Tuesday, November 10, 2015

Փակագծեր

Ինչ ունեմ ասելու: Չգիտեմ: Եթե երբևէ սնապարծությունս էնքան շատանա, որ տրվեմ ընկերներիցս մի երկուսի հորդորանքին, էս բառից միլիոն հատ ա լինելու ա. գրեթե ամեն նախադասությունից հետո:-) Բայց գիտեմ, որ ոչ մի նոր բան չի ասվելու, անգամ հինն էլ նոր ձևով չի ասվելու (ինչպես ինձանից առաջ տասնյակ տաղանդավոր, հազարավոր շնորհալի ու տասնյակ հազարավոր անշնորհք գրողներ են ասել): Ամեն ինչ ասվել ու շարունակվում է ասվել աշխարհի ու մարդու, կյանքի ու մահվան մասին: Բայց ինչպես միլիոն տարի առաջ (էն ժամանակ մարդ կա՞ր), հիմա էլ մարդը, անծանոթ մարդը շարունակում է հետաքրքրել մյուս անծանոթ մարդուն (մինչդեռ արդեն վաղուց ժամանակն ա հետաքրքրվելու ու ճանաչելու ծանոթ մարդկանց, որովհետև էդպիսիք գնալով շատանում են, ու մենք խառնվում ենք իրար, չենք կարողանում, չգիտենք ինչպես ճանաչել ու սիրել ծանոթներին, որովհետև հազարամյա գեները շարունակում են հրապուրել մեզ դեպի անծանոթը: Իսկ նա, էս անծանոթը, գնալով քչանում ա, ու մենք թակարդն ընկած մկան (Չքաղաքականացնել: Կամ եթե կարող եք էնպես անել, որ մուկն ընկնի թակարդը՝ խնդրեմ: Ես՝ ձեր խոնարհ ծառան։-)) նման դեսուդեն ենք մեզ խփում. իիիիիինչ անենք, ոնց անեեեեենք.............):

Արդեն նկատեցիք. ես սիրում եմ փակագծեր: Ես շատ եմ սիրում փակագծեր, որովհետև փակագիծից ներս կյանքն է: Մարդու, մեկի կյանքը: Դրանցից դուրս ամեն ինչ ունայնություն է: Դե, էնքան էլ չէ, որովհետև դրանցից դուրս կյանքի կմախքն ա: Դրանցից դուրս հենարանն ա: Բայց մարդուն հենարանը երբեք չի բավարարել ու ինքն ի սկզբանե սկսել ա զարդարել հենարանը: Ու ինչպես կասեր մեր Նարուկը, «զարդարունքն» այդ հենց մարդու կյանքն ա: Փակագծի փակերը հենց ուղղեցիր, կլոր այդ գծերը հենց պառկեցրիր, ներսից դուրս ա հորդում մարդու կյանքը: Մարդու, ոչ թե մարդկության: Պուճուր ու մեծ, թշվառ ու հպարտ մարդու կյանքը: Դուրս ա հորդում ու կորչում գնում: Դառնում մարդկության կյանք: 

Փակագծերում պահում ենք ամեն մի մանրունք, որ կարող է դիմացինին մատնել ինքներս մեզ: Մատնե՞լ: Ինչո՞ւ մատնել: Ինչո՞ւ ենք փակվում փակագծերից ներս ու մտածում, որ դուրս գալ նշանակում է մատնել: Չգիտեմ: Բայց էստեղ ես հաճախ բացում եմ իմ փակագծերը: Անգամ մատնության գնով։-)

No comments: