Wednesday, October 28, 2009

Մադրիդ-Տոլեդո

© Hadi Khoshnevis

Մեծ քաղաքները, հատկապես մայրաքաղաքները, իշխանության մանիֆեստ են, փոքրերը՝ գոյատևման ու երազանքի: Ինչպես Մադրիդն ու Տոլեդոն:

Մադրիդի փողոցները կրում են իսպանացի արքաների ու թագուհիների միասնական պետություն կերտելու ջանքերի արդյունքները՝ Palacio Real, Palacio de Comunicaciones և այլն, և այլն: Ալկալա փողոցի վեհությունը ոչնչով չի զիջում վիկտորյան Լոնդոնին՝ նախարարությունների ու եկեղեցիների քարե աժդահաները քո ու երկնքի միջև երկյուղալի միջնորդներ են, որոնք շնչելու փոքրիկ, բայց հրաշալի հնարավորություններ են ընձեռում գրեթե բոլոր մեծ փողոցների վերջում: Փողոցները բացվում են դեպի հրապարակներ: Իսպանական plaza-ները սովորաբար շենքերով շրջանակված բաց տարածքներ են, որտեղ սիեստայից հետո կյանքն ընկնում է իր սովորական իսպանական հունի մեջ՝ անվերջանալի մարդկանց հոսքեր, հաճախակի կանգառներ՝ բարձրաձայն ողջունելու ծանոթներին ու միասին մի բարից մյուսն այցելելու ու գարեջուր խմելու համար: Այստեղ փողոցային կամ ավելի ճիշտ քաղաքային արվեստը աճում է մոլախոտի նման, հազվադեպ գոհարներով, որոնք, սակայն, միանգամայն արժանի են քո փնտրտուքներին:

Plaza Mayor-ում համաշխարհային շուկայական ճանաչում ունեցող վանդակավոր պայուսակից պատրաստված ցածրիկ արկղից քեզ է նայում այլանդակ մի գլուխ, որը զուրկ չէ հումորի զգացումից: Ընկերներիցս մեկը փորձում է գրավել մեր ուշադրությունը, որպեսզի չանհետանանք գունագեղ ամբոխի մեջ.
- Hey, Jao, Kristina, this way!
- Kristina, come here. Kristina… Kristina, come here I want to kiss you! – կաստիլյան «կ»-ն, «տ»-ն ու երգեցիկ բացականչականները մի կերպ մեղմում են այլանդակ վամպիրի կանչերը:-)

Հա, Իսպանիայում իսպաներեն լեզու գոյություն չունի: Կան կաստիլյան, կատալոնյան, բասկ և այլ լեզուներ և միայն պատմական անարդարաության արդյունքում, Կաստիլ-Լա Մանշ նահանգի լեզուն այսօր աշխարհին հայտնի է որպես իսպաներեն:-)

Plaza Mayor-ի անկյուններից մեկում միջնադարյան կամարի տակ թաքնված փոքրիկ սրճարանում կարելի է հանգիստ տալ տանջահար ոտքերին՝ ըմբոշխնելով տաք շոկոլադի մեջ թաթախված churro: Ասում են, սա Մադրիդին հատուկ աղանդ է, որը մեր, կամ էլ ռուսական пышка-ի մսաղացով աղացած ու երկարուկ տարբերակն է:

Իսկ երբ Plaza Mayor-ից իջնում ես Puerto del Sol՝ մեկ այլ գեղեցիկ հրապարակ, որտեղ մադրիդյան խորհրդանիշի արձանն է՝ ելակի ծառը գրկած արջը (այո, ելակի ծառ:-), ես այդպես էլ չիմացա դա ինչ է, միգուցե Մադրիդի երազա՞նքը...), հմայված օձի նման քեզ դեպի իրեն է կանչում Բախի կոնցերտը երկու ջութակի համար: Քառյակը 60-ամյա, սպիտակահեր թավջութակահարն է, նի՜իիհարիկ, սուր քթով կոնտրաբասիստը, քառասնամյա միջահասակ երկրորդ ջութակն ու ամսագրերի էջեր դեռ չբարձրացած, սակայն միանգամայն արժանի, առաջին ջութակը: Փողոցի համար նման կատարումն անսպասելի է: Հատկապես առաջին ջութակը, ում երաժշտությունը միաձուլում է իր գործիքին: Թավջութակահարը հոգնած է, բայց վարպետորեն հետևում է իր պարտիային: Երկրորդ ջութակը սիրահարված է իր գործիքին, սակայն լինում են չէ՞ անպատասխան սերեր. ջութակն անտարբեր է, բայց երբեմն բարիանում է ու սկսում պատասխանել սիրահետումներին: Կոնտրաբասը փորձում է, դեռ համոզված չի ո՛չ իր արժեքի, ո՛չ իր դերի մեջ, սակայն ներուժն զգացվում է պարբերաբար առաջին ջութակին հրաշալիորեն համադրվելու ժամանակ: Հրաշալի կատարում էր: Նույնը՝ Պիացցոլայի հանրահայտ տանգոյի ժամանակ:

Մադրիդը, ինչպես Լոնդոնն ու Նյու Յորքը, փողոցների քաղաք է:

Ոչ Տոլեդոն: Այստեղ քաղաքն ինքնին տուն է: Այստեղ ժամանակն ասես կանգ է առել: Թե դուրս նետես ինձ նման բոլոր զբոսաշրջիկներին, կարող ես լսել միանձնուհիների ոչ երկրային լռությունն իրենց սև ու սպիտակ հագուստներում, ձիերի վայրի խրխինջը՝ ամրոցների ու պալատների պատերի տակ ու քահանաների քարոզները: Այստեղ միջնադար է՝ 10-րդ դարի արաբ էմիրի կառուցած Ալկասար ամրոցում, կաթոլիկ Իսպանիայի կարևորագույն կրոնական կենտրոնում՝ Տոլեդոյի տաճարում, Էլ Տրանզիդո սինագոգում, որը ողջ Իսպանիայում միակ պաշտոնապես թույլատրված սինագոգն էր 14-րդ դարում:

Տոլեդոն նման չէ այլ եվրոպական միջնադարյան քաղաքներին, որովհետև այստեղ հավասարապես հատվում են իսլամն ու քրիստոնեությունը: Այստեղ ամեն ինչ անցնում է ձեռքից ձեռք, մզկիթը դառնում է եկեղեցի, հետո նորից մզկիթ, նոր եկեղեցի ու այսպես շարունակ, մինչև Reconquista, երբ 1492թ. վերջին արաբ էմիրը, Բոադբիլը, իր ձիու գլուխը թեքեց դեպի ետևում մնացած Գրանադան ու նրա ցավից ծնվեց Puerto del Suspiro del Moro անունը կրող անցումը Գրանադայի հարավում: Այդ վերջին հոգոցն ազդարարում էր 781 տարվա արաբական իշխանության ավարտն ու Կաստիլիայի Իզաբելլա թագուհու և Արագոնի արքա Ֆերդինանդի դաշինքի ներքո «Իսպանիա» պետության ձևավորումը: Տոլեդոն այս պայքարի ամենագեղեցիկ վկան է այսօր՝ խիստ, հպարտ, ծեր, դեղնած անապատի ու հազվադեպ կանաչ ծառերով ու կակտուսներով պատված բլուրների վրա հառնած ամրոցներով ու եկեղեցիներով:

Ես սիրում եմ գոյատևման անկեղծությունը:

1 comment:

Բյուրակն Իշխանյան said...

Շնորհակալ եմ :) Կարոտեցի Իսպանիան ու իր պուճուր-մուճուր քաղաքները: Է˜հ