սենյակում: Իսկ էդ ընթացքում, մինչ նա պահարաններ էր սարքում, Էդինբուրգում սկսեցին խոսել ոսկի սիրող ուրվականի մասին, որ գիշերով թափանցում էր հարուստների տներն ու առանց որևէ դժվարության, առանց որևէ կողպեք ջարդելու մտնում ներս, թալանում բոլոր գաղտնի պահարններն ու դուրս գալիս: Առանց որևէ հետքի... Մի քանի ամիս շարունակ ողջ քաղաքն ահուսարսափի մեջ էր, մինչև մի օր էլ Բրոդիի ագահությունն ու հանդգնությունը ձեռ-ձեռքի տված հրահրեցին հարգարշան քաղաքացուն զինված հարձակման անցնել իր երեք աննշան զինակից-գողերի հետ միասին: Էդինբուրգյան ուրվականը ցերեկով միս ու արյուն ստացավ. կոչում էին նրան Ուիլյամ Բրոդի, ով օգտվելով իր արհեստից մինչև տիրոջը պահարանի բանալին հանձնելը, մոմի վրա դաջում էր բանալու ձևը, հետո գիշերվա սև սատանի նման լուռումունջ թալանում նրա ունեցած-չունեցածը:

Ասում են, Բրոդիին կախաղան հանեցին հենց իր պատրաստած կառափնարանում, թեև նույնիսկ վերջին պահին նա կարողացավ կաշառել դարբնին, ով մետաղե ձող անցկացրեց նրա վզին դատավճռի իրականացման նախորդ օրը, ու դահճին, ով խոստացավ պարանը կարճ կապել: Բրոդին կարծում էր, թե երկաթյա օղակն ու կարճ պարանը թույլ կտան ժամանակ շահել, մինչև ինքը կկտրի պարանն ու կփախչի. դրանց շնորհիվ հնարավոր կլիներ կանխել շնչարգելքը:

Սակայն, բախտի քմահաճույքները նույնքան անկանխատեսելի են, ինչպես արևի շողերն Էդինգուրգում. պարանը կախելու ժամանակ դահճին է մոտենում բանտապահն ու նրա ուշադրությունը հրավիրում պարանի երկարությանը. Էդինբուրգը կորցնում է իր հարգարժան քաղաքացուն, իսկ դահիճը երեկոյան պանդոկում նշում է իր կրկնակի վարձատրությունը՝ մեկը մահապարտի, մյուսը նրան դատապարտողների կողմից»:

***
«Այ, կանգնացրեք ցանկացած էդինբուրգցու ու հարցրեք, թե ովքեր են Բըրքն ու Հեըրը: Ձեզ կպատասխանեն, որ նրանք երկու իռլանդացի մարդասպաններ են... ու մարմնագողեր: Կամ ինչպես 19-րդ դարի սկզբին էին կոչում դիակների «որսով» զբաղվողներին՝ «հարություն տվողներ»:

Իռլանդիայից գաղթելով Էդինբուրգ` էս երկուսն սկսում են փող  աշխատելու համար անել ինչ պատահի, մինչև մի օր էլ տանտերը, ում մոտ սենյակ էին վարձում, հարմարավետորեն մահանում է, առանց ժառանգների: Սրանք շարունակում են վերջինիս գործը: Մի օր էլ հայտնաբերում են, որ կենվորներից մեկը մահացել է առանց վճարելու վերջին մի քանի ամսվա գումարը՝ ամբողջ հինգ փաունդ, որ այսօր համարժեք է մոտավորապես 300 փաունդի: Զայրացած տանտերերը որոշում են ... հանգուցյալի դիակը վաճառել Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետին: Էդ ժամանակ անատոմիական հետազոտությունների համար թույլատրվում էր օգտագործել միայն մահապատժի ենթարկված հանցագործների դիակները, մինչդեռ գիտության արագ աճն ստիպում էր որոշ բժիշկների շրջանցել օրենքի տառն ու աչք փակել դիակի ձեռքբերման աղբյուրների վրա:

Ինչևէ, Բըրքն ու Հեըրը կենվորի դիակի համար ստանում են ութ փաունդ ու մի քանի օր հետո, երբ հանդիպում են իրենց հիվանդ կենվորին, վերջինիս հիվանդությունն այլևս երկար չի տանջում նրան: Նրա դիակի համար էս երկուսն արդեն տաս փաունդ են ստանում ու համն ընկնում է բերանները: Սկսում են տուն հրավիրել քաղաք եկած աղքատ անծանոթներին՝ գայթակղելով նրանց սենյակների ցածր գներով: Ինչպես Բրոդիի դեպքում, այս անգամ էլ ագահությունն սկսում է որդի պես ուտել սրանց ուղեղը. ագահությունն անսահման է ու... մեծ չափերի դեպքում՝ անզգույշ:

Մի օր էլ Բըրքն ու Հեըրը իրենց տուն են հրավիրում էն ժամանակվա Էդինբուրգի Հին քաղաքի ամենահայտնի մարմնավաճառուհուն ու նրա ընկերուհուն: Երբ հաջորդ օրը դիահերձարանի սեղանին մի խումբ բժիշկներ փորձում են հերձել երիտասարդ կնոջ մարմինը, երկու ուսանող սփրթնում են ու կասկած հայտնում նրա մահվան հանգամանքների մասին, քանի օր նախորդ  օրը Մերին, միանգամայն առողջ,  հրաշալի պահեր էր պատճառել այս երկուսին: Քաղաքն սկսում է փնտրել մարդասպանին, իսկ նրանց օգնում է մարմնեղ իռլանդուհին, ով նախորդ դեպքից մի քանի օր հետո պանդոկներից մեկում գարեջրային մրցույթի մեջ է մտնում Բըրքի ու Հեըրի հետ, իսկ վերջիններս մոռանալով, թե ում հետ գործ ունեն (հարբածությունը դեռ ծնկի չի բերել ոչ մի հպարտ իռլանդուհու), փորձում են սպանել նրան իր սենյակում, որն իրենց հյուրանոցում էր: Քանի որ  իրենք հալից ընկած էին, իռլանդուհին էլ մարմնեղ ու ... իռլանդուհի, երկար ծեծկռտոցից հետո միայն կարողանում են դանակի մի քանի հարվածով լռեցնել նրան ու հազիվ հասցնում են մարմինը պահել նրա մահճակալի տակ: Մինչև հաջորդ օրը կարթնանային, մյուս կենվորը հայտնաբերում է մարմինն ու ոստիկանությանը հանձնում երկու մարմնագողերին: Հեըրը Բըրքի դեմ վկայություն տալով՝ փորձում է ճողոպրել քաղաքից, բայց ասում են դեպի Լոնդոն գնացքի մեջ ճանաչում են նրան ու կես ճանապարհին քարկոծելով սատկացնում... »

***
«17-րդ դարում Էդինբուրգը հիանում, չէր կշտանում քաղաքային պահակազորի կապիտան բարեպաշտ Թոմաս Ուիրով: Առավել ջերմեռանդ քրիստոնյա քաղաքում դժվար էր գտնել: Ու այսպես տասնյակ տարիներ, մինչև յոթանասունամյա Ուիրը, արդեն մահման մահճում, խոստովանում է, որ ամբողջ կյանքում սատանապաշտ է եղել, զբաղվել է կախարդությամբ ու քնել քրոջ հետ, ով իր հերթին միայնակ  բարեպաշտ քրիստոնյա էր: Բոլորը կարծում են ցնդել է պառավը, բայց երբ համառում է ու ավելի վատ, սկսում ապաքինվել, ստիպված հարցաքննում են քրոջը, ու սա խոստովանում է, որ որպես ամուսին ապրում են արդեն ավելի քան մի քանի տասնամյակ: Քաղաքի շունչը կտրվում է: Մահապատժի են ենթարկում երկուսին էլ ու ավելի քան հարյուր տարի ոչ ոք չի համարձակվում բնակվել Ջին Ուիրի տանը...»

***
Ասում էին, պատահական չի, որ Էդինբուրգի երկակի կյանքը պատրանքներով էր լցրել Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վառ երևակայությամբ հարուստ միտքն, ու այդ պատճառով, դեռ Ֆրեյդից առաջ, նա սկսեց խոսել անգիտակցականի մասին: Մառախլապատ Էդինբուրգի Հին քաղաքում գորշությունը դարանակալել է ու սպասում է հերթական պատմությանը, բայց մարդիկ թաքնվում են պանդոկներում՝ գարեջրի բաժակների հետևում ու սպասում արևի շողերին, որոնց ներքո կսկսեն պարծենալ իրենց մարտական սխրանքներով, լեռնցու խրոխտությամբ, լճերի փափկությամբ ու գունագեղ բնության բազմերանգությամբ:

No comments: