Tuesday, February 23, 2010

Ալավերդի

Բաբոյի ու պապիկի փայտե տունը, որի ներսում «Կլեկչի[1] պապիկի» սարքած «պեչկն» էր, պեչկի կողքի թախտը, պլեճի[2] ու բաբոյի պատմած հեքիաթների ծխե բուրմունքը: Տան առջևի այգին, որ 3-4 տարեկանում ինձ թվում էր անանցանելի, մութ անտառ: Սաթիկ մոքորի՝ պապիցս ժառանգած պայծառ ժպիտն աչքերում ու անդադրում ձեռքերը, որ բերանում հալվող, անուշաբույր տաք գաթաներ ու քաղցրահամ կալաներ էին պատրաստում ցեղի հերթական քեֆի համար: Անո մոքորի տունը, որ ամեն անգամ այցելելիս զարմացնում էր վերջին նորարարության առկայությամբ ու ռայկոմի մասին անվերջանալի պատմություններով: Ռիմա մոքորի իններորդ հարկում գտնվող տան ննջարանը, որի պատուհանից գիշերը քեզ էին նայում կապույտ, խորհրդավոր հսկաները, որ միայն 8-րդ դասարանում կարողացա պարզել, որ կապույտ նեոնե տառեր էին, ու ոչ հոբբիտների աշխարհից դուրս պրծած ու չգիտես ինչպես Ալավերդում հայտնված տարօրինակ էակներ: Որի պատուհանից գիշերը լսվում էր գնացքի սուլոցը, ու դու երազում էիր վագոնի մասին, որը քեզ Ալավերդու փափուկ ներքնակից հասցնելու էր Ադլերի չոր ու ճռճռան մահճակալ: Որի խոհանուցում միալար երգում էր ռադիոն, որից դու վախենում էիր. երբ տունը լռում էր, նա խիստ ազդարարում էր. «Говорит радиостанция Маяк», ու դու կուչ էիր գալիս խոհանոցի թախտին՝ փրկություն գտնելով պատին փակցված աշխարհի քաղաքական քարտեզում. գունավոր էր, մեծ ու շատ-շատ պետություններ ու քաղաքներ կային, տարօրինակ ու ծիծաղելի անվանումներով:

Ալավերդում միշտ տաք է: Արևոտ: Ու արևը փայլում է սև ժայռերի ու Պասիլոկի[3] վրա, որտեղ չէի սիրում գնալ, չգիտեմ ինչու...Արևը երբեմն փայլում էր Դեբեդի ու քարափի պատից քաղաքին նայող Թումանյանի նկարին:

Ալավերդում լուռ է: Չնայած պղնձի գործարանին: Լուռ է ու տաք: Մարդիկ ապրում են, երազում ու բամբասում: Բարձր, երևի լռությանն էդպես են դիմադրում:

- Ախչի, էդ լրբին չես տենում, ղաստի չի այ վեր ունում հեռախոսը:
- Բալքիմ զբաղված ա, այ Վարդ:
- Հողեմ դրա գլուխը, զբաղվածս ո՞րն ա։ Իրան թանկ ա ծախում պռոստը: Ես դրան լավ գիդեմ:

- Թամար, ախչի խի՞ վեր չունեիր հեռախոսը: ...Հա՞, դե լավ, քի հմար տեղ ինք պահիլ, շատ էլ լավ, կառավարսկի տեղ ա: Էն ա հենց հըմիկ դուրս արի, գալիս ենք: Էրկու րոպե յեդնա ըտի ենք:

- Թամար, բարլիս, տենըմ ե՞ս էդ ինչ տեղ ինք պահիլ: [Մեռնիմ քի, հլա մի վեր արի, էդ կնգանը տեղ տուր: Ապրես, է, ախչիկ ջան, ապրես, էրևում ա մեր կողմերիցն ես, ալավերդցոնք ուրիշ են, էլի:] Լսի, էդ դրանց հարսն ասըմ են լավ էլ հարուստ տեղիցն ա, գիդե՞ս: Ասում ա, որ իմանայի, մեր հին խալադիլնիկը ուրիշին չէինք տալ, էն ա կբերեի քի հմար: Լավ էլ խալադիլնիկ ա, էս թազեքիցը: Հըմիկ էլ ուզում ա ավտո առնի: Հա բա՛: Վույ, Թամար, ախչի, չիմացա՞ր, դրանք ինչքան տվեցին Ռոզըկին: Հողեմ դրա գլուխը, շատ պինդն ա ձեռիցը: Վիիի, ազիզ, իսկականի՞ց:

Երթուղայինով Ալավերդուց գնում էի Վանաձոր:

[1] Ատաղձագործ
[2] Անմիջապես պղնձյա վառարանի վրա պատրաստված կարտոֆիլ: Բայց ինչպես երգը բառերի ու երաժշտության ամբողջությունը, չի, էնպես էլ «պղնձյա վառարանի վրա պատրաստված կարտոֆիլը» երբեք չի կարող պլեճ լինել:-)
[3] Ռուսերեն поселок բառից

1 comment:

Կարոտ said...

Ալավերդի? Իմ հարազատ Ալավերդուց էս? Ես Սանահին Սարահարթից եմ: :))) вот вак встретил...

ты неповторима джана. так держать)