Thursday, August 28, 2008

Կուշտ, ուրախ, հարուստ:-)

Հանրամատչելիության հերթական արևմտյան դրսևորում. երջանկության ուսումնասիրություններ: ­"Happiness: Lessons from a New Science" by Richard Layard. Քիչ է տնտեսագետ է, հետն էլ՝ անգլիացի լորդ:-)

Ահա, մեր տնտեսագետը պարզել է, որ երջանկությունը լրիվ չափելի կատեգորիա է, հետևաբար, կարելի է այն հետազոտել ընդունված գիտական մեթոդներով` սոցիալական գիտությունների, իհարկե: Եվ քաղաքականությունները պետք է ձգտեն ոչ թե համախառն ազգային արդյունքի բարձր ցուցանիշի, այլև համախառն ազգային երջանկության նմանատիպ ցուցանիշի: Մարդն ուղղակի ծրագրավորված է երջանիկ լինել:-)

Երջանկության աղբուրները.
  • Որպես սոցիալական էակներ՝ առանց շփման երջանիկ լինել չենք կարող: Ընկերությունն ու ամուսնությունը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում: Երկուսն էլ կայունություն են առաջարկում, ի տարբերություն, օրինակ՝ ռոմանտիկ սիրո. ճիշտ է, համամասնորեն այդ սիրո ընթացքում երջանկության չափը/ծավալը (որն է չափելիության միավորը, չգիտեմ) ավելին է, սակայն ամուսությունը երջանկությունը համամասնորեն բաշխում է զույգերի ողջ կյանքի ընթացքում: Մեկը բոց է, մյուսն՝ օջախում վառվող կրակ:-) (Տնտեսագետներին էլ խորհուրդ. շփումը, ոչ թե միջոց է, այլ նպատակ:)

  • Որևէ երկրում միջին երջանկությունը պայմանավորված է վեց գործոններով. 1. մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ մյուսներին կարելի է վստահել, 2. սոցիալական տարբեր կազմույթներին մարդկանց մասնակցությունը, 3. ամուսնալուծության թիվը, 4. գործազրկությունը, 5. կառավարության որակը և 6. հավատը, որ սովորաբար արտահայտվում է այս կամ այն կրոնը դավանելով: Այս բոլոր գործոնների համադրության վերլուծությունները ցույց են տալիս, որ ամենաերջանիկ հասարակությունները Երկիր մոլորակի վրա սկանդինավցիներն են:

  • Մարդիկ նախընտրում են ստատուս քվոն. ավելի քիչ են ուրախանում ձեռքերումներից, քան տխրում կորուստներից: Մարդիկ նախընտրում են այն, ինչին արդեն ծանոթ են: Հանցագործությունն ու հոգեկան հիվանդությունները շատ են հատկապես խառը կամ անցումնային համայնքներում:

  • Մարդկանց հուզում է նաև իրենց ստատուսի խնդիրը: Յուրաքանչյուրը ցանկանում է լինել ավելի լավը, քանի մյուսները, կամ գոնե նրանց հավասար: Արդյունքը՝ մրցավազք: Սրա արդյունքն էլ՝ անպայման հաղթողներ և պարտվողներ: Ըստ հեղինակի՝ մրցավազքը կարելի է զսպել երկու եղանակով. հարկեր և կրթություն:

  • Մարդկիկ հարմարվող են: Լավին էլ, վատին էլ: Եկամուտը թմրամոլության նման մի բան է. սկզբից լավ ենք զգում, հետո «դոզաների» ավելացումն ուղղակի ծնում է կախվածություն: Սկսում ենք աշխատել ու աշխատել, մեկ էլ հանկարծ ունենք միայն եկամուտ և ուրիշ ոչինչ: Ինչպես ծխելու դեմ, այնպես այս «եկամտամոլության» դեմ կարելի է պայքարել հարկերով:

  • Հարուստների եկամտի աճը նրանց մոտ երջանկության աճ բոլորովին չի ենթադրում: Ուրեմն, Արևմուտքը նոր առաքելություն ունի ստանձնելու. օգնել զարգացող երկրներին: Ոչ մի ալտրուիզմ, մաքուր շահադիտական առաքելություն. Արևմուտքն այդ դեպքում ավելի երջանիկ կզգա իրեն:

  • Երջանկությունը հավասարաչափ սնվում է թե՛ դրսից, թե՛ ներսից: Ներքին ուժի ձևավորումը կրթության առանցքը պետք է լինի: Կրոնից մինչև ժամանակակից հոգեբանություն պետք է ծառայեն մարդու դրական ներուժը խթանելուն:

  • Հանրային քաղաքականության հիմքում թշվառության վերացումը պետք է լինի, դե, որովհետև դրանք ավելի ակնհայտ են: Արևմուտքում թշվառության հիմնական աղբյուրներից մեկը հոգեկան հիվանդություններն են, և հոգեբուժությունը սովորական բժշկության հետ ձեռքձեռքի պետք է փորձի մարդկանց հանել այդ վիճակից:

Կրկին բավականին հետաքրիր հետազոտություններով հարուստ նյութ էր: Բայց մի տեսակ ցաքուցրիվ: Բոլորովին անհասկանալի գլխով Prozac-ի մասին... Drugs for Mind...Միգուցե այսպիսով հրավիրում էր կարդացողների ուշադրությունը այն հանգամանքին, որ հեգական շեղումները պետք է լո՞ւրջ ընդունել: Ամեն դեպքում տարօրինակ գովք էր... Ու անկեղծ ասած, շատ եմ երկմտում այս հարցի շուրջ... Էական հակասություն կա իմ բնույթի հետ, բայց ... մի խոսքով, չգիտեմ մինչև ինչքան կարելի է օգնել մտավոր շեղումներ ունեցող մարդկանց... Բարդյույթը կարող է կործանարար լինել հասարակության համար, եթե դրա կրողը հավակնոտ ու վրեժխնդիր անձնավորություն է... Խնամքն ու հոգատարությունը պարտադիր են, մինչդեռ հավասար իրավունքները հավասարապես բոլորի՞ն... Չեմ կարողանում դեռ կողմնորոշվել:

Հետո, մարդկանց շարժը դադարեցնել անհնար է: Այն աստիճանաբար ավելի լայնածավլ բնույթ է ստանալու: Միգուցե զինված հակամարտությունների աճող թիվը բնական արգե՞լք է մարդկանց պահելու իրենց ծանոթ սահմաններում... Եվ քանի որ մարդիկ հարմարվող են, շարժի արդյունքում «հարմարեցվում» են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային ջերմությունը, հավատարմությունը, նվիրվածությունը: Մի տեսակ ծանծաղ, պլաստմասե երջանկություն ենք սարքում:

Սա էլ՝ ավելի կապակցված քննադատական:-)

2 comments:

Mediapitek said...

Քրիստ ջան, վերջերս շաաաաաատ ես գիրք կարդում, խեր ըլնի ;)

christina said...

Կարծես թե լինում ա:-)