Wednesday, June 30, 2010

Վատ սովորույթ

Ամենավատերից մեկը՝ ամեն ինչ վերլուծել:

Օրինակ. սովորաբար հաղորդակցման ամենակարևոր նպատակներից մեկը համարվում է մտքերի փոխանակությունը, որն արդեն երկխոսություն է ենթադրում: Ես միայն վերջերս եմ նկատել, որ մեր հաղորդակցությունների գրեթե  մեծամասնությունն ըստ էության մենախոսություն է... «Ես»-երի մենախոսություն, որը երկխոսության պատրանք է ստեղծում միայն ձևի շնորհիվ. անմիջական ականջի, երկրորդ «ես»-ի ականջի առկայության շնորհիվ:

Մենք ուղղակի բարձրաձայնում ենք մեր մտքերը: Փոխանակում ենք, ճիշտ է,  բայց ես ասում եմ իմ մասին, դու՝ քո մասին, իրար կողքով անցնում են էդ եսավորված մտքերը ու վերջ: Կանգառ չկա, որտեղ կբախվեն կամ կփարվեն, բայց երկու դեպքում էլ ֆիզիկապես իրար հպվելուց հետո, մի քիչ ուրիշի «ես»-ով կեղտոտված կամ սիրունացած հետ կգան դեպի քեզ ու քոնը կդառնան:

- Ապրես երեկվա համար: Հուսով եմ, համերգը լավն էր:
- Դու էլ ապրես: Լավն էր, հատկապես երկրորդ մասը, Չայկովսկու վեցերորդ սիմֆոնիան:
- Այգում եմ, մտածել է պետք: Ուղեղս մաքրել է պետք:
- Ես էդ ժամանակ քամին եմ լսում ծառերի մեջ:
- Կփորձեմ, ապրես, որ ասեցիր էդ մասին:

- Ապրես երեկվա համար: Համերգը ո՞նց էր: Բա՞ն ասաց քեզ:
- Դու էլ ապրես: Լավն էր, հատկապես երկրորդ մասը, Չայկովսկու վեցերորդ սիմֆոնիան:
- Ինչո՞ւ: Ինչո՞ւ դուր եկավ:
- Գիտե՞ս, լսում էի Չայկովսկուն ու մի պահ, էդպես հաճախ չի լինում, բայց երբ պատահում է, հրաշք է... երբ կարողանում ես ուղեղդ դատարկել ու ներս թողնել միայն երաժշտությունը, երբ լսում ես ամեն մի ու բոլոր գործիքները, միաժամանակ: Ու ներսում երաժշտությունը բարձրանում ա, լցվում ա, ու դու դառնում ես համակ երաժշտություն:
- ...
- Դու զգացե՞լ ես դա երբևէ:
- ...
- ... Ի՞նչ ես անում: 
- Այգում եմ, մտածել է պետք: Ուղեղս մաքրել է պետք:
- ... Ուզո՞ւմ ես խոսել:
- Չգիտեմ:
- Ես էլ չգիտեմ ինչ ասել: ... Ավելի լավ բան չեմ կարող ասել, պիտի լռեմ:
- Մի լռի:
- Ես էդ ժամանակ քամին եմ լսում ծառերի մեջ:
- Կփորձեմ, ապրես, որ ասեցիր էդ մասին:

Սրանցից ո՞րն է երկխոսություն:

Երկխոսությունը հնարավոր է, երբ դուրս ես գալիս «ես»-ի միջից, սովորաբար հարցով: Դա դժվար ա...

No comments: