Tuesday, August 24, 2010

Philip Larkin: Jill

Օքսֆորդ: Երկրորդ համաշխարհային: Տասնութամյա պատանի, ով մի քիչ խելք ունի, մի քիչ ավելի շատ ջանասիրություն ու դրանց շնորհիվ փոքրիկ քաղաքի աշխատավոր ընտանիքից ընկնում է Օքսֆորդ, որտեղ մի քառակուսի կիլոմետրի վրա խտացված է աշխարհի հզորագույնների շատ մեծ տեսակարար կշիռ:
Հզորագույնն էլ սահմանվում է փողով ու դրանից բխող «ազատությամբ»՝ ամենակարելիություն, անհոգություն, անպատկառություն, որ նույնիսկ այդպիսին էլ չի, քանզի գիտակցված չի, վայելք: Մոտավորապես 300 էջ պատմում են տղայի ջանքերը հավասարի իրավունքով հաստատվել նշված կշռի շրջանակներում: Ավարտվում է վեպը հզորագույնի անտարբեր արտահայտությամբ՝ նետված հանրակացարանի դռանպանին, ում ոտքերի տակ կուչ է եկել փոքրիկ, քնձռոտ մի շուն.

"And talking of lost dogs, has the College started keeping pets?"
"It must 'a' got in from the street. 'Ere! This isn't the place for you." - պատասխանում է մի քանի շիլլինգ թեյաբաժնից հալված դռնապանը:

***
Ոչ մի զգացողություն այս փոխաբերությունը չարթնացրեց... Մարդ, ով ունի ամեն ինչ ինքն իրեն մարդ սարքելու համար ու գիտակցաբար թույլ է տալիս, որպեսզի իրեն շան տեղ դնեն, ինձ մոտ նույնիսկ ափսոսանք չարթնացրեց: Զայրույթ: Ընդամենը:

Ինչքան հիշում եմ, առաջին անգամ էի կարդում ինքնության կերտման մասին, որն ակնհայտորեն բացասական հետագիծ ունի: Նույնիսկ արգահատելի կերպարներն առնվազն կծելուն հարմարեցված ատամներ ունեին, որ սովորաբար նաև օգտագործում էին...

Վերջում ներքուստ ինչ-որ լուսանկարի մոտով հպանցիկ անցնելու զգացողություն մնաց. ողորկ թղթի վրա պատկերված ոչինչ չասող գործողությունների շարք, թեև կատարողի վրա դրանք նստեցին գրեթե այնքան, որքան իր կյանքն էր:

No comments: