Wednesday, August 20, 2008

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին

Ժամանակի մեքենա պետք չէ ստեղծել: Պետք է ունենալ աչք ու կտեսնես: Կան մարդիկ, որ քեզ ուղեկցում են ժամանակով առաջ ու հետ: Մեքենա պետք չէ, տեսնել ու տրվել է պետք:

***
80-ականներ: Գոտկատեղից զանգակաձև վար իջնող կիսաշրջազգեստ, ոսկյա օղեր ու ապարանջան՝ Նեֆերտիտի կիսադեմով, անորոշ տարիքի լիքը փափկություն ու անձև սանրվածք՝ մանրակրկտորեն հարդարված ու անպայման-անպայման ներկված, շպարից էլ միայն շրթներկի առկայություն: Այս կինը ապահովություն է ճառագում, տան ջերմություն ու համովագույն պահածոների բուրմունք:

Ժամանակի մեքենա պետք չէ, երթուղայինի պատուհանից դուրս նայիր ու կտեսնես 80-ականները: Մինչև քո կանգառը կապրես դրանց անհոգ բարեկեցությամբ, երբ մարդիկ (գոնե սովետական Հայաստանում) մտածում էին տուն-տեղ դնելու մասին, երեխաներին բարձրագույն կրթության տալու, ամուսնացնելու, հերթական տոնական սեղանին հարևան-բարեկամներով հավաքվելու, հիվանդություններով ու մահերով տխրելու, բայց կյանքը շարունակելու մասին... Երբ մարդիկ ասում էին. «Ազնիվ մարդ ա» ու «ներում» սեփական տան, մեքենայի ու «դաչայի» բացակայությունը...

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին տեսնելու շատ բան կա... Աչք է պետք ունենալ:

Երթուղայինն իր պայծառափայլ ներկայությամբ զարդարած Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից մեզ հասած բրածոն եզակի երևույթ է: Չեմ չափազանցնում. ամեն առավոտ անբիծ, սպիտակ կիսաշրջազգեստով, անթերի շպարով, ուղիղ, սև մազերը մեկառմեկ հարդարած, հիանալի ձիգ քայլվածքով այս կինը կյանքում չափում է ամեն ինչ. ամեն ինչ իր տեղն ունի և ինքը գիտի ինչպես դրանք տեղավորել իրենց տեղերում: Օրինակ՝ նրա կատարյալ շպարը. սև մատիտը շրջանակում է աչքերը, ինչպես հնագույն եգիպտուհիներն ու նորագույն արաբուհիներն են դա անում. շրջանակը գրեթե հասնում է քունքերին, գծերը կատարյալ են, վառ կարմիր շրթներկը նեղ շուրթերը դարձնում է արտաքինի ամենանկատելի մասը՝ գրեթե կրկնակի մեծացնելով դրանք, այտոսկրերի կարմիրը իդեալական հակասության մեջ է դիմափոշու մարմարի հետ... Ինքը գիտի իր արժեքը, վերջ: Ինքը կապույտ արյուն ունի, որ տեղափոխում է քեզ Լյուդովիկոս XIV-ի պալատում կազմակերպված զգլխիչ խնջույք, ուր ինքնամոռաց ու բերանբաց հիացմունք է ապրում գավառական ազնվականուհին...

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին տեսնելու շատ բան կա... Աչք է պետք ունենալ:

No comments: