Friday, June 19, 2015

"Listening is loving"

Էնպես ա ստացվում, որ լսելու մասին մտքերն ինձ սիրում են հյուր գալ: Ու ավելի ու ավելի հաճախ: Որովհետև մարդկանց մեծ մասը լսել չի կարողանում, իսկ ես, որ մի ժամանակ լսող էի, ավելի ու ավելի քիչ բան եմ սկսում գտնել՝ լսելու արժանի:-)  Ու դառնում եմ չլսող: Կամ էլ «ծերանում եմ, Պարույր Սևակ»:-))))

Բայց ինչ էի ուզում ասել. էդ նոր պուպուշ բառերից մեկը, որ մտել ա իրեն հումանիստ համարող մարդու բառապաշար՝ էմպատիա, ապրումակցում, կամ ինչպես մեր տատերն ու պապերը անհիշելի ժամանակներից կոչել են «ուրիշի կոշիկների մեջ մտնել» կամ «քեզ մի պահ դիր իրա տեղը», իրականում լսելու մասին ա: Որովհետև ուրիշի կոշիկներում հայտնվելը չի նշանակում ուղղակի ՔՈ ոտքերով մտնել ՈՒՐԻՇԻ կոշիկների մեջ: Էդ նշանակում ա, քո ոտքերը դարձնել ուրիշի ոտքեր ու մտնել: Երբ լսում ենք մարդուն, միանգամից լսածը տեղավորում ենք մեր աշխարհում ու գնաց. պատասխան ա, որ տալիս ենք: Որը նշանակում ա մի բան. չենք լսում: Եթե իսկապես լսում ես, գրեթե անհնար ա միանգամից պատասխաններ գտնել: Ինչո՞ւ:

Երեկ մի պահ լամպը վառվեց. լսելն աշխարհի ամենահետաքրքրիր բան ա, լսելը մետամորֆոզ ա: Դու կերպարանափոխվում ես: Դու քո աշխարհը մի կողմ ես դնում, դու հայտնվում ես ուրիշի աշխարհում ու սկսում հասկանալ էն, ինչ ասում ա մարդը...Դու դառնում ես ինքը...դու լսում ես ոչ միայն էն, ինչ ասվում ա էս պահին, դու դառնալով ինքը, սկսում ես գիտակցել կամ դրանից էլ անդին, թե ինչու, ինչպես ա մարդն եկել նրան, ինչ հիմա ասում ա քեզ։ Ու հետո հետ ես գալիս ինքդ քեզ: Ո՞նց ա հնարավոր միանգամից պատասխան ունենալ...Ու ինչպե՞ս ա հնարավոր միշտ պատասխան ունենալ... Եթե էս ընթացքը չկա, չկա լսել: 

Էնքանով, որքանով... Դժվար ա: Բայց ի՞նչն ա հեշտ էս աշխարհում, եթե հիմար չես: 

P.S. Երեկ էս հավես կինոն նայեցի, երբ լամպն սկսեց շաշ-մաշ լույս տալ:-) 

No comments: