Tuesday, December 7, 2010

ՅԱՀԸԿԸ:-)

© Fergus Allan - էսքան շատ սագ իմ կյանքում չէի տեսել...

Մի քիչ էլ Մոլդովայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության մասին: Հետաքրքիր էր ներսից դիտարկել ողջ գործընթացը:

Նման առաքելություն ձևավորվում է համապատասխան երկրի հրավերով: Պատվիրակության գործունեության մի քանի շերտ կա, որոնցից ամենատեսանելին թերևս երկուսն են՝ պատվիրակության նախագահն ու կարճաժամկետ դիտորդները: Բայց կա մեծ մի թիմ, որ առաքելության հիմնական ծանրությունն իր վրա է վերցնում: Բովանդակային առումով դա հիմնական թիմն է, որը բաղկացած է մի շարք  մասնագետներից՝ իրավաբան, ընտրությունների փորձագետ, քաղաքական վերլուծաբան, վիճակագրագետ, մամուլի փորձագետ և այլն: Թիմի  կազմակերպչական թևը երկարաժամկետ դիտորդներն են, ովքեր իրենց աշխատանքն սկսում են ընտրություններից առնվազն երեք շաբաթ առաջ. հետևում են քարոզարշավին և ամենակարևորը՝ պատրաստվում կարճաժամկետ դիտորդների ժամանելուն: Սրանք այն դիտորդներն են, ովքեր երևում են հեռուստատեսությամբ՝ այս կամ այն ընտրատեղամաս հաճախելիս: Սակայն դա անելու համար նախ պետք է ընտրվեն համապատասխան երթուղիները, և հենց դրանով էլ զբավում են երկարաժամկետ դիտորդների երկուհոգանոց թիմերը՝ երկրի համապատասխան շրջաններում: Նրանք են որոշում, թե ով որ և քանի տեղամաս պիտի այցելի, որտեղ պիտի մնա, ինչպես պիտի տեղաշարժվի և հաղորդակցվի տեղացիների հետ:

Նրանք երկու դիտորդից կազմված թիմի համար ընտրում են թարգմանիչ ու վարորդ, այցելում տվյալ շրջանի բոլոր տեղամասերը և յուրաքանչյուր թիմի համար առաջարկում նախնական երթուղի: Ընտրությանը նախորդող օրը դիտորդների թիմն այցելում է նախնական երթուղով նախատեսված բոլոր կամ գրեթե բոլոր տեղամասերը՝ արդեն հստակեցնելով հաջորդ օրվա երթուղին: Սովորաբար մեկ թիմն ընտրությունների օրվա ընթացքում պիտի այցելի 10-13 տեղամաս, յուրաքանչյուրում անցկացնելով միջինում 30 րոպե: Փորձը ցույց էլ տալիս, որ այս ժամանակահատվածում հնարավոր է հասկանալ տվյալ տեղամասի աշխատանքային դինամիկան ու օրինաչափություններն ու տարօրինակությունները:

Սա ընթացակարգային: Իսկ Մոլդովայում ինձ բաժին ընկավ հարավարևմտյան Լեովա նահանգը, որի տեղամասերն այցելեցինք էդինբուրգցի Ֆերգուսի հետ: Գործին միանգամայն քաջատեղյակ հանձնաժողովներ (երկու ընտրություններից ու մի հանրաքվեից հետո ինչքան փոքր քթի ծակ պիտի ունենայիր, որ պրոֆեսիոնալ չլինեիր:-), բավականին ակտիվ ընտրողներ, հանդարտ մթնոլորտ, ուշիմ տեղացի դիտորդներ, ոչ մի խախտում: Նույնիսկ անհետաքրքիր էր:-)

2 comments:

Anonymous said...

բա մարդկանց չիրազեկեցի՞ք մեր նորագույն նվաճումների մասին՝ լցոնում, կառուսել, մառդաբոյ :ՃՃՃ

christina said...

Իրազեկենք, բա ինչ անենք, հարմար առիթն էլ մոտենում ա:-)

Բայց, լուրջ, շատ տպավորված եմ: Երևի իրանք մարդ կդառնան, իսկ մենք` մեր «ստեղծագործ ներուժի» գործնական կիրառման էքսպերիմենտալ օկյեկտներ:-)