Friday, May 25, 2018

Արարատյան բակալավրիատ, ԿԳՆ, ԱՅԲ ու կաշա

Կամ իմ սանատորիան ա ինձ ստիպում, կամ իսկականից էնքան եմ ջղային, որ դնջությունս էլ չի դիմադրում, դե, կամ էլ հայեցիությանն համահունչ կոմպլեմենտար ֆակտորային համակցության դրդմամբ, բջջայինով սենց բան եմ անում, քանի որ Գերմանիա տեղեր ինձ չի թողնում ուրիշի կոմպով իմ զինքս գուգուլ հաշիվ մտնեմ, քանզի վասնզի հեռախոս մը չունիմ... այո, հեռախոսն է, որ քեզ մարդ մըն է դարձուցիր ասիկա դարեն ի վեր.... էխ, բութն ինչ է, ադիկա էլ չունիմ էս կպչուն ստեղնաշարիս վրան։

Ինչևէ, ինչի՞ եմ ջղային։ ԱՅԲ-ի հետ կատարվող էս ամեն ինչի պատճառով։ Ոչ  միայն, բայց դե մի բան պե՞տք ա ընտրել ջղայնության վեկտորն ուղղելու համար։

Էս ամենում ինձ համար շատ ու ըստ էության ամենակարևոր բանը. քաղաքականության իրականացման առումով ոչ մի էական տարբերություն չեմ տեսնում նախորդ ԿԳՆ-ի հետ․․․ Լայվը, կարմիրով հեգնանքն ուղղված կոնկրետ անձի ու տենց բաները տարբեր են, ու էստեղ վերջանում ա տարբերությունը։




Ինչո՞վ ա հիմիկվա ԿԳՆ-ն տարբերվում նախորդից, եթե գրեթե նույն կառավարման գործընթացն ա որդեգրել (Սփյուռքի նախարարը չգիտեմ, բայց ներկա կառավարությանը վատ չէր լինի իմանալ, թե ոնց ա լինում, որ մի օր բոլոր մյուս կենդանիները հանկարծ տեսնում են, որ խոզերը շորերով են.... էդ շորերը մի օրվա բան չեն, դրան նախորդում ա գործընթաց...)։

Ինչու՞ հիմիկվա ու նախորդ գործընթացները չեն տարբերվում։ Իմ կարճ խելքով ասեմ ինչու։

Նախարարի կարծիք հայտնելն առանց հիմնավորման, էն էլ որևէ տեսակի աուդիտից առաջ, քաղաքական ճնշում ա։ Սա աքսիոմ ա։ Ու հետո․

1. Երբ հանկարծ հայտարարվեց ԿԳԱԾ-ի մասին, ես անակնկալի եկա, ու առաջին հարցս էս էր. ինչու՞ ԱԲ ծրագիրը հիմք պիտի հանդիսանար պետական ավագ դպրոցի ռեֆորմի համար, ոչ թե ֆիզմատինը, Սեբաստացունը, Արեգնազանինը, Քվանտինը, Շիրակացունը... Առաջացավ, որովհետև հանրակրթության բարեփոխումն առանց հանրային քննարկման, առանց էդ հանրության առանձին շերտերի ակնկալիքները, պահանջներն ու ընկալումները հաշվի առնելու, առանց եղած գերազանցության ծրագրերը համեմատելու, առանց ընդգրկուն մասնագիտական մոտեցումները քննելու եւ նոր միայն որոշելու, որ առաջիկա 20 տարում մեր հանրակրթության էս մակարդակը էս որակին (որը պիտի սահմանվեր, անպայման. առանց կողմնացույց կույր-կույր ուր ասես կգնաս։ Կարող ա քո ուզած տեղը հասնես, բայց պատահականորեն ու հետո, երբ էլի ուզենաս ինչ-որ տեղ գնալ, կարող ա բախտդ չբերի... չնայած մենք սիրում ենք բախտ բերելով պլստալ, կամ էլ ոչ, էս կյանքում...) հասցնելու համար այ էս ծրագիրը իր բոլոր եղած ու նախատեսվող ռեսուրսներով ամենաօպտիմալ ա (որովհետև չկա լավագույն ծրագիր...), ընտրվեց ԱԲ-ն։ Չեղավ նորմալ գործընթաց... ու մենք մեղադրեցինք ՀՀԿ-ին։ 

2. Ի՞նչ արեց նոր ԿԳՆ-ն։ Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում միաձայն որոշվեց. քըխ ա ԱԲ-ն։ Ինձ համոզվեք, որ էս գործընթացները էապես տարբերվում են իրարից... Ո՞նց որոշվեց, որ դա առաջնահերթություն էր, ի՞նչ տվյալներով, ո՞ւմ հետ խորհրդակցելով, ո՞ւմ կարծիքները լսելով։ Միայն ԿՔՆ-ի՞: Բա նույն ԱԲ ուսուցիչ ու տնօրեն, ԱՅԲ-ի շրջանավարտներ, կրթական համայնքի ներկայացուցիչներ, նույն կրթական համայնքում գրեթե առանց բացառության բոլորի կողմից էդքան հարգված Սերոբը, սաղ հե՞չ։ Ու հիմա լիքը մարդ պաշտպանում ա նոր կառավարությանն ու նոր նախարարին էս հիմնավորմամբ՝ <Նախարարն ուրեմն մի բան գիտի․․․> Մյուսները չգիտեի՞ն մի բան․․․ Սրանց փոխեցինք, որ հիմա էս մյուսների իմացածին կուրորեն հետևե՞նք։ Վստահության պակասը փոխարինում ենք կույր հավատով, որ ի՞նչ․․․ Ասենք մենք հավ ենք, բա իրենք իրենց վրա պատասխանատվություն չեն ուզո՞ւմ վերցնել մեր հավության համար։ Բա էլ ինչո՞վ են նախորդից տարբեր․․․ Նախորդն էլ էր մեզ լրիվ հավի պես վերաբերվում։
3. Լավ, նախկին ԿԳՆ-ն համը հանեց, բայց էդ ծրագիրը արդեն կա, չէ՞: Լիքը փող ա ներդրվել, չէ՞: Լիքը գործ ա արվել, չէ՞: Մենակ ֆինանսական աուդիտը ցույց կտա՞ դրա արդյունավետությունը կամ անարդյունավետությունը, թերություններն ու առավելությունները... Դա առկա ամենաարդյունավե՞տ գործիքն ա հասկանալու էդ ծրագրի լավն ու վատը։ Եթե խնդիրը միայն պետական բյուջեից հատկացումների նպատակային ծախսն ա, ապա ինչո՞ւ համակարգային ֆինանսական աուդիտ չի արվում։ Ինչո՞ւ հենց ԱԲ-ն։ Կարելի՞ ա իմանալ այդ մասին, պարոն Նախարար։ Եթե ոչ, ինչո՞վ եք տարբերվում նախորդից։ Կառավարման տարբերությունը ո՞րն ա։ Լավ մտադրություննե՞րը։ Չմեջբերեմ հայտնի ասացվածքը․․․

Ու ընդհանրապես էսօր պարզվում ա, որ ֆինանսական աուդիտ չի, այլ հենց վերևում նշված ուսումնասիրությունը․․․ բայց անում ա ԿԳՆ-ն ու նախարարի նման հայտարարությունից հետո։ Էլի եմ խնդրում, ինձ համոզեք, որ սա նորմալ ա ու տարբերվում ա նախորդից ու մտադրություններն են բարի․․․

4. ԱՅԲ-ի թիմը հույս ունեմ էս ընթացքում դասեր ա քաղում։
Ծրագրի շուրջ հաղորդակցությունը պրոբլեմ ա․․․ ինչպես Դավիթ Սահակյանն էսօր խոստովանեց, եթե մենք չենք կարողացել մարդկանց տեղ հասցնել, որ աշակերտների 70% ԱՅԲ ավագ դպրոցում անվճար է սովորում, դա մեր սխալն եղել․․․ Այո, և մնում է․․․ Ես կարդում եմ, թե մարդիկ ինչ են գրում ՖԲ-ում ու ապշում․ ԱՅԲ-ի դեմ փաստարկները հետևյալն են․
-     էլիտարություն․
Սրա մասին խոսելիս գրեթե բոլորը խոսում են ԱՅԲ դպրոցի մասին՝ տարրական, միջին ու ավագ։  Առաջին երկուսից շատ բան չգիտեմ, երրորդին հա հետևում եմ, որովհետև դա ա լինելու ԱԲ-ի դպրոցը։ Սեբաստացին կրթաթոշակ տալի՞ս ա, կամ Քվանտը, կամ Շիրակացին։ Եթե այո, էդ բոլորը հասանելի՞  են շնորհալի երեխեքին։ Այո, տաղանդավոր, շնորհալի, ակադեմիական հակում ունեցող, ոնց ուզում եք կոչեք, որովհետև այո, բոլորը նախնական ընտրություն են անում․ այդ բոլոր դպրոցները հասանելի չեն բոլոր երեխաների համար։ Արդյո՞ք պետք է լինեն նման դպրոցներ։ Այո, սա քաղաքականության խնդիր է, սա նախարարի և կառավարության որոշման խնդիր է։ Ու դրա համար գործընթաց ա պետք, հեծանիվ պետք չի հորինել, ուղղակի պետք ա հասկանալ, որ կա տարբերություն նախարար ու ակտիվիստ լինելու միջև, որ սկզբունքայնությունը տարբեր կոշիկների մեջ տեղավորելն ա պետական քաղաքականություն մշակելու ամենաբարդ մասը։

Բայց նախարարի խնդիր չի թիրախավորել ԱՅԲ ավագ դպրոցը այլ <էլիտար> դպրոցներից․․․ Սիրուն չի, Արայիկ․․․

Սրանք էլիտա՞ր դպրոցներ են։ Ստացվում ա, որ ըստ նոր կառավարության՝ այո․․․ Բոլորը վճարովի, նախնական ընտրությամբ, թե երեխաների, թե ուսուցիչների, թե ռեսուրսների․․․ Բայց սրանք նաև գերազանցության կենտրոններ են, որոնք որպես կանոն հենց շնորհալիների համար են, նույնիսկ էգալիտար սովետում։

ԱՅԲ հիմնադրամի թերացումներից մեկն էլիտարն ու գերազանցը իրար խառնել ա, որի արդյունքում ունենք անգրագետ քննարկումներ։ Մեր իրողություններում էլիտան գաղջ ա, կոռումպացված ու մի խոսքով շատ վատն ա, ու պարզ ա մարդկանց մտահոգությունը, նույնիսկ եթե այն իռացիոնալ ա ու ոչ հիմնավորված։ Հաղորդակցության գործը հենց դրա հետ աշխատելն ա։ Ով ինչ կասեր, եթե ԱՅԲ հիմնադրամն ասեր՝ <Մենք գերազանցության ծրագիրը հասանելի ենք դարձնում բոլոր երեխաների համար, փուլ առ փուլ>։ Ասվել ա, ճիշտ ա, շատ ա ասվել ու էլի ասվում ա, բայց արդեն լսող չկա, ՖԲ անեկդոտի նման․

Մեկը ՖԲ-ում փոսթ ա գրում՝ կնիկդ ման եկող ա։ Երկրորդը փմ անում, թե բա ես ամուսնացած չեմ։ Առաջինն էլ, թե դա ինչ կարևոր ա, արդեն սաղ ՖԲ-ն իմացավ․․․ 

Մի խոսքով, դե՞մ եք գերազանցության կենտրոններին կամ էսպես կոչված այլընտրանքային մեթոդաբանությամբ ծրագրեր առաջարկող դպրոցներին, որոնք Հայաստանում հիմնականում կենտրոնացած են Երևանում, մասնավոր են, թանկ, անհասանելի բոլորին, անգամ նույնիսկ
բազմաթիվ շնորհալիներին, եղեք սկզբունքային, պահանջեք բոլոր նման կենտրոնների՝ <Բլեյանի դպրոցի>, Քվանտի, Շիրակացու, Արեգնազանի և այլնի նպատակահարմարության վերանայումը․․․ 

- ԱՅԲ ավագ դպրոց․
Գրեթե բոլորը խառնում են էս դպրոցն ու ԱԲ-ն․․․

ԱՅԲ հիմնադրամի ժողովուրդ, հստակ, պարզ, հարյուր անգամ կրկնեք, ոչինչ, մեկ էլ տեսար տեղ հասավ․․․ ԱԲ-ի մասին ավելի շատ խոսեք, հանեք ձեր հանրային քննարկումների արդյունքները, դրանց վրա կառուցեք ձեր հաղորդակցությունը։

Հանրային քննարկումներ եղել են,  ու դրանց հետ կապված ես խնդիր էի տեսնում դեռ էն ժամանակ, երբ թե ԱԲ-ի կայքում, թե ՖԲ-ում գրում էիք դրա մասին։ Տեղեկացնում էիք արդյունքների մասին, բայց չեմ տեսել, որ նախօրոք հայտարարված լիներ, թե երբ ու որտեղ ա անցկացվելու հերթական հանդիպումը (մի քանի անգամ ուզեցել եմ մասնակցել, բայց բաց հայտարարություն չգտնելով, չեմ կարողացել)․․․ Հասկանում եմ, կառավարման խնդիր կար․․․ Գոնե հետո զուտ փաստեր ներկայացնելու փոխարեն՝ անցավ էստեղ, էսքան մարդ ակտիվ մասնակցեց, բլա բլա, քննարկումներից մի երկու արդյունք ամփոփեիք, ասեիք, այ էսպիսի մտահոգություններ են եղել (չէին կարող չլինել), դրանց էսպես ենք արձագանքել․․․

Էլի ուշ չի, արեք, ափսոս ա էդ ձեր աշխատանքը․․․
 
- Դիլիջանի կենտրոնական դպրոցի ու Մոնթե Մելքոնյան վարժարանի շուրջ պատմությունները․
Սրանց մասին գրեթե ոչինչ չգիտեմ, բայց եթե կա նման խնդիր, կարիք կա նույնքան հստակ անդրադառնալու սրանց, որքան ԱԲ-ին եղավ անդրադարձը հոգաբարձուների նամակում։

- ուսուցչիների ընտրության գործընթացի թափանցիկության հետ կապված խնդիրներ․
Սրա մասին քննարկումը տեր Մեսրոպի ՖԲ գրառման տակ տեսա ու կինը, որը բարձրաձայնեց խնդրի մասին, շատ հստակ էր ներկայացրել դա․ ես ինչպե՞ս համոզվեմ, որ ես իսկապես ստացել եմ գնահատական ըստ արժանավույնի, եթե ինձ ընդամենը մի տող է գրվում՝ ցավոք, Դուք չեք անցել հաջորդ փուլ։

Դրա համար լիքը մեխանիզմներ կան՝ եթե չեք ուզում թեստի կրկնօրինակը տալ, հրապարակեք պատասխանները (լավ թեստ կազմելը տաժանակիր աշխատանք ա, հասկանում եմ, որ էս դեպքում միգուցե թեստի որոշ հարցերի երկարաժամեկտությունը պահելու խնդիր կա, բայց սրան էլ լուծում կա)։ Եթե ոչ, հրապարակեք ռուբրիկը՝ հստակ։ Ես հասկանում եմ, որ հատկապես հիմնավորող էսսեների դեպքում մեր մշակույթում շատ դժվար ա վստահելի ռուբրիկ կազմել, բայց անհնարին չի։ Մանավանդ, որ մեր ուսուցիչների մեծ մասն իրենց աշակերտների նման կասեն, բայց մի կետադրական սխալ չէի արել ու ցածր ստացա։-))))

Ինչևէ, սա արդեն մասնագիտական քննարկում է, իսկ ըստ էության թափանցիկության խնդիրը կա և որքանով հետևեցի քննարկմանը ԱԲ-ից միայն մի հոգի պատասխանեց, այն էլ կիսաապատեղեկատվությամբ, կիսատ-պռատ ու ոչ ըստ էության։ Մինչդեռ ԱՅԲ-ի հաղորդակցության թիմը պետք ա նման տեղերից դուրս չգար ու փաստարկված արձագանքեր նման հարցերին, իսկ եթե իսկապես չկան մեխանիզմներ, ապա խոստովաներ, ինչպես Դավիթը, որ այո, թերություն է, ապրեք, որ ասեցիք, գնանք տեսնենք ինչ ենք անում․․․ Ժողովուրդ, ցավոտ ա, բայց մի դիրքավորվեք, գործ արեք՝ շահերը հասկացեք, լուծումներ առաջարկեք, ինչ արվել ա, հստակ ներկայացրեք։

ԱԲ-ի բովանդակային մասին չեմ անդրադառնում, որովհետև սա քաղաքական ու քաղաքականության մշակման գործընթացի մասին, որն առնվազն անգրագետ, առավելագույնս անձնավորված ու թիրախավորված ա․․․ Մեր նոր, բարի ու լավ, հակակոռուպցիոն մեծ հավակնություններով ԿԳՆ-ի կողմից․․․ 






No comments: