Thursday, March 29, 2012

Հացուկարագ

Մեր հանգստյան օրերն սկսվում էին տաաաաք լոգանքից, որի ընթացքում մաման մեզ էնպես էր լողացնում, որ նույնիսկ ես, որ սովորաբար գունատ էի, չնայած թխությանս, շառագունում էի վարդագույնի ամենավառ երանգներով:-) Հետո գունավոր թաշկինակներով կապում էր գլուխներս, որ չմրսեինք, ու մա՛րշ, անկողին: Չէ, չկարծեք, թե շատ դեմ էի: Չէ՞ որ  պիտի սկսվեր իմ սիրելի «АБВГДе́йка»-ն: Ու բացի դա, կար մեր ամենա-ամենա-ամենասիրելի նախաճաշը. պապան փոքրիկ ափսեում իրար էր խառնում կաթնաշոռ, թթվասեր, մածուն, ավելացնում շաքար, բրդում չոր հացի կտորներ ու միանում մեր ու ծաղրածուների խրախճանքին:-) 


Պապաս գեղեցիկը շատ ա սիրում: Օրինակ՝ մամայիս:-)))) Մանկությանս ամենասիրուն ու տաք հիշողություններից մեկը հորս սարքած հացուկարագն ա: Հացը կտրում էր բարակ, հավասար: Կարագը հարթ էր, առանց որևէ ծուռտիկ-մուռտիկ անհարթությունների: Հետո սկսվում էր կախարդանքը. բացվում էր կարմիր մուրաբայի ամանն, ու հայրս  դանակի ծայրով  նկարում էր իմ կյանքի ամենագեղեցիկ կտավները:-) 

Ես չգիտեմ ինչու ու ինչպես է հորս մոտ հայտնվել էդ անսպառ մարմանջը՝ գեղեցկացնել ամեն ինչ, ինչ շրջապատում է իրեն: Ծնվել է 41-ին: Մաթևոսյանի Ծմակուտում: Գիտե՞ք ինչ է նշանակում ծմակը. անտառի խիտ տեղ, որտեղ ստվերն ու մութն են տերուտիրակալ: Շամուտում տատս լուռումունջ երեխա էր ծնում ու սիրում, պապս ցերեկը հանդում հունձք էր անում, իրիկունը գյուղի հարսներին՝ աչքով ու օրուգիշեր իշխում իր բազմանդամ ընտանիքում: Գյուղացիք էլ ստվերից ու մթից ցորեն էին սարքում, բամբասում, կռվում, սիրում ու ատում: Հորս Շամուտն անտառն էր, չքավորությունն ու անգրագիտությունը: Բայց չգիտեմ ինչպես ու ինչու ինքը շալակն է առնում անտառը, հետևում թողնում ստվերն ու մութը ու դուրս գալիս լույս աշխարհ: Որտեղ հացուկարագը զարդանախշ գորգ էր, որտեղ հպարտ ու ազնիվ Հեկտորը հերոս էր, որտեղ մամաս «Էլիզաբեթ Թեյլորի պես սիրուն էր», որտեղ հողը փորելուց հետո քրտնքի փոխարեն մեր տունը լցվում էր վարդի անուշահոտությամբ: 

2 comments:

Unknown said...

Նենց ես գրել, ոնց որ պապայիդ հարյուր տարի ճանաչեմ...

Christina said...

:-)