Friday, September 11, 2009

Ֆիլիպիններ

- Եղբայրս մեծ հաջողությունների էր հասել: 30 տարեկան է, ինժեներ, Մանիլայում էլ բավականին լավ աշխատանք ուներ: Այնքան լավ, որ նույնիսկ չհամաձայնվեց գնալ Դուբայ, որտեղ առաջարկում էին 20-30 հազար պեսոյով ավելի աշխատավարձ: Այս ամենը սակայն մինչև անցյալ տարի, երբ սկսեցին ոտքերը ցավել: Ծնկներում անհասկանալի ցավ կա: Կարծես ամեն ինչ լավ է, ոչինչ չի անհանգստացնում, բայց հանկարծ փողոցի հենց մեջտեղում կարող են ծալվել ծնկներն ու... վերջ: Շարժվել չի կարող: Միանգամից թուլանում է ու ոչ առաջ, ոչ հետ:

- Բժշկի գնացե՞լ եք:

- Իհարկե, մի քանի անգամ ու ոչ միայն մեր քաղաքում: Նույնիսկ Մանիլայում ենք մի քանի բժիշկների հանդիպել:

- Ե՞վ...

- Եվ ոչինչ: Բորոլ անալիզները մաքուր են: Ըստ նրանց՝ եղբայրս միանգամայն առողջ է: Ոչինչ չեն կարողացել հայտնաբերել: Ամռանը ծնողներս պնդեցին, որպեսզի եղբորս մեր ընտանեկան հեքիմը նայի: Հա, գիտեմ, էդպես մի նայիր: Մենք բոլորս պրոֆեսիոնալներ ենք, ժամանակակից ոլորտներում աշխատող: Հա, քրիստոնյա ենք, էն էլ կաթոլիկ, բայց, ինչպես ասեմ, հեթանոս քրիստոնյա ենք: Ու հեքիմն իմ մշակույթի ու իմ բնույթի մի մասն է: Մեզ մոտ հավատամք կա, թե նույնիսկ եթե չես հավատում նման բաների, մեջդ պահիր: Որ պահին քո անհավատությունը բերանիցդ դուրս թռավ, որ պահին դրան բառեր հագցրեցիր, վերջ, անդառանալիորեն բացառում ես ապաքինվելու հավանականությունը: Ասում են, եթե ընտանիքի բոլոր անդամները միասին են, եթե բոլորը հավատում են, միայն այդ դեպքում է հնարավոր բուժել հիվանդին: Ես լռում եմ, կարևոր չի հավատում եմ, թե ոչ:

- Իսկ ովքե՞ր են այդ հեքիմները: Ինչպե՞ս են դառնում հեքիմ:

- Հեքիմ դառնում է նա, ում տրվում է Աստծո շնորհ: Բայց հեքիմից կախարդ մի քայլ է: Երբ դու զգում ես այդ շնորհը, դա դեռ սկիզբն է, պիտի կարողանաս այն պահպանել, որովհետև դրա շուրջ դեռևս չար ուժեր կան, որոնց պիտի սանձահարել: Եթե շնորհդ սկսեցիր վաճառել, ուրեմն այլևս անցար սահմանագիծը: Ու երբ ընտրում ես հեքիմ դառնալ, զգույշ պիտի լինես, որովհետև քեզ պայքար է սպասվում այլ հեքիմների, կամ ավելի ճիշտ կախարդների հետ:

Մեր հեքիմից իմացանք, որ եղբորս վրա թուղթուգիր են արել: Դե հասկանում ես, երիտասարդ, ամուրի, բարետես, հարուստ տղամարդ է: Կանայք սիրում են իրեն: Ինքն էլ կանանց: Օրինակ՝ հենց հիմա երկու ընկերուհի ունի, մեկն իր քաղաքում, մյուսը՝ Մանիլայում: Ամենայն հավանականությամբ նախկին ընկերուհիներից մեկը հղիացել է: Չէ, եղբայրս հաստատ չգիտի, միայն կասկածներ ունի, բայց վաղուց միասին չեն այդ կնոջ հետ: Հեքիմն ասում է, որ թերևս այդ աղջկա խնդրանքով թուղթուգիր են արել եղբորս վրա, տեսակն էլ է կարծես պարզ: Գիտե՞ս ինչպես են անում: Վերցնում են ինչ-որ տիկնիկ, որին տարբեր կախարդանքներով տալիս են տվյալ մարդու հոգին և սկսում են ասեղով վնասել մարմնի ինչ-որ մաս: Պարբերաբար: Այ, եղբորս հենց էդպես են ցավ պատճառում: Թե չէ ինչպե՞ս բացատրել, որ բժշկական բոլոր թեստերով նա առողջ է, բայց հանկարծակի կարող է անշարժանալ:

- Իսկ ինչպե՞ս է հնարավոր ազատվել այդ կախարդանքից:

- Հեքիմի և հեթանոս քրմի օգնությամբ: Հեքիմը կարող է որոշել հասցված վնասի տեսակը՝ ինչպիսի կախարդանք է եղել: Սակայն իսկական հեքիմն էստեղ կանգ է առնում, որովհետև հիշում ես, չէ՞, որ նա Աստծո շնորհով է էդպիսին դարձել, իսկ Աստված կաթոլիկ հավատացյալին արգելում է վնասել ուրիշին: Մինչդեռ կախարդանքից ազատվելու միակ տարբերակն այն փոխադարձելն է. քեզ վնասել են, ոտքերդ քեզ չեն պահում, ուրեմն պիտի համաձայնվես, որ նույն այդ վնասը հասցնեն նրան, ով պատվիրել է նման կախարդանքը:

- Իսկ եթե չես համաձայնվու՞մ:

- Եթե չես համաձայնվում, մի տարբերակ էլ կա. հեքիմը կարող է իր ծիսակատարություններով քեզ բուժել, բայց դրա համար շատ երկար ժամանակ է պետք ու անասելի մեծ ու հաստատուն հավատ: Մարդկանց մեծ մասն անհամբեր է ու անհավատ, կամ էլ թերահավատ ու այդ իսկ պատճառով ընտրում են առաջին տարբերակը: Բայց դա կարող է վտանգավոր լինել հեքիմի կամ կախարդի համար, որովհետև վնասը փոխադարձելու համար այս երկրորդ կախարդը պիտի ավելի ուժեղ լինի, քան առաջինը: Նրանց միջև մրցություն է ընթանում, ցուցադրում են իրենց կարողությունները, ծեսերով, առանց նույնիսկ իրար տեսնելու: Եթե երկրորդը չկարողացավ գերազանցել առաջինին, ապա ստիպված է լինելու տանջվել այն իսկ կախարդանքից, որից փորձում էր ազատել իրեն դիմած մարդուն: Ահա թե ինչու հեքիմ լինելը բավականին վտանգավոր է:

Մրցակցության ժամանակ դիմողից օգնություն են խնդրում՝ զոհաբերության տեսքով: Տարբեր վնասների համար տարբեր կենդանիներ են զոհաբերվում: Օրինակ՝ բադը ուժ է տալիս, իսկ կապիկը բացի ուժը նաև հաջողություն է բերում: Կապիկն ամենաբարձր կարգավիճակն ունի ու ամենահզոր օգնությունն է բերում, ու եթե հեքիմն ասաց, որ կապիկ պիտի զոհաբերվի, ուրեմն լուրջ կախարդանքի հետ գործ ունենք:

Երեկ եղբորս համար կապիկ են զոհաբերել:

- Հեքիմն ի՞նքն է կատարում զոհաբերությունը:

- Չէ, ինչ ես ասում: Քուրմը: Հատուկ ծիսակատարություններ կան դրա համար: Ու նրանք իրենց աստվածներն ունեն: Նրանք քրիստոնյա չեն: Քանի որ սովորաբար նրանք զոհաբերություններ են անում, միշտ դանակներով են ման գալիս: Մենք հատուկ դանակներ ունենք, բավականին մեծ, վտանգավոր դանակներ են, և արդեն մի քանի տարի է, ինչ դրանք համարվում են սառը զենք ու կրելն արգելված է: Օրենքն օրենք իհարկե, բայց ավանդույթն ու մշակույթը ավելի հզոր են, և քանի որ օրենսդիրն ու գործադիրը տեսան, որ օրենքն ինքնության հետ բախում է առաջացնում, հավելում մտցրեցին. հիմա դրանք կարող եսկրել, բայց պիտի անպայման լավ փաթաթես ինչ-որ շորի մեջ, նոր միայն դուրս գաս փողոց:

Վերջերս մի դեպք էր եղել փոքրիկ քաղաքներից մեկում: Գիշերը ոստիկանը կանգնեցնում է մեկին, իսկ սրա ձեռքին ոչ թե մի, այլ մի քանի դանակ է լինում, դրանցից մեկն էլ՝ արյունոտ: Հարցնում է, ով է, ինչ է, ու երբ իմանում է, որ քուրմ է, ուղղակի ազատ է արձակում...

Ֆիլիպիններում մենք հեթանող կաթոլիկ ենք...

2 comments:

Artashes said...

Vah, sa inch er??!! Shat hetaqrqir er, Kristina jan! Nor em kardum, blogd shutvanits chei batsel. Eli gri!!

byurie said...

Հավեսն էր :) Հետաքրքիր է հնչում «հեթանոս կաթոլիկ»: