Friday, September 13, 2013

Փոքրիկ տարօրինակություններ

Մի քանի օր առաջ ինչ-որ քննարկում էր, որի ընթացքում ինձ հանկարծ բռնացրեցի էն մտքի վրա, որ էս կամ էն զրուցակցին սկսում եմ լսել, եթե ձայնի «երանգն» ինձ դուր ա գալիս: Ի նկատի ունեմ հաճույքի ու համաձայնության խառնուրդը, կամ էլ ուղիղ դրա հակադարձ համեմատականը, որ մի տեսակ ոչ մի տեղից ու ակամա ձևավորվում ա՝ հուզականորեն գունավորելով հաղորդակցային պրոցեսը: Թե չէ հակառակ դեպքում լսում եմ էլի, հենց-նենց:-) 

Ինչո՞ւ հանկարծ միայն էդ քննարկման ժամանակ նկատեցի էս «տարօրինակությունը». մինչև սկսելը մի քիչ ուշացումով մի կին մտավ ներս՝ փոքրամարմին, ժպտադեմ, մի տեսակ ամոթխած, իսկ պահվածքում՝ համակրելի անազատություն: Շշուկով մի քանի անգամ ներողություն խնդրեց ուշացման համար ու փորձեց տեղավորվել վերջին շարքերում: Կազմակերպիչների հորդորին մոտենալ հիմնական սեղանին, սկզբում ժպիտով մերժեց: Մի քիչ էդպես նստեց ու հետո տեղափոխվեց ամենամոտ աթոռին՝ տնօրենի կողքը:

Ինքը խոսեց գրեթե վերջում: Սկսեց համոզված, հանգիստ, մի մեկ-երկու րոպե անց աստիճանաբար էդ հանդարտությունն ալեկոծվեց ու վերածվեց բուռն, կրքոտ ելույթի: Սկիզբը դեռ լավ էր: Բայց մեկ էլ էդ կրքոտ խոսքի մեջ ականջս անսպասելիորեն սկսեցին ծակել գրեթե հիստերիկ, ճվճվալու կրեշենդոյին համարժեք նոտաներ: Անսպասելիությունից սկսեցի ակնդետ էդ կնոջը նայել՝ համոզվելու, որ ակնաջս չէր խաբում: Ախր կարճատես լինելով՝ ինձ օդուջրի պես պետք է մարդուն տեսնել, երբ նա խոսում է, որպեսզի ամեն ինչ լսեմ:-) Լողավազանում երբ ինձ են դիմում, չեմ հասկանում, որ ինձ են դիմում, քանի որ չեմ տեսնում դիմողին:-)))

Ինչևէ, էդ սուր, ճղճղան նոտաներից մի տեսակ եղա: Էդ սրությունն էնքան անհամահունչ էր նախկին տպավորությանս հետ, որ մի քիչ ավելի խորը նստեցի աթոռի մեջ, անհարմարության զգացողությունից հարմարավետայնության մեջ թաքնվելու միգուցե ենթագիտակցական մղումով: 

Ինձ համար ամենասարսափելի բաներից մեկը կյանքում, ամենատգեղ թերևս, իսկ դա էն ա, ինչից ես վախենում եմ ֆիզիկական վախով, կեղծիքն ա: Ու էդ կրեշենդոն հուշում էր, որ հանդարտությունն էդ կնոջ «եսի» մեջ մի տեսակ անհարիր էր: Չէ, կիրքը սովորաբար բարձաձայն երևույթ ա, հարցը դրանում չի: Բարձրաձայն ա, բայց ճղճղան չի կիրթ մարդու մեջ: Ճղճղանն իր տեղն ունի, հարցը լավուվատը չի, հարց ձևն ա, ձևացնելն ա...

Բայց դե մարդն ապրում ա իր համար, համոզված լինելով, որ շատ էլ ճիշտ ա ապրում, գրագետ մարդ ա, ինքն էլ իրեն լավ ճանաչում ա: Ինչ եմ քիթս խոթում ինձ չվերաբերող հարցերի մեջ: 

Եսիմ, որովհետև վերաբերողներից գլուխ չեմ հանում ու դա հավես չի...

No comments: