Monday, November 2, 2015

Կամուրջ

Հայկանուշը տասներկու տարեկան էր, երբ ամուսնացրին Համբարձումի հետ, որ պիտի դառնար իմ ու շատ այլոց պապն ու ում փեշակն ուրիշներին տաքացնելն էր. փեչ էր սարքում: Ու սիրունացնում կենցաղը՝ կլեկում էր, մաքրում-փայլեցնում էն ամենն, ինչ բնականորեն հակված էր մաքուր ու փայլուն լինելու: 

Բաբոս լուռ, հոգատար երեխա էր բերում: Սաթիկ, Բենիկ, Արփիկ, Ռիմա, Յուրիկ, Ռոզա, Անժո, Անո: Ու կար Գենկան, որն էնքան սիրուն էր, որ մի օր հարևանը սիրելով քար նետեց, թե «Արի սիրեմ մի քիչ», քարն էլ կպավ Աքիլեսյան գարշապարին ու Գենկան գնաց էնտեղ, որտեղ իր տեղն էր: Նույնիսկ Կլեկչոնք հարմար չեկան հրեշտակին: 

Կլեկչոնց ցեղը կամուրջ ա էս կյանքում: Մեկ-մեկ՝ ճոճվող, մեկ-մեկ՝ դարավոր, քարե կամուրջ, բայց դեռևս երբեք չվթարված: Էդ կամուրջով սերունդներ են անցնում տառապանքից տառապանք: Կլեկչոնց ցեղը երկաաար կամուրջ ա. երբեմն մի ծայրից մյուսն անցնելիս, հասցնում ես մոռանալ, որ կամուրջը վերջ ա ունենում: Կլեկչոնց կամուրջը կանգառներ ունի: Վե՞րջ: Հույս ունեմ դեռ մի քանի սերունդ էլ չի հասցնի գտնել  Կլեկչոնց կամրջի վերջը: 

Կլեկչոնց ցեղի կանայք մի հրաշալի հատկություն ունեն՝ բաջանաղներին ճիշտ ընտրել: Երևի մենակ Սաթիկի բախտը չբերեց: Արփիկն ուներ ոսկե ձեռքերով Մամիկոնին, Ռիման՝ «բեր էն, չգիտեմ ինչը, էնտեղից, չգիտեմ, որտեղից»-ը միշտ գտնող Գագիկ Լևոնիչին, Ռոզան՝ Կոտե Մախարաձեի հայկական տարբերակ Ալյոշա Կազարյանին, Անժոն՝ պրոֆեսոր Հայկազին, Անոն՝ ֆրանտ ու բարետես Սամվելին: Բնականաբար, գոյություն ունի բաջանաղական խորոված անելու նույնքան միակ ճիշտ ձև: 

Ու եթե բաջանաղների համար խորոված անելու միակ ճիշտ ձևը կարող ա խորովածի կրակի մոտ անթաքույց հակամարտության տեղիք տալ, իրար կյանքի միջով անցկացնելու միակ ճիշտ ձևը Կլեկչոնց մոտ երբեք կասկածի տակ չի դրվել: Անկախ աշխարհը որ ուղղությամբ կպտտվի, եթե Կլեկչոնցից մեկն ասել ա, որ ձախ ա պտտվում, ուրեմն ձախ ա պտտվում: Ուզում ա աստված երկնքից իջնի ու գիտականորեն ապացուցի, որ էդպես չի: Իրենք իրար պինդ բռնած, թևութիկունք գնում են առաջ...

Կլեկչոնք աշխարհի աղնուհացն են. «Դե, սիրուն ցեղ ենք, էլի, հո զոռով չի»: Սա դասական ա, որ հնչում ա ցեղ ներս թողնելու պաշտոնական ամեն մի արարողության ժամանակ՝ իբր թե կամաց ու պատահաբար խնամոնց ականջու նետված: 

Հ.Գ. Իմ տարօրինակորեն հավատարիմ ընթերցողի համար։-)))

No comments: