Friday, November 7, 2008

Fall/Winter 2008 in London

Լոնդոնյան փողոցը բազմազան է: Համալսարանական թաղամասերը ներկայացնում են խայտաբղետության ողջ գունապնակը, քանի որ այստեղ խելառ երիտասարդությունից բացի իմաստուն գիտնականներ ու դասախոսներ կան, խոսնակներ հազարումի ոլորտներից՝ խենթ նկարչից մինչև նպատակասլաց գործարար: Փողոցային նորաձևությունը հիշեցնում է 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը: Բացե՛ք զգեստապահարանի խորքերում թաքցրած ձեր մայրիկի կամ ավագ քրոջ զգեստների կապուկն ու կարող եք պատկերացնել լոնդոնյան փողոցային նորաձևությունը՝ նեղ տաբատներ, երկար ու չղջիկաձև թևերով վերնաշապիկներ ու սվիտերներ, սրունքների վրա հավաքվող կրկնակոշիկներ: Նորաձևության գիտակները հիմա ինձ գիլեոտին կհանեն նման անգրագետ նկարագրության համար, բայց համապատասխան տերմինալիոգիայից միանգամայն անտեղյակ եմ:-)

Սակայն լոնդոնյան փողոցը ստանդարտներ այնքան էլ չի սիրում, և այս ընդհանուր նկարագրի մեջ հանդիպում են դասական անգլիական ջենտլմեններ՝ վերնաշապիկի վրայից փակ վզով սվիտերներով, ինչպես նաև դասական անգլիական լեդիներ՝ մարգարտաշարերով և ուղիղ կիսաշրջազգեստներով: Մի մետր էլ չանցած, իհարկե բախվում ես Մերլին Մենսոնի հետևորդներին՝ սև երկար վերարկուներով, առնվազն տաս սանտիմետր պլատֆորմներով սև, լաքե կոշիկներով, իսկ ֆրանտերը (անհավատալի է, բայց սրանց մեջ էլ այդպիսիք կան) մինչև ծնկները հասնող կրկնակոշիկներով, սև մազերով և արծաթի անհավատալի քանակությամբ շղթաներով ու զարդեղենով: Նորագույն շիկը այս խմբի մեջ՝ ոտքերը սև, նեղ ժապավենով իրարից միացնելն է: Դատելով հանգստյան օրերին լոնդոնցիների սիրած ժամանցի բնույթից, նորաձևության մեջ այս նորամուծությունը միանգամայն տեղին հավելում է. ամեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ (համապատասխանաբար հրթիռային արագությամբ աճող ակտիվությամբ) երեկոյան գարեջրի ահռելի քանակության արդյունքում հավասակշռությունը կորցրած լոնդոնցու համար էական է ունեցած-չունեցած երկու ոտքը իրար կողքի պահել, առնվազն մետրո հասնելու համար:-)

Շատերի համար սևի գերակշռությունը նշանակում է Ասիա: Ուրեմն, կարելի է պնդել, որ 2008թ. Լոնդոնը միացել է Ասիային:-) Նորաձևությունն այստեղ կերտում են փայլուն ամսագրերն ու խանութները: Հետաքրքրական է, բայց այստեղ դեռ չեմ տեսել ուոլմարթային համարժեքություն: Լոնդոնը ոճ է սիրում: Այստեղ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ անհավակնոտ բնականությամբ են կրում դասական հագուստը: Ոճն այստեղ նախընտրում են հարմարավետությանը, թեև հիմնականում հաջողվում է դրանք համատեղել: Ամերիկացուն Լոնդոնում գիտե՞ք ինչպես կարելի է ճանաչել: Առաջին, իր տոպրակային հագուստով և երկրորդ, զգեստների համադրման անթերի ներդաշնակությամբ:-) Լոնդոնցիները համահունչ դասականություն ապահովում են առանց ջիգի:

No comments: