Tuesday, September 3, 2013

Long time, no see:-)

Միլիոն տարի համարյա:-)

Բայց լավն ինչն ա․ Ղրիմը:-) Որ հասցրեցի տասը օրում միիի քիչ ճանաչել ու շատ սիրել: Վերջինը հեչ դժվար չէր, որովհետև լեռներն ու ծովն էդ գործն անում են քո փոխարեն: Առաջինն էլ, ընդամենն ուժեղ ոտքերի ու թարմ ուղեղի խնդիր էր, որ օրվա առաջին կեսին կարողանում էի ապահովել:

Սկսեմ վրձնի մեծ ու «կեղտոտ» հարվածներից (ու նախազգուշացնեմ, որ շաաատ երկար ա)․


֊ Ղրիմն Ուկրաինա չի, չնայած ուկրաիներեն պաստառներին ու ցուցանակներին:
֊ Ղրիմն իմ մանկության Ադլերն էր․ հանգստացողներ, հանգստացողներ ու հանգստացողներ, մեկումեջ էլ բարեհաբույր ու հյուրընկալ տեղացիներ:
֊ Ղրիմն անասելի սիրուն բնության ու էդ սիրունությունից հանդարտված մարդկանց երկիր ա:

Հիմա սկսենք հղկել՝

Ռուս, ուկրաինացի, թաթար ու չգիտեմ ինչ
- Ես թաթար եմ, մուսուլման, չնայած հաստատ հասցրեցիք նկատել, որ արդեն վաղուց ռուսացված: Ղրիմի բնակչության մոտ քառասուն տոկոսը թաթար են: Հիսունականներին շատերը վերադարձան: Սկզբում ամեն ինչ շատ բուռն էր․ ամեն մայիս (կամ հունիս, լավ չեմ հիշում, պետք ա ուիկի անել) ամբողջ Ղրիմից թաթարները երթով գալիս էին Սիմֆերոպոլ՝ նշելու տեղահանման հիշատակը: Լարված էր, բայց լարվածությունը պարպվեց մի քանի հարբած դանակահարություններով: Հիմա ավելի հանգիստ ա ամեն ինչ:
- Իսկ ձեզ համար ո՞նց ավելի լավ կլիներ՝ Ուկրաինայի՞, թե՞ Ռուսաստանի կազմում:
- Թուրքիայի: Պատմականորեն Ղրիմը թուրքական տարածք ա, չէ՞: Էդ երկուսից էլ լավ բան չես կարող սպասել: Իսկ Թուրքիայի կազմում կարելի ա լավ ապրել: Դե, իբր հիմա էլ ինքնավար ենք, բայց ամեն ինչն էլ Կիևն ա որոշում, - պատմում էր տաքսու վարորդը Մարմարե քարանձավներից վերադառնալիս:

- Սկիզբն իսկապես լարված էր․ երբ 90-ականներին Գորբաչովայի թեթև ձեռքով 50-ականներին Խրուշչովի ծանր ձեռքով տեղահանված թաթարներին թույլատրվեց վերադառնալ Ղրիմ, մի աննկարագրելի ու անկառավարելի բան սկսվեց․ ուզբեկ, գնչու, կիրգիզ, բոլորը հանկարծ դարձան թաթար: Հազարներով սկսեցին գալ ու զբաղեցնել դեռևս ազատ տարածքներ: Չգիտեմ Յալտայի ճանապարհին նկատեցի՞ք «զուգարանները»՝ փոքրիկ, կիսակառույց, անտեր տնակներ: Մենք դրանց «զուգարան» ենք ասում: Այ, նոր եկածները կառուցեցին՝ ուղղակի էդպես նշելով հողերը, որպես իրենց սեփականություն: Բնականաբար, էդտեղ ապրել չի լինի, բայց դրանք տուրիստական ճանապարհներին ընկած հողատարածքներ են ու հիմա՝ բավականին թանկ: Կամաց-կամաց վաճառում են: Բայց այլանդակել են ամբողջ լանդշաֆտը, - պատմեցին Անյան ու Կոստյան:

- Թաթարները կռիվ տվին, կռիվ տվին, դոշ ծեծեցին մի երկու անգամ ու հանգստացան: Գլխի ընկան, որ հետները կռվող չկա: Մարդիկ էստեղ ծույլն են, ո՞վ էր վեր կենալու դրանց հետ կռվի անի, - թեման շարունակում է երիտասարդ Վանյան, ռուս ու ուկրաինացի տատիկ-պապիկի թոռնիկը, նկարչուհի Անյայի տղան, ով ժպտալով հավելեց․

- Երբ էդ ամեն խառնաշփոթն սկսվեց, անձնագրերը պիտի փոխեինք ու մենք ինքներս պիտի որոշեինք, թե ինչ ազգություն ենք ուզում գրանցվի անձնագրում: Ես ու քույր որոշեցինք․ քանի որ մայրս ուլրաինուհի է, հայրս՝ ռուս, ես գրանցվեցի որպես ռուս, քույրս՝ ուկրաինացի:

- Ընդհանրապես Ղրիմում աբսուրդ ա ինչ-որ էթնիկական հարցեր բարձրացնել, քանի որ դարերով մարդիկ էստեղ խառնվել են իրար, ու էս բորշից դժվար ա որոշել, թե ով ով ա, - վրա բերեց Անյայի գեղեցկադեմ ամուսին Կոնստանտինը, հունական ու ռուսական արմատներով «Քրիստոսը»՝  ղրիմյան եկեղեցիներից մեկի խճանկարում, որը կինն էր հեղինակել:

Մեր ճանապարհոդության հաջողության գրավականը թերևս հենց Անյան ու Կոստյան էին, ում հյուրընկալ հյուրանոցում իջևանեցինք առաջին երկու սիմֆերոպոլյան օրերին: Քաղաքն անմիջապես գրավեց մեզ իր կիլոմետրերով ծգվող կանաչ այգիներով ու գեղեցիկ կանանցով: Դե, կանայք էստեղ լրիվ ուրիշ պատմություն են, ու Սիմֆերոպոլը միակը քաղաքը չէր, որի գեղեցկության բաղադրատոմսում կանայք կարևորագույն բաղադրամասն էին:-)

Հենց Սիմֆերոպոլում նկատեցինք, որ խորհրդային խորհրդանիշներն ու անվանումները հիմնականում պահպանվել են, օրինակ՝ քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող կայարանի հրապարակում նստած Լենինը: Քանի՞ անգամ եք տեսել նստած, ոտքը ոտքին գցած Լենին:֊) Ճիշտ ա, ոչ մի:-) Իսկ հեղինակը Անյայի մայրն է, ով հաճախ կրկնում էր․

«Ленин меня осиротил и за это кормил всю жизнь»

Հա էլի, ինչու պետք ա կանգներ որ հանգստացող երկրամասում:-) Անյան էլի լիքը հետաքրքիր բաներ պատմեց մոր մասին, բայց ես չկրկնվեմ, վերևի լինքում հենց իր պատմություններ են: 

Մեր զրույցը կամաց-կամաց անցավ ուկրաինացիներին, ու բոլորը գրեթե միաբերան հավաստեցին, որ Ղրիմում ուկրաինացիներն անգամ ռուս են:-) Ղրիմում ընդհանրապես որևէ խնդիր չկա ուկրաինացիների հետ, մինչդեռ արևմտյան Ուկրաինայում շատ էլ մեծ խնդիր կա ռուսախոս ղրիմցիների հետ.  էնտեղ, օրինակ՝ Լվովում, հրաժարվում են ռուսերեն խոսել ու սպասարկել ռուսախոսներին: Էս մասին մեզ պատմեց նաև թաթար տաքսիստը, ով Լվովում ստիպված էր ծարավը հագեցնել հայկական գարեջրատանը, քանի որ ուկրաինացիները հրաժարվել էին սպասարկել...

Հիմա անցնենք մեր այցելած քաղաքներին. 

Սիմֆերոպոլի մասին արդեն մի քիչ ասեցի: Երևի կավելացնեմ միայն պատկերասրահի ու գեղեցիկ, մաքուր, բայց հնացած փողոցների մասին, որոնք զարդարում էին երկհարկանի ցարական շենքեր: Պատկերասրահը նախկինում ցարական սպաների տուն էր եղել,  և այսօր հին ավանդույթները փորձելով վերականգնել՝ անցյալ տարվանից ամանօրյա պարահանդես են հրավիրում նախկին պարահանդեսային սենյակում: Ափսոս, որ նվագախմբի փոքրիկ պատշագամբը փակ էր: Իսկ պատկերասրահից հիշվեց Շիշկինի (չասեք, չգիտեմ ով ա. եթե «Միշկա» կերել եք, ուրեմն գիտեք Շիշկինն ով ա:-))) ֆանտաստիկ գրաֆիկան, ֆանտաստիկ, որովհետև գրեթե անհնարին մանրամասնությամբ ներկայացրել էր ղրիմյան անտառը: Հա, էնտեղ Ռեպինի մի նկար կար, բնորդուհու: Էհ, կասեք, հա ինչ: Էհ, ոչինչ: Ուղղակի դա առաջին անգամն էր Ռուսաստանում, երբ բրոնդուհին բնորդուհի էր, ոչ թե բնորդ:-) Կարծեմ 1867թ.: 

Հա, նույնիսկ հասցրեցինք կինո գնալ:-) Քանի որ բոլոր ֆիլմերը ուկրաիներեն էին, ստիպված նայեցինք միակ ռուսերեն ֆիլմը, որը պարզվեց բավականին էլ հավես էր:-)

Սիմֆերոպոլից մի քիչ հեռու մի հրաշք կա, որ կոչվում ա «Մարմարե քարանձավ»: Էստեղ մարդը լռում ա, հերթական անգամ խոնարհվում ա բնության հանճարի առջև...

Յալտան մեր հաջորդ կանգառն էր, որ հասանք երկու ժամում: Առաջին տպավորությունն անկեղծորեն հիասթափեցնող էր՝ մութ, գաղջ, կեղտոտ: Առավոտյան, սակայն, ամեն ինչ ընկավ տեղը, երբ այցելեցինք Չեխովի տուն-թանգարան: Ղրիմում իմ ամենասիրելի տեղերից մեկը: Չգիտեմ էլ ինչու. երևի, որովհետև տունը մի տեսակ չեխովյան ազնվականությամբ, պարզությամբ ու գեղեցկությամբ էր շնչում: Ու կորել էր բազմաթիվ հյուրանոցների ու տների մեջ...  Մեր գիդն ամփոփեց այցելությունը Չեխովից մեջբերումով. «Իմ մահից հետո ինձ կկարդան յոթ տարի: Չէ, ավելի ճիշտ երեք: Չէ, այնուամենայնիվ, միգուցե և յոթ»...

Յալտան հետաքրքիր էր նրանով, որ ինքը Մեծ Յալտա էր, այսինքն քաղաքն ինքը սովորական սովետական (ցարականից հենց Յալտայում ավելի քիչ հետքեր էին մնացել, կարծես) հանգստավայր էր, բայց շուրջը հրաշք բնություն էր... Նիկիտյան բուսաբանական այգին, իր զգլխիչ վարդերի հավաքածոյով, Արջի սարը, որն իսկապես նման էր արջի:-), Ծիծեռնակի բույնը՝ ծվարած ծովի վրա կախված ժայռի եզրին, Լիվադիայի այգիների կանաչն ու հանդիպակաց մովը... Դե, Վորոնցովի պալատն էի գնացինք, բայց մի տեսակ չտպավորեց...

Սևաստոպոլը տարբերվում էր միանգամից: Առաջին իսկ հայացքից, միգուցե նաև դեռ մանկությունից հայտնի պատմությունների պատճառով, ինչ-որ վեհ բան կար էս քաղաքում: Ամեն քայլափոխին քաղաքի պատմությունը վկայող հուշարձաններն ու հուշատախտակները, «ստալինյան բարոկկո» անվանված ճարտարապետական ոճը, նավաստիներն ու սպաները քաղաքին ինչ-որ առնական շունչ էին հաղորդում: Մինչև Սևաստոպոլ գալը հասցրել էինք կարդալ Տոլստոյի «Սևաստոպոլյան պատմվածքներից» երկուսը, ու թերևս էդ պատճառով էլ հայտնի պանորաման կրկնակի տխուր ու ազդեցիկ էր: Ինձ հատկապես հուզեց բժիշկ Պիրոգովի կերպարը. Ղրիմյան պատերազմի մեկ տարում դաշտային հոսպիտալում 5000 վիրահատություն... Նման մարդկանց շնորհիվ հույսս երբեք չեմ կորցնում մարդուց: 

Մեր ղրիմյան շրջագայությունն ավարտվեց Եվպատորիայում, որն իմ հիշողության մեջ մնացել էր որպես երկրաշարժից տուժածներին օգնության ձեռք մեկնած քաղաքներից մեկը: Էստեղ լաաաաավ հանգստացանք, իսկ ես մասնավորապես, մի տոն համով ձուկ կերա։-))) Եվպատորիայի դելֆինարիայում էլ հասցրեցի մի քիչ զռալ. կենդանիների անհավատալի գեղեցկությունից ու մարդուն աներկբա վստահելու նրանց ցնցող կարողությունից:-) 

Շատ լավ էր:-)

1 comment:

Anonymous said...

Ինչ հավես գրառում էր։ ։)