Monday, November 10, 2008

Ինչպես մի օր հիվանդացա

Կիրակին որոշեց մեզ ուրախացնել միանգամայն կարծրատիպային լոնդոնյան եղանակով՝ անձրև, քամի, ոսկրացունց գորշություն: Իսկ ի՞նչը կարող է հաղթել գորշությանը, եթե ոչ գույնը: Իսկ երբ բնությունը նեղացկոտ փոքրիկի նման որոշել է անկանխատեսելի ինտերվալներով ամբողջ օրը թնկթնկալ, որտե՞ղ կարելի է համարժեք գեղեցկության գույներ գտնել: Իհարկե պատկերասրահում: Եվ մենք Պիկադիլիից անխոնջ հաղթարշավ ծավալեցինք դեպի Ազգային պատկերասրահ: Հաղթանակի դափնիներին կերազեր անգամ Կեսարը. խոստովանեք, որ Միքելանջելոյի անավարտ կտավը ոչնչով չի զիջում Կեսարի բուրումնավետ «լավրովի լիստին» :-) Իսկապես, շատ հետաքրքիր էր «Հյուղարկավորում» կոչվող կտավը, միանգամայն տարբեր մարմնի սահմռկեցուցիչ ճշգրտությամբ ու դրանից գեղեցիկի ամբողջովին նոր պատկերացում առաջարկող կտավներից: Հիշեցնում էր Պիկասոյի վարդագույն շրջանը, ճիշտ եմ ասում, հատկապես աջ անկյունի ծնկաչոք կինը:

Երևի գույների շքեղությունն ու պայծառությունն էր պատճառը, որ երկար ժամանակ չէի հեռանում Վերոնեզեի կտավներից: Չէ, մեկ այլ պատճառ էլ կար իհարկե:-) Չորս կտավներ անվանել էր «Սիրո ալեգորիաներ» ու նկարել դավաճանությունը, հավատարմությունը, արհամարհանքն ու հարգանքը: Երանի, երբեևիցե կարողանայի նման վարպետությամբ, թեկուզ այլ արտահայտչամիջոցներով, «զգեստավորել» աննյութականը:-) Այդ կտավների կանայք էին շատ հետաքրքիր. Ռուբենսի կանանց ֆոտոշոփով մշակված տարբերակներ:-)

Վերոնեզեի մեկ այլ կտավ էլ շատ հետաքրքրեց, բայց արդեն ոչ թե գույներով, այլ բովանդակությամբ: Երբեք չէի լսել այդ առասպելը. Զևսը որոշում է մանուկ Հերակլեսին անմահություն պարգևել և բերում է Հերայի մոտ, որպեսզի վերջինիս անմահական կաթից համտեսելով՝ իր որդին ևս միանա օլիմպիական կաստային: Բայց Զևսն իհարկե, որպես անհավատարիմ ամուսին, դա չէր կարող հաջողացնել առանց ևս մեկ խաբեության և փոքրիկ Հերկուլեսին Հերայի մոտ է տանում, երբ վերջինս անմոռաց ու անմնացորդ տրվել էր Մորփեոսին: Բայց, բայց... կանայք յոթերորդով են, չէ՞, զգում դավաճանությունը:-) Հենց այն պահին, երբ մի ակնթարթ էր մնացել Հերկուլեսի անմահությունից, Հերան բացում է աչքերն ու... երկու ստինքներից կաթը թափվում է ներքև ու վերև: Այսպիսով, երկնքում հայտնվում է Հարդագողի ճանապարհը, իսկ երկրի վրա ծաղկում են շուշանները: Վերոնեզեի կտավը հիշեցնում էր երեխաների համար հեքիաթների գրքերի նկարազարդում, սակայն առասպելն ինքնին շատ լավն էր:-)

Ես չեմ սիրում երկար ժամեր անցկացնել պատկերասրահում: Որովհետև ես սիրում եմ կրել տպավորություններ իմ ներսում. եթե ինչ-որ բան ցնցեց, վերջ, դուրս եմ գալիս:-) Այս անգամ Ռաֆայելի փոքրիկ մի կտավ էր՝ «Մադոննան մեխակներով»: Կատարելություն լինում է... Բայց պետք չի փորձել դրան հասնել, եթե հանճարեղ չես, կավարտես հոգեբուժարանում:-) Եթե կտավի առջև գույներն ու ձևերը փոխակերպվում են հույզերի ու իմաստների և կրկին վերադառնում նույն ու միաժամանակ տարբեր գույների ու ձևերի, ուրեմն այն կատարյալ է:

Գույների այս հիանալի աշխարհից անձրևի շիթերի ու Pret-ի հոտավետ սենդվիչների ուղեկցությամբ հասանք Ուեսթմինսթերի տաճար, որտեղ ամեն կիրակի ուղիղ 5:45 երգեհոնային երաժշտության համերգ է...
***
Ան ջան, մի օր փոքրերիդ ու Անդոյի հետ անպայման կգնանք...

3 comments:

Anonymous said...

Apres :)

AK

christina said...

Any news? Say from Seoul:-)

Anonymous said...

Decided to stay in homeland :) Mez aystegh el vat chen kerakrum !!! :) There are some news, will write an e-mail.

AK