Friday, September 18, 2009

Bilbao, el País Vasco

Այստեղ սիրում են` Ատլետիկո Բիլբաո, cerveza (գարեջուր), արևահարվել մինչև տապակած հավի գույն դառնալը, խոսել՝ նույնիսկ երբ իրենց չես հասկանում, գիշերն անպայման պատուհաններն ու պատշգամբների ապակե դռները փակել շերտավարագույրներով (ասում են, իսպանացիները (թեև այստեղ պիտի զգույշ լինես այս բառն օգտագործելիս, այստեղ կան բասկեր, անդալուզցիներ, կատալոնցիներ և այլն) չեն շտապում բացել իրենց տունն ուրիշների առջև: Տարիներ են պետք քեզ հյուր հրավիրելու համար: Փողոցն այստեղ մտերմանալու լավագույն վայրն է:), գրեթե ամեն օր լվանալ պատշգամբի հատակը, լավ հագնվել, լավ ուտել, անթաքույց հետաքրքրությամբ նայել գեղեցիկ կանանց ու քննարկել վերջին քաղաքական իրադարձությունները:

Բիլբաոն տարեցների քաղաք է: Միջին տարիքը՝ թերևս 30: Երեկոյան, կեսօրյա սիեստայից հետո տատիկ-պապիկները զուգվում-զարդարվում են ու զբոսնում՝ հաճախակի կանգառներ անելով հագուստի կրպակներում ու բառերում: Երիտասարդները հիմնականում ուսանողներ են: Հաճախ են քառասունի շեմին մոտեցող կամ անց զույգերը՝ 2-4 տարեկան երեխաներով: Իսկ երեխաներն այստեղ, ինչպես կանայք Հնդակաստանում:-). գեղեցիկ են, գունեղ, բայց ի տարբերություն առաջինների՝ նաև երջանիկ: Ամերիկացի ընկերուհուս (բայց ոչ ինձ, իհարկե, քանի որ մեզ մոտ էլ նույն է ու նույնիսկ չէի նկատել) զարմացրել էր այն, թե ինչ գեղեցիկ են հագցնում այստեղ երեխաներին՝ կոկիկ, գույների ու ձևերի առավելագույն համադրությամբ:

Միանգամայն տարբեր է զվարճանալու ու շփման մշակույթը: Եթե Լոնդոնում հինգշաբթի երեկոն լիզքաթափման սկիզբն է ազդարարում, որն սկսվում է ժամը վեցից փաբերում ընկերների ու կոլեգաների հետ գարեջրախմությամբ, Բիլբաոյի բարերն այդ ժամին դատարկ են: Ամեն ինչ սկսվում է կեսգիշերին և ավարտվում առավոտյան հինգին: Կեսգիշերին զուգվում-զարդարվում ես, ու սկսում այցելել մի բարից մյուսը, որտեղ մի բաժակ գարեջուր ես վերցնում, մի կերպ խցկվում ալեկոծվող ու անընդհատ փոփոխվող հոծ ամբոխի մեջ, ժպտում սրան-նրան, ու շարժվում խլացուցիչ երաժշտության ռիթմով: Այստեղ բարն ու դիսկոն նույն բանն են նշանակում: Ի տարբերություն Լոնդոնի՝ բացի մինչև կոկորդիդ չորանալը անկապ գոռգոոռալը (խոսել գրեթե անհնար է երաժշտության պատճառով) միայն քեզ ծանոթների հետ, այստեղ միանգամայն բնական է նոր ծանոթներ ձեռք բերելը: Եվ այստեղ երեկոն չես ավարտում նույն բարում: Շրջում ես մեկից մյուսը՝ մի ժամ այստեղ, հետո երկրորդում, մյուսը երրորդում ու այսպես շարունակ, մինչև օրինակ՝ ինչ-որ զրույց քեզ ստիպի ավելի երկար մնալ տվյալ բարում:

Սա մակերեսն է միայն: Ավելի խորն ընկալելու համար դեռ պատրաստ չեմ, բայց որ արժի, հաստատ գիտեմ: Ահա դրա վառ ապացույցներից (Քանի որ լեզուն դեռ չգիտեմ, փորձեցի արագ գրել այն, ինչ լսեցի դասախոսիցս, միգուցե սխալներով, որոնք կկարողանամ ուղղել երևի մի ամիս հետո:-)).
Sexo en el país Vasco no es un pecando, es un milagro. (Բասկերի երկրում սեքսը մեղք չէ, այլ հրաշք)
Los peces no saben que están mojando. (Ձուկը չգիտի, որ ինքը թաց է):

No comments: