Monday, November 16, 2009

Vicky Christina Barcelona

Ամեն ինչի մեղավորն իհարկե Վուդի Ալենն էր: Ինչպես նաև մեր ցանկությունը տեսնել այն, ինչ չունի զբոսաշրջիկային հռչակ: Ու ճանապարհ ընկանք դեպի Օբիեդո՝ Աստուրիասի մայրաքաղաքը:

Ճանապարհի ուղեկիցներս, բացի ընկերներիս կատակներն ու իսպանական փոփ երաժշտությունը, էվկալիպտի անտառներն էին
(Էվկալիպտի մասին իմացա Նահոմից (Եթովպիա) ու Վիրջինիայից (Արգենտինա), ովքեր տգետիս բացատրեցին, որ այս ծառը սարսափելի շատ ջուր է կլանում և սովորաբար տնկում են, օրինակ, ճահիճներից ազատվելու համար: Քանի որ ճանապարհը ձգվում էր օվկիանոսի ափով, էվկալիպտները կիլոմետրերով անարգել ձգվում էին վերև:)
ու Կանտաբրիական ծովը, որի մասին ինչքան էլ փորձեցի փորփրել հիշողությունս ու աշխարհագրական նիհարիկ գիտելիքներս, չէի լսել հայերենում: Ինձ համար այդ ծովն Ատլանտյան օվկիանոսն էր, որի վայրի շքեղությանն ականատես եղանք փոքրիկ մի գյուղակում՝ Բուելնայում: Հողե նեղլիկ ճանապարհով հասանք բլրի գագաթը, որը կտրուկ իջնում էր դեպի օվկիանոսը: Անսահման, հեռավոր կապույտը հանդարտ մոտենում էր կապտաշագանակագույն պղտոր ալիքներին, որ կա՛մ լուռ ու ահարկու բախվում էին ափից քսան մետր հեռավորության վրա գտնվող լերկ ժայռերին, կա՛մ շարունակում ահագնանալ արդեն սպիտակ ալիքներով ու վերջանալ դեղնավուն փրփուրով, որ կատաղած գրոհում էր ափի սպիտակ ժայռերը կամ շագանակագույն ջրիմուռի պատը: Սրան մոտենալ գրեթե անհնարին էր. պիտի պատրաստ լինեիր մոծակների անթիվ-անհամար զորքի ու փտած ջրիմուռի հուժկու գարշահոտության դեմ պայքարին: Հինգիցս միայն մեկն այդքան համարձակ գտնվեց:-)

Օվկիանի գեղեցկությունը ստիպեց լռել մի ամբողջ ժամ, որի ընթացքում հասցրեցինք կորցնել ճանապարհն ու նորից վերադառնալ անհրաժեշտ մայրուղի: Բիլբաոյից մեկնել էինք առավոտյան տասին, Օբիեդո հասանք երեքին:

Առաջին հայացքից Օբիեդոն չի տարբերվում իսպանական այլ միջին քաղաքներից՝ հնի ու նորի երբեմն աբսուրդի հասնող անհամադրելի, սակայն միանգամայն համերաշխ, գոյակցություն,

(Ոչ մի այլ երկրում չեմ հանդիպել նման նորամոլության. օրինակ՝ Բիլբաոյի BBK բանկի նոր շենքը, որը հենց այս պահին անասելի արագությամբ վեր է խոյանում Դեուստոյի դիմաց, Օբիեդոյի անհասկանալի տարվածությունը արձաններով... Այստեղ չես գտնի որևէ հրապարակ կամ փողոց, որտեղ արձան չլինի. Սան Սալվադորի տաճարի մոտակայքում Ճանապարհորդի ու Թագուհու արձաններն են, փակ շուկայի առջև՝ Ձկնորսի, փոքրիկ, անուշաբույր հրուշակեղենի խանութի հրապարակում՝ Վուդի Ալենի: Տարբեր հրապարակներում, մեծ ու փոքր, կարելի է տեսնել ձեռք-ձեռքի սիրահարների, մոնումենտալ հետույքով կնոջ, մերկ ասպետի, նորից սև կլոր հետույքի (այս անգամ՝ ազդրերի հետ միասին), մտախոհ գեղեցկուհու ու էլ չեմ հիշում ում ու ինչի արձաններ՝ մարմարից, բրոնզից, երկաթից, քարից),

արմավենիների ու շատրվանների հիանալի ներդաշնակությամբ աչքի ընկնող այգիներ, բազմաթիվ փոքրիկ խանութներ,

(թեև հանուն արդարության պիտի խոստովանել, որ Օբիեդոն մի առանձնահատկություն ունի, որ դեռևս չեմ հանդիպել այլ քաղաքներում. այստեղ գրեթե ամեն քայլափոխի կոշիկի խանութ է: Այսքան մեծ թվով կոշիկի խանութ որևէ այլ տեղ չեմ հանդիպել: Սակայն հետաքրքիր էր նաև, որ դրանց բազմաքանակությունը ոչ մի կերպ չէր ազդում կոշիկների գնի վրա. ամենաէժանը, որ հանդիպեց, երեսուն եվրո էր:)

տասնյակ բարեր, որոնցից մեկում, ի տարբերություն Բիլբաոյի, մեզ հաջողվեց ճաշել ժամը երեքին և

(Սիեստային պիտի սովորել: Այստեղ ճաշում են երեկոյան իննին, իսկ մինչ այդ բարերում կարելի է միայն փոքրիկ սենդվիչներ գտնել, որոնք կոչվում են tapas կաստիլերենով (և որոնք, ըստ լուրերի, Իսպանիայի հարավում, որոշ բարերում ձրի են) կամ pintxos, բասկերենով, որոնց համար միշտ պետք է վճարել, գոնե 1.50 եվրո:-))

ականատես լինել երեք կանանց թղթախաղին,

(Այստեղ հիսունն անց կանայք սովորաբար նմանվում են Մարգարիտ Թեթչերին՝ դասական կտրվածքի կոստյումներով, մարգատե շարաններով ու անթերի սանրվածքներով: Միակ հատկանիշը, որ թերևս մատնում է նրանց «իսպանացիությունը» վառ շրթներկն է:-))

ու եկեղեցիներ՝ ճարտարապետական ոճերի խճանկար հիշեցնող Սան Սալվադորի տաճարը, խստաբարո Սան Իսիդորոյի եկեղեցին, 13-դարյա Սան Խուլիան դե լոս Պրադոս եկեղեցին...

Սակայն, Օբիեդոնն տարբերվում է... ինչպես միշտ, միայն քո ընկալման մեջ. ինչպե՞ս է բուրում քաղաքը, ինչպիսի՞ն են մարդկանց հայացքները, ինչպե՞ս են քեզ դիմավորում շենքերն ու թռչունները... Օբիեդոն ժպտում է քեզ իր բնակիչների հայացքներով: Այգիները դյութում են աշնան բազմերանգությամբ: Շենքերը պատմում են հազարումի կյանքերի մասին. երևակայությունդ ճախրում է այս քաղաքի վրայով՝ հմայված կանգ առնելով 18-ամյա Լուիս Մելենդեզի ինքնանկարի առջև, որը նույնքան բան ունի քեզ պատմելու, որքան Օբիեդոյի պատկերասրահի պատուհաններից բացվող իրար վրա կուտակված տները: Օբիեդոն պարկապզուկների ու թմբուկների կելտական մելամողձոտ մեղեդով լցնում է ներսդ, մինչև Աստուրիասը խառնվում է քո հայությանը կաստանյետների ու ազգային պարերի կրքոտությամբ: Գումարիր այս ամենին անձրևոտ առավոտվա թարմությունն ու մառախուղը, եկեղեցու զանգերն ու շատրվանների խելառ աղմուկը, ու սկսում ես շնչել հեքիաթը, որի մասին պատմում է Ալենը...
Օբիեդոյից հետո ճանապարվեցինք դեպի Լեոն, բայց սրա մասին երևի թե լռենք:-)

1 comment:

Anonymous said...

Krist, petq chi lrel, sharunaki. Uremn, chanaparhveciq Leon.... :)