Monday, November 16, 2009

Ֆիլիպիններ - 2

- Ասե՞լ եմ քեզ, որ մենք բնիկ ցեղերից մեկի ժառանգներ ենք: Հայրս Ֆիլիպինների արդեն սակավաթիվ բնիկ լեռնային ցեղերից է: Պապս որոշում է հեռանալ իր բնակավայրից ու հորս ուղարկում է համալսարան սովորելու: Հորս ցեղում երեխաներին ամուսնացնում էին ծնվելուց անմիջապես հետո: Պապս նշանում է հորս փոքրիկ մի աղջկա հետ, բայց երբ ընտանիքով հեռանում է, ընթացքում մոռանում է հորս պատմել նշանդրեքի մասին: Համալսարանում նա սկսում է հանդիպել մորս հետ, իսկ երբ արձակուրդին վերադառնում է իր գյուղը, ընկերները ցույց են տալիս մի աղջկա ու հարցնում, «Ճանաչո՞ւմ ես»: «Չէ, որտեղի՞ց պիտի ճանաչեմ», վրա է բերում հայրս: «Նշանածդ է: Այսքան ժամանակ քեզ է սպասել»: Հայրս մոտենում է պապիս ու ասում, «Քո որոշումն էր ինձ կրթության տալ, համալսարան ուղարկել: Հիմա արդեն ուշ է, ես չեմ կարող անել այն, ինչին չեմ հավատում, ինչ չեմ ուզում: Չեմ կարող ամուսնանալ այդ աղջկա հետ»:

Ամուսնանում է մորս հետ, բայց այն աղջկա ընտանիքը դա չի ներում հորս: Անիծում է նրան. «Երեխաներդ հաջողություն կունենան իրենց մասնագիտական կյանքում, սակայն ոչ իրենց ընտանիքներում»: Ավագ քույրս միայնակ մայր է, երբեք չի ամուսնացել: Եղբայրս բաժանված է առաջին կնոջից, հիմա երկրորդի հետ է: Ես բաժանվում եմ ամուսնուցս: Մյուս քույրս դեռ ամուսնու հետ է, փոքր եղբայրս դեռ չի ամուսնացել: Անեծքից ազատվելու համար ամուսնացած քույրս պիտի համաձայնվի մի ծիսակատարություն անել: Բայց նա հրաժարվում է, որովհետև ամուսինը չի հավատում նման բաների, ասում է, դրանք իրականանում են միայն այն դեպքում, երբ հավատում ես: Անեծքը կարող է տարածվել նաև մեր երեխաների վրա...

***
- Մենք կախարդներ ու ուրվականներ էլ ունենք, չկարծես, թե վերջացրեցի պատմություններս: Մեր տանը սպիտակ կնոջ ուրվական է ապրում: Գիշերները, հատկապես 12-4 հատվածում տանը տարօրինակ ձայներ կարող ես լսել: Մեր հյուրերը առաջին գիշերվանից հետո հրաժարվում են մեզ մոտ գիշերել: Քրոջս ընկերը, երբ առաջին անգամ հյուրընկալում էր մեր տանը, հաջորդ առավոտյան կտրուկ հրաժարվեց նույն սենյակում քնել: Բողոքում էր, որ ամբողջ գիշեր կռիվ է տվել սավանի հետ, որն անընդհատ ուզում էր խեղդել իրեն:

Ասում են մեր տանը գանձ կա թաղված ու սպիտակ ուրվականը դրա պահապանն է: Ասում են նաև, որ կարելի է այդ գանձը գտնել, եթե զոհաբերենք երեխաներից մեկին: Պիտի նշված տեղում կտրենք մեզանից մեկի երակն ու մի քանի կաթիլ արյուն կաթացնենք այդտեղ: Մայրս հրաժարվել է, բայց մյուսները... մյուսները դեմ չէին լինի...

Հայրս մի քանի անգամ տեսել է այդ սպիտակ կնոջը: Նամ մեր տանից հեռու է աշխատում ու վերադառնում է շաբաթ-կիրակի օրերին, գիշերվա ժամը երկուսին: Երկու անգամ տեսել է, թե ինչպես է ինչ-որ կին ավլում մեր բակը: Կարծելով, թե մեր սպասուհին է, փորձել է մոտենալ ու համոզել, որ թողնի այդ գործը առավոտվան, գիշերն ի՞նչ միտք ունի բակ ավլել: Բայց երբ մոտեցել է, կինն անհետացել է: Բակում ոչ ոք չի եղել:

***
- Մենք թզուկներ էլ ունենք՝ կարմիր, սպիտակ ու սև: Տանը սպիտակ թզուկ ունենալը լավ է՝ նրանք քեզ սովորաբար պաշտպանում են վտանգից: Կարմիր թզուկը շատ բռնկուն է, հանկարծ տրորեցիր ոտքը (ախր չես տեսնում նրանց, չէ՞), վերջ, մինչև կյանքիդ վերջը քեզանից վրեժ են առնելու՝ անընդհատ խափանելով այս կամ այն գործդ: Սևը, հմմմմ, սևը սիրում է քեզ հետ միասին սպառել, հատկապես փողը: Երբ նախկին ամուսինս տեղափոխվեց իր ծնողների տուն, իսկ ես դստերս հետ ապրում էի մեր առանձին տանը, անկախ նրանից, թե ես ինչքան էի խնայում, մեզ երբեք չէր հերիքում գումարը: Երբ աղջկաս հետ տեղափոխվեցի այլ տուն, նույնիսկ կարողանում էի խնայել: Մեր հեքիմն ասաց, որ նախկին տանը սև թզուկ ունեինք:

***
- Ու կախարդներ: Իմ գործընկերներից մեկը բարի կախարդ էր, մյուսը՝ էնքան էլ չէ: Մի անգամ վերջինիս հետ վերադառնում էինք ինչ-որ միջոցառումից, երբ հանկարծ կանգնացրեց մեքենան ու թե, «Իջի՛ր: Չար հոգիները ինձ ստիպում են քեզ վնասել, ու ես արդեն դժվարանում են կառավարել նրանց: Արագ իջի՛ր մեքենայից»: Գիշերվա տասն էր, մտածում եմ հիմա ինչպես եմ էս գիշերվա կեսին տուն հասնելու, երբ հանկարծ հետևի նստարանից լսեցի նրա աղջկա ձայնը. «Տիա Ջաո, մաման լուրջ ա շատ, կատակ չի անում: Ավելի լավ կլինի լսեք նրան»:

Դուրս եկա մեքենայից ու սկսեցի քայլել: Վատ էի զգում, ու անընդհատ էնպիսի զգացողություն էր, ասես ինչ-որ մեկը հետևից ինձ հրում է: Մի կերպ հասա տուն, շատ վատ վիճակում ու փորձեցի քնել: Առավոտյան վեր եմ կենում, պատրաստվում, որ գնամ աշխատանքի ու այդ ամբողջ ընթացքում ինզ զգում եմ օդում, ասես, ոչ թե ամուր գետնի վրա եմ կանգնած, այլ թռչում եմ օդում:

Դասերից հետո գնացի մեր հեքիմի մոտ: Ես դեռ չէի էլ հասցրել մի բառ ասել, երբ նայեց ինձ ու թե, «Ինչ-որ կախարդ որոշել է քեզ հետ խաղ անել»: Մի խոսքով, արեց ինչ պետք էր ու ասաց, որ չվախենամ ոչ մի բանից, ու նաև, որ գնամ այդ կախարդին ասեմ, որ ես գիտեմ, թե նա ինչ է արել:

Հաջորդ օրը հանդիպեցի գործընկերոջս ու ասացի.
- Ինչո՞ւ ես փորձում ինձ վնասել:
- Չէ, ես քեզ չեմ վնասում, ուղղակի փորձեցի քեզ մի քիչ վախեցնել: Նկատեցի՞ր, - ծիծաղելով պատասխանեց նա:
- Ոչ միայն նկատեցի, կարող եմ նաև ասել, որ գիտեմ, որ դու էր իմ վատ ինքնազգացողության պատճառն ու այլևս ոչինչ չես կարող անել ինձ:
Նա լռեց ու հեռացավ, որովհետև հասկացավ, որ գործ ունի ավելի հզոր մի ուժի հետ...

****
Շատ եմ սիրում այս պատմություններն ու մտքովս չի էլ անցնում հարցնել, թե ճնշումը ստուգե՞լ էր արդյոք «թռչելու» ընթացքում, կամ ի՞նչն էր փոխվել նրա առօրյայի մեջ, երբ մի տանից մյուսն էր տեղափոխվել:

4 comments:

byurie said...

Ի˜նչ հավես էր: Միևնույն է, չեմ կարծում, թե կհավատային ճնշմանն ու նման բաներին: Ու գուցե պետք էլ չէ: Գերբնական ուժերին հավատալով ապրելն էլ իր հետաքրքրությունն ունի:

christina said...

Այս դեպքում ամենահետաքրքիրն այն է, որ պատմողը ժամանակակից միջին վիճակագրական անձից մոտավորապես երեք անգամ ավելի գրագետ է բնական գիտություններում:-)

AramK said...

Filipinneri mijin vichakagrakan andzic, the ashxarhi mashtabov ? :)

AramK said...

Moraca asem, vor inchqan graget es darnum aynqan aveli shat es sksum haskanal, vor inch vor mi ban ayn che ... :)