Friday, November 30, 2007

Ստամբուլ, նոյեմբերի 29, 2007

Թոփկափի պալատում, սուլթանի գանձարանում մի կապարճ կա` ամբողջովին ոսկեզոծ ու զարդարված բազմագույն թանկարժեք քարերով: 21-րդ դարում կանգնում ես այս ցուցանմուշի դիմաց ու փորձում կռահել, թե 16-րդում դա ինչ կարող էր լինել: Առաջին պահին ուղղակի տձև, բայց լուսավոր առարկա է` շողշողուն, վառ ու գույների այդ մոլեգին խաղից ասես կենդանի շունչ առած: Գիշերային Ստամբուլն էլ այդպիսին էր` Բոսֆորի մթությանը պարտության մատնած լույսերի ցաքուցրիվ ու բազմագույն կղզյակների այդ քաղաքը:

Ստամբուլում ամեն մի քար իր պատմությունն ունի, որը երկրագնդի մինչ օրս հակամարտող երկու քաղաքակրթություններից յուրաքանչյուրը` Արևելքն ու Արևմուտքը, մեկնաբանում են յուրովի: Ստամբուլում մեկնաբանման յուրահատկությունները ի մի են գալիս հախճապակե փոքրիկ գավաթներում մատուցվող տաք թեյի շուրջ, երբ արևմտացին քաղաքավարի լռությամբ փորձում է համաձայնության եզրեր գտնել, արևելքցին էլ տրանսցենդետալ անէության է հասցնում հյուրընկալության վերաբերյալ իր երկարաշունչ պերճախոսությամբ: Արևմուտքից Արևելք տանող մի կամուրջ կա Ստամբուլում` Սոֆիայի տաճարից դեպի Կապույտ մզկիթ: Ինձ համար տխուր անցում էր: Մարդկային սնափառության տխուր տոնավաճառ: Կապույտ մզկիթում Արևելքը տոնում էր իր հաղթանակը կապույտ սալիկների անհավատալի զարդանկարներով, իսկ Սբ. Սոֆիայում սրբապատկերներին փոխարինում էին ինչ-որ անհասկանալի կապտաշագանակագույն փետրաձև զարդանախշեր, որոնք ակնհայտորեն թաքցնում էին աստվածաշնչային հրեշտակների: Միայն նախկին խորանի կամ ներկայում Մեքքայի ուղղությունը մատնանշող փորվածքի վերևում էր պահպանվել Մարիամի ու փոքրիկ Հիսուսի սրբապատկերը:

Ամբողջ այդ տարածքն իր եգիպտական ու հունական օբելիսկներով, սուլթանի պալատով ու այգիներով վկայում էր հզորության ամրագրման օսմանյան հաստատակամության մասին:

Այս քաղաքը հևիհև բազմանում է` մի շենքն աճում է մյուսի վրա, նեղ, սալահատակ փողոցների երկու կողմերից լեգոյի խորանարդիկների նման դեպի վեր են ձգվում բազմագույն կառույցներ: Այդ խառնիճաղանջ բազմազանության մեջ ներդաշնակությունը հանդարտ սփռվում է քաղաքի վրա միայն լայնատարած մզկիթների տեսքով, որոնք, որպես կանոն, բազմած են բլրի գագաթին:

Եթե երբևէ չես եղել մուսուլմանական բնակավայրում, չգիտես նաև արևածագի ժամը: Ստամբուլում արևը ծագում էր 5:30: Բնականաբար, քարակերտ այդ անտառում դու արևը չես տեսնում, սակայն գիտես, որ այն, այնուհանդերձ, ծագում է, որովհետև այդ պահին լուռ քաղաքի վրա տարածվում է բարձրախոսի ալիքներից թափ առած նամազի երգեցիկ կոչը, որը կրկնվում է օրվա մեջ չորս անգամ:

Ստամբուլը բուրում է ձկներով ու հարդարվում եվրոպական հանդերձով: Տակսիմն ու Համիդիեն ինձ ամեն րոպե ապշեցնում էին դասական եվրոպական արտաքինով իրենց անցորդներով: Ահա կապուտաչյա, շիկահեր, բարձրահասակ, սլացիկ մի կին, եվրոպական նորաձևության վերջին ձեռքբերումները իր հանդերձում արտացոլած ազնվական արտաքինով տղամարդու ուղեկցությամբ: Հաջորդ զույգը Բոբ Մառլիի մոլի երկրպագուներ են` երկար գանգուրներով ու ծիածանագույն շապիկներով: Երրորդը երիտասարդ, գեղեցիկ կանայք են, որոնք առաջինից տարբերվում են միայն կապույտ գլխաշորներով: Առաջին երկու դեպքում գրեթե համոզված եմ, որ հիմա կլսեմ անգլերեն կամ ֆրանսերեն խոսակցություն, սակայն անցնում եմ` մարող թուրքերենի հնչյունների ներքո:

Ստամբուլը մեզ դիմավորեց նեղլիկ փողոցի հյուրանոցում ու “Որտեղից եք”, “Հայաստանից” կարճ հարցուպատասխանով, ուրախ, կապույտ աչքերի ժպիտով, “Ես սիրում եմ հայերին” բացականչությամբ ու մեր փոքր-ինչ տարակուսած հայացքով: Իսկ տարակուսանքս փարատվեց, երբ կապուտաչյա երիտասարդը բացեց սենյակիս դուռն ու հեռանալիս ասաց, “Ես քուրդ եմ, բայց ոչ ոքի չասեք այստեղ այդ մասին, լա՞վ”:

Ստամբուլը շարունակեց մեզ հիշեցնել հայերի մասին, առանց որևէ ջանքի: Մեզ հյուրընկալող կազմակերպության գեղեցկադեմ տնօրենուհին մոտեցավ մեզ ու ասաց, որ շատ ուրախ է մեզ տեսնել, քանի որ իր ամուսինն էլ հայ է: Իսլամի դավանորդ Վուսլաթն ու քրիստոնյա Գրիգորն իրենց ամուսնությունն ամրագրել էին “Գենդրոնագան” հայկական եկեղեցում, իսկ մեր կարճատև ընդմիջման ժամանակ Վուսլաթը պատմում էր թուրքերի ազատամտության մասին, հանդուրժողականության մասին, Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցների ճարտարապետների հայ լինելու մասին:

Երիտասարդ Ալին, որն իմ հանդիպած ամենահամեստ, կիրթ ու ջերմ անձնավորություններից մեկն էր, անկեղծ հուզմունքով եզրափակեց իր խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին. “Ախր այսպես չի կարելի, մենք այնքան նման ենք իրար, մենք այնքան մոտ ենք իրար: Պետք է մոռանալ ամեն ինչ ու սկսել նոր, մաքուր էջից”... Մաքուր էջը հիշողություն չունի: Մենք վառ հիշողություն ունենք: Սակայն, սահմանների բացում նշանակում է բացել սահմանները, որից դուրս է հորդելու մեր մեջ խտացած ատելությունը: Այս դեպքում ես սպանելու եմ իմ թշնամուն` ինձ վրա ձեռք բարձրացրած մարդասպանին, ոչ թե իմ թշնամուն` թուրքին: Ստամբուլում ես հասկանում եմ Գրիգորին, երբ նա ասում է, “Ես սփյուռքահայ չեմ, ես հայրենիք ունեմ, և դա Թուրքիան է: Այստեղ են ծնվել ու ապրել իմ ապուպապերը” :

Ահա Ստամբուլի ևս մի ճեպանկար....

1 comment:

Anonymous said...

Տակսիմի վրա դեպի վեր ձգվող մի նեղ փողոցիկ կա՝ ձկներ են վաճառում: Չիմացող անցորդի մտքով երբեք չի անցնի, որ այդ չաչանակ առևտրականների ուղիղ հետևում բացվող դռնից ներս մեծ այգի է ու հոյակապ հայկական եկեղեցի: Գրեթե միշտ լռություն ու հանգստություն է այդտեղ՝ ինձ համար Ստամբուլի, թերևս, ամենամաքուր ու կոկիկ անկյունը: Տարեցներն են հաճախ հավաքվում բակում, որպես կանոն ողջագուրվում ու թուրքերենով աշխույժ քննարկումների մեջ են ներքաշվում: Չէի ասի, թե այստեղ ես զգացել եմ մարդկային այն ջերմությունը, որը զգացել եմ, ասենք, Սան-Պաոլոյի հայկական եկեղեցի մտնելիս... Կարող է սա լոկ իմ սուբյեկտիվ ընկալումների կամ նախատրամադրվածության հարց է, բայց ամեն դեպքում. Ստամբուլում ընդգծված մեծ է հայկական եկեղեցու՝ իր մոտ քաշող ներուժը:

Նեղլիկ ու շատ թեք փողոցներից մեկի վրա Գալաթաթաուերն է, որի գագաթին հրաշալի ռեստորան կա: Իսկ հրաշալին այդտեղի ժամանցը կազմակերպող պապիկն է, որ այդպես էլ չես կարողանա գլուխ հանել, թե ինչ ազգություն ունի: Ինձ թվում է՝ նա խոսում է աշխարհի բոլոր լեզուներով, գիտի բոլոր ազգերի երգերից գոնե մեկ հատ ու պարում է ամենատարբեր ազգային պարեր: Ստամբուլի կենտրոնում՝ այստեղ դու ակամա քեզ աշխարհի մարդ ես զգում:

Իսկ Լայ լե լեի մասին ավելի լավ է լռել: