Thursday, December 2, 2010

Պատմություններ էստեղից-էնտեղից

«Նոր էի վերադարձել Հարավային Աֆրիկայից: Դուբլին հասա ութուկես ամիս հետո՝ ոտքով, մինչև ուսերս հասնող մազերով, որպես դասական քրչոտ հիպպիի մարմնավորում: Աշխատավորների կուսակցության մարքսիստական թևի անդամներից էի: Էքստրեմիզմն ու զենքը երբեք իմը չեն եղել: Հենց վերադառնալուց հետո էլ ծանոթացա ապագա կնոջս: Փրինսթոնում էր սովորում ու ուսումնասիրում էր իմ կուսակցության ծայրահեղական թևի դերն իռլանդական քաղաքականության մեջ: Ես՝ կաթոլիկ իռլանդացի, ով ողջ գիտակից կյանքում աթեիստ է եղել, կինս՝ Չիկագոյի հայտնի հրեա դեմոկրատներից մեկի դուստր, ով չգիտես ինչու որոշել էր իր հետազոտություն իրականացնել 70-ականներին կոնֆլիկտներից ու թշվառությունից քայքայված Իռլանդիայում ... Հանդիպեցինք կուսակցության հավաքներից մեկի ժամանակ: Նույն գիշերն անցկացրեցինք իր սենյակում ու այդ օրվանից միասին ենք: 

Մենք զուգահեռ ենք ապրում՝ տարին երկու անգամ հատելով այդ զուգահեռները: Ամռանը ճանապարհորդում ենք՝ շքեղ ու գեղեցիկ: Այս տարի Կորսիկայում էինք՝ հիմնականում թրև գալով հայտնի գինեգործների մառաններում: Ծննդյան տոները նշում ենք Դուբլինի լավագույն ռեստորանում: Երկու իրադարձություններին էլ մեզ են միանում մեր երկու դուստրերը, մեկը՝ Լոնդոնից, մյուսը՝ Նյու Յորքից: Հպարտ եմ իմ դուստրերով: Մեծի հետ երբեմն բարձրանում ենք Դուբլինի մոտակա սարերն ու ճանապարհին ազատություն տալիս ամիսներիով կուտակված քաղաքականապես կոռեկտ հնչող մեր կարծիքներին՝ ըմբոշխնելով թունդ լեզվի համնուհոտը, որի թիրախը սովորաբար կրոնն է»
Էրիկ, 60-ն անց, իռլանդացի քաղաքական գործիչ

«Իմ պրակտիկայից երկու զվարճալի դեպք եմ հիշում: Առաջինը, երբ մեղադրյալի աթոռին տրանսվիստիտ էր, իսկ ես ամեն անգամ նրան դիմելիս ներքուստ բուռն մի երկխոսություն էի սկսում ինքս ինձ հետ. «Հիմա ինչպե՞ս եմ դիմելու սրան. he/she»: Իսկ երկրորդը, թերևս լսել ես անգլերեն do things single-handed արտահայտությունը: Մեղադրյալի մի ձեռքը չկար, իսկ իմ ամփոփիչ ճառում դուրս եմ գալիս ու թե, "You did this single-handed"»
Էդրիան, 60-65, Բրիստոլի շրջակա գյուղերից մեկում 
բնակվող դատավոր 

«Դոնալդ Թրամփն Աբերդինի մոտ  Հյուսիսայինի ծովափի  երկայնքով ձգվող մոտավորապես երեք մղոն  տարածք է գնել՝ մտադրվելով գոլֆի դաշտեր կառուցել՝ համապատասխան համալիրներով: 1.5 բիլիոն դոլարի ներդրման մասին է խոսքը: Բնապահպաններն ու տեղական իշխանությունները փորձում են պայքարել այս ծրագրի դեմ: Այստեղ ավազե բլուրներ կան, որոնց ամրացումն, ըստ բնապահպանների, կհանգեցնի ֆաունայի ու ֆլորայի աղետալի փոփոխությունների: Թեև շինարարական աշխատանքները սկսվել են, Թրամփն առայժմ ստիպված է մեղմել իր եռանդը: Հակադրման ալիքը հուժկու է, բայց դոլարների քանակին գրեթե հավասարազոր»
Ֆերգուս, մոտավորապես 45 տարեկան էդինբուրգցի, 
շինարարական ընկերությունում ծրագրի ղեկավար

«Երկու տարի առաջ վաճառեցի մեքենաս: Դրա կարիքը բոլորովին չեմ զգում: Փոխարենը չորս հեծանիվ ունեմ. մեկը քաղաքում երթևեկելու համար, երկրորդը՝ երկար տարածությունների, երրորդը՝ լեռնագնացության և վերջապես չորրորդը՝ ճանապարհորդելու համար, ծալովի է, հարմար»
Զիգֆրիդ, 60-ն անց,  գերմանացի թոշակառու

«Ամստերդամի նոր գրադարանն ուղղակի հրաշք է: Ինքնին արվեստի գործ: Պաստառներն անգամ ուղղակի ապշեցնում են իրենց նրբագեղությամբ: Սրահներից մեկում դաշնամուր կա դրված: Յուրաքանչյուրը կարող է ուղղակի գրանցվել, և կես ժամ դաշնամուրն իրենն է: Երբեմն նստած կարդում ես քեզ համար, մեկ էլ ականջիդ են հասնում դաշնամուրի հրաշալի հնչյունները: 

Գեղեցիկ քաղաք է բայց, ես չեմ սիրում ամստերդամցիների քաղքենիությունը: Ամեն ինչ քննարկում են, ամեն ինչ դատապարտում: Օրինակ՝ մի օր խանութ էի գնացել ու փաթեթները դրեցի պատշգամբում: Որոշ ժամանակ էդպես էլ մնացել էին, մոռացել էի, իսկ երբ գնացի վերցնելու, հարևանս դիտողություն արեց, թե հարմար չի այդտեղ թողնել փաթեթները, պիտի անպայման տուն տանել»
Ջուդիթ, 50-55, հոլանդուհի, գնչուների հարցերով խորհրդատու, 
նախկինում անգլերենի ուսուցչուհի

No comments: