Tuesday, January 18, 2011

Ճանապարհին

Muir Woods, Mill Valley, CA

Անտառը լուռ էր: Ասես մեծ մի վիշտ էր ապրել: Արցունքներն էլ հյուսել էին թանձր մառախուղը, որ ծանրանում էր դարավոր ծառերի հսկա բներին, երկնաքեր կատարներին ու անթիվ-անհամար տերևներին` թաքցնելով բերանբաց անցորդներից իր մորմոքն ու խորքը: Անտառն անտարբեր էր համարավետ նեղ արահետով ամեն օր ճեմող տարբեր գույնի ու ձևի մարդկանց  հանդեպ: Իր ոգիներն ու ստվերները մնացել էին վերջին հնդկացիների մարած հոգիներում: Երևի տարին մի անգամ մի խելառ էդ ոգիներից հմայված փորձում էր միանալ անտառին, բայց ո՞վ գիտի անտառն ինչպես էր արձագանքում...


***
Եվրոպայում գիդերն իրերի ու երևույթների հիշարժանությունը չափում են ժամանակով, Միացյալ Նահանգներում՝ փողով. «Սա Սան Ֆրանցիսկոյի ամենաթանկ հյուրանոցն է ... այստեղ տների գներն սկսվում են մի քանի միլիոնից... սրա կառուցման համար ծախսվել է էսքան միլիոն...»

***
Օդանավակայանն աշխարհի ամենահետաքրքիր երևույթներից է: Ոչ-ապհ-ականներում իմ տեսակին ճանաչում եմ լարվածությամբ. ասես ինչ-որ մեկին ինչ-որ բան ենք ապացուցում՝ առանց գիտակցելու, որ էդ ինչ-որ մեկը թքած ունի մեզ վրա... Ու ընդհանրապես, ի՞նչ ունենք ապացուցելու, ապրում ենք, էլի: 

Ճանապարհը տուն է դառնում...

1 comment:

Artashes said...

Antari masin eli gri, ha? U shat!!