Tuesday, June 8, 2010

Հայոց լեզվի և գրականության միասնական թեստ 1

Մինչև ինչ-որ բան գրելը մի քանի փաստ (կամ վերջերս կատարված փոփոխությունների համաձայն արդեն «մի քանի փաստեր»), որոնց մեջբերումն այստեղ հուսով եմ կպարզաբանի իմ դիրքորոշման համատեքստը.

- Հայոց լեզու և գրականություն առարկաները միշտ սիրել եմ, բայց սերս դպրոցական պատերից դուրս չի եկել. երկու առարկայից էլ ինչ-որ սովորել եմ, սովորել եմ խորհրդային տարիների միջնակարգ դպրոցում: Հայ գրականությանը լավ ծանոթ չեմ: Կարդացել եմ դպրոցական առարկայական ցանկով նախատեսված գրեթե բոլոր վեպերն ու պատմվածքները, բայց շատ հազվադեպ եմ հուզվել այնքան, որ բացի պարտադիր գրականությունը այլ գործեր կարդամ: Հայկական դպրոցում կրթվելով՝ գրեթե հավասարաչափ ռուսերեն  եմ կարդացել, իսկ համալսարանից սկսած՝ նաև անգլերեն: Միգուցե դա էր պատճառը, որ երբ սկսեցի շփվել այլ դպրոցներից իմ հասակակիցների հետ (սպորտային դահլիճում, հայոց պատմության մասնավոր դասընթացի ժամանակ, օլիմպիադաներին), նոր ծանոթներս միշտ զարմանում էին, երբ չէի տալիս 4-րդ, 11-րդ և 14-րդ դպրոցների անունները. Կիրովականի ռուսական դպրոցներն էին: Ինչևէ, որպես ամփոփում. այն ամենն ինչ հիշում եմ հայոց լեզվից 80-ականների վաղեմություն ունի:

- Թեստեր (իմիջիայլոց, ինչո՞ւ անգլերենից փոխառված test բառի t հնչյունը հայերենում հնչյունափոխվել է բառասկզբում թ-ի, իսկ բառավերջում՝ տ-ի) և քննություններ ատում եմ սկզբունքորեն և մասնագիտորեն (որպես լեզու դասավանդող, բայց ոչ հայոց լեզու). ֆորմալ կրթության անբաժանելի մասն է, սակայն ուսանելու երդվյալ թշնամիներից մեկը: Այդուհանդերձ, որպես ֆորմալ կրթություն տրամադրողներից մեկը, ինքս չեմ կարող խուսափել դրանց կիրառումից և տարիների ընթացքում համոզվել եմ, որ հնարավոր է կազմել թեստ (քննությունն առայժմ մի կողմ թողնեմ, քանի որ խոսելու եմ մասնավորապես թեստի մասին), որն ավելի լավ (համապարփակն ու ամբողջականը բացառվում է) կարող է չափել (ստուգելու համար թեստերը պարտադիր չեն) սովորողի գիտելիքը, քան մեկ այլ թեստ: Ամենահաջողված հանրահայտ փորձերից մեկը անգլերենի TOEFL թեստն է։

- Ներքոհիշյալ թեստի 80 հարցերից հասցրեցի պատասխանել առաջին քսանհինգին և դրանցից ճիշտ եմ պատասխանել միայն քսաներեքին: Քերականական բազմաթիվ սահմանումներ գրեթե բոլորովին չեմ հիշում արդեն:

Երկար-բարակ նախաբանից հետո անցնեմ http://www.atc.am/ կայքից վերցված հայոց լեզու և գրականություն առարկաներից առաջին թեստի բավականին մակերերսային քննարկմանը:

ա. Ընդհանուր դրույթներ թեստի մասին
- Տարրական ճշմարտություն ամենամիջակ հմտությունների տեր թեստ կազմողի համար. պետք է նշել թեստի տևողությունը: Չկարողացա գտնել, թե որքան է տևում 80 հարցից բաղկացած թեստը, ո՛չ թեստի նախաբանում, որն ուղղված է աշակերտին, ո՛չ էլ ուղեցույցում:

- Հարցերի ու հրահանգների պարզությունը պիտի երաշխավորի սահմանափակ ժամանակի արդյունավետ կիրառումը: 35-րդ հարցով կարծես թե ավարտվում են հայոց լեզվին վերաբերվող հարցերը ու սկսվում են գրականությանը կամ գրականագիտությանն առնչվող հարցեր: Ոչ մի տարբերանիշ: Մինչդեռ, կան չէ՞ աշակերտներ, ովքեր նախապատվություն են տալիս մեկ կամ մյուս առարկային, իսկ տեսողական տարբերանիշը հնարավորություն կընձեռեր նրան ավելի արդյունավետորեն աչքի անցկացնել թեստն ու անցումներ անել հարցերի միջև:

51-րդ հարցն ազդարարում է Մակարդակ Բ-ի սկիզբը: Փորձում եմ հասկանալ, որն է Ա և Բ մակարդակների տարբերությունը: Բացում եմ ուղեցույցը: Մեջբերում եմ.
«Թեստը բաղկացած է Ա և Բ մակարդակներից: Ա մակարդակի առաջադրանքները վերաբերում են ավարտական քննությանը և միասնական քննության ավարտական մասին: Միասնական քննությունը պարունակում է Ա և Բ մակարդակները (для чайников, что ли?): Ա և Բ մակարդակներում ընդգրկված են թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության հարցեր, ընդ որում՝ երկու մակարդակներում ներկայացված են հայոց լեզվի բոլոր բաժինները հետևյալ համամասնությամբ....»

Ինչ-որ մեկը կարող է ինձ բացատրել ինչ է նշանակում ընդգծված մասը: Բ մակարդակն ի՞նչ է, ո՞ւմ համար է, ինչո՞ւ է դրված թեստի մեջ, եթե միայն Ա մակարդակն է վերաբերվում ավարտական քննությանը: TOEFL-ում կան հարցեր, որոնք ներառված են քննության մեջ թեստի ձևավորման նպատակով. ստուգվում է տվյալ հարցի «կենսունակությունն ու նպատակահարմարությունը» (փորձեմ եմ խուսափել թեստի կազմման տերմինաբանությունից): Թեստ կազմողները ռեալ պայմաններում փորձարկում են հարցը, որպեսզի որոշեն, այն կարո՞ղ է դառնալ նոր թեստի մաս, թե՞ ոչ: Սակայն, թեստի մեջ հստակ նշվում է, որ այդ հարցը չի գնահատվելու: Մակարդակ Բ-ի նպատակը ո՞րն է:

- Թեստի ձևավորման մեկ այլ անկյունաքարային սկզբունք. պարզից բարդ: Շատ թե քիչ պահպանված է հարցերի հաջորդականության մեջ։ Սակայն դիտարկենք հարցի պարզությունը։ Օրինակ՝ հարց 43: Պահանջը՝ Տրված են հատվածներ Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի ստեղծագործություններից. ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ նշում բանաստեղծական հատվածի համապատասխանությունը վերնագրին: Հիմա տեսնենք աշակերտը քանի քայլով կարող է հասնել այս հարցի պատասխանին.
ա. կարդալ չորս քառատողերը (1, 2, 3, 4)
բ. կարդալ վերնագրերը, որոնք հինգն են (ա, բ, գ, դ, ե)................. ԻՆՉՈ՞Ւ
գ. համապատասխանեցնել վերնագրերն ու քառատողերը, օրինակ, 1-ե
դ. գտնել համապատասխան տառաթվակապակցությունը տրված չորս շարքերի մեջ:

Ես ուղղակի ապշած եմ... Ի՞ՆՉ է ստուգում նման հարցը: Նշված հեղինակների ստեղծագործությունների իմացությու՞ն: Վերլուծական մտքի առկայությու՞ն: Ի՞նչ: Ո՞րն է այս հարցի նպատակը: Եթե առաջինը, ինչո՞ւ առանց այն էլ բավականին լարված քննական մթնոլորտը շիկացնել հարցի նման անիմաստ բարդ կազմությամբ: Չկա՞ ավելի արդյունավետ հարց, որով կարելի է չափել տվյալ իմացություւնը: Թեստի միջոցով չի կարելի է մի կրակոցով երկու նապաստակ սպանել, դա հակասում է թեստի բնույթին, իմաստին: Թեստը փորձում է չափելի դարձնել գիտելիքը, որն անչափելի է: Բայց եթե դա անխուսափելի է, ուրեմն պետք է հետևել խաղի ՀՍՏԱԿ կանոններին. թիվը չափում է ՄԵԿ հասկացություն: Ընտրեք մեկ քառատող, չորս վերնագիր: Շատ եք ուզում չորս բանաստեղծն էլ լինել, չորս առանձին հարց կազմեք: Կամ դասագրքային ստեղծագործություններից ընտրեք չորս տարբեր բանաստեղծների քառատողեր և հարցրեք. ա, բ, գ, դ քառատողերից որի՞ հեղինակն է ասենք Թումանյանը: Թեստը պարզ պիտի լինի, ու՞մ եք ուզում ինչ ապացուցել: Խորությո՞ւն եք ուզում, ուրեմն մոռացեք թեստի հարմարավետությունը: Պարզունակությունը (չշփոթել պարզության հետ, սա շատ դժվար է տրվում) ձեր քիմքի համար չի՞, ուրեմն չվերցնեիք ՀԲ փողերը: Իսկ հիմա, գոնե կեղծավորություն մի արեք՝ փորձելով մոծակի պես վեր-վեր թռչել իր ճամփով շարժվող անտարբեր փղի հաստ կաշվի վրա... Կատաղում եմ արդեն...

բ. Մի քանի հարց այն քսանհինգ հարցերի մասին, որոնք նայել եմ:
Հարց 12. Պահանջվում է հականիշների զույգեր պարունակող շարքերից առանձնացնել այն, որտեղ կան ոչ հականիշներ­: Երկրորդ շարքում որպես հականիշներ տրված է ուղղագիծ-կորագիծ: Սրանք իսկապե՞ս հականիշներ են­:
Հարց 20. «ազգանուն» բառը ներքին -ա- հոլովմա՞ն բառ է: Եթե այո, ինչո՞ւ այդպիսին չեն «տոհմանուն» և «հայրանուն» բառերը:

Լավ, այս ամեն ինչը մի կողմ: Այս թեստերը ինչպե՞ս են կազմվում: Դա թեստի գաղտնիության հետ կապ չունի: Առանձին անուններն այս դեպքում էական չեն, չնայած Հայաստանում անունը հավասար է գործընթացի որակին, բայց ինչպես են մշակվում թեստի հարցերը, որտե՞ղ են ստուգվում, կա՞ քննարկում, թե ինչ-որ հանձնաժողով հանձնարարում է իր անդամներն, դու էսքան հարց բեր, դու էնքան ու իրար կպցնելով կազմվում են այս թեստերը: Թեստ կազմող խումբը ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ իր անդամները մասնավոր դասեր չեն կազմակերպում: Ընդամենը երկու տարի առաջ տվյալ թեստը կազմող անձանցից մեկը ոգևորված խոսում էր իր մասնավոր աշակերտների հաջողությունների մասին... Ո՞ւր մնացին մեծ-մեծ բառերը գործնական հմտությունների մասին: Քանի տարի է չափորոշիչ էին գրում, ո՞ւր մնացին սրանք: Այս թեստը հանձնողն արդյո՞ք կարող է դիմում գրել, շարադրություն, իր խոսքում՝ գրավոր, թե բանավոր, գործածել «անբասիր», «փութեռանդ», «բանուկ» բառերը...

Ինչ ասեմ, մանր խնդիրներ են, մինչդեռ մենք մեծ կռիվ ունենք. մրցունակ անհատներ պիտի կրթենք...

3 comments:

Anonymous said...

Enpes haves a, erb "kataghum es"!! :))) Qefs talis a!

Lsi, en 43-rd hartsa GRE-i tipi harts a, FAYMN a stugum, voch te giteliqa! :) Lurj em asum, yes voch mi qaryak chkaroghatsa HASTAT tegha berel, bayts ete gone meka-erkusa gites, kkaroghanas tramabanutyamb jisht patasxan gtnel.
Orinak, ete 'ndunenq, vor "Ey hin tsanotner, ey kanach sarer" togha "Tmkaberdi arum"-its a, uremn miak hnaravor jisht patasxana 3)-n e. Myus koghmits, ete usanogha hastat chgiti, te ayd togha vorteghits a, u tesnum a, vor mnatsats bolor tarberaknera matnatsuyts en anum "Anush"-in, arden sksum a havanakanutyunnera mtovin hashvarkel, ev ayln, ev ayln.
Mi xosqov, hnaravor a, vor faymogh usanogha, arants VOREVE konkret gorts imanalu (bayts gone amen heghinaki vojin mi qich tsanot linelu depqum) karoghana analitik kerpov jisht patasxana hashvarkel. Isk mi qich anfaym usanogha 4-its erkusa kam nuynisk ereqa imana, bayts xarnvi irar u sxalvi...
INCH EN stugum` mtqi analitik jarpkutyuna te nyuti imatsutyuna?? Shat karevor a hstakoren nshel, te amen testa inch a stugum!!
Karj asats, hamadzayn em qez het! :)))

Lusine said...

Ապրես Քրիստ ջան, սիրում եմ գրածներդ! Թույլ կտա՞ս ֆբ-ում էս գրածդ դնեմ:

Ու շուտ-շուտ գրի էլի!

christina said...

Լուսինե ջան, իհարկե թույլ կտամ, եթե ինչ-որ օգուտ կտա;-)Ինչպես միշտ ուշացումով, բայց հուսով եմ մի քանի օր հետ նորից ավելի կանոնավոր կկարողանամ գրել ,միգուցե նաև հաճախակի:-)