Friday, October 24, 2008

IoE: լղոզված, ընդհանրական դիմանկար

Մի քիչ էլ բրիտանական այս համալսարանի անցուդարձից:

Կառավարումը դեռևս հիմնված է ավանդական թղթաբանության վրա, թեև ջանքեր (իհարկե լուրջ) արվում են էլեկտրոնային կառավարման ուղղությամբ: Սակայն ինչքանով որ ես եմ առնչվել, առայժմ օգտագործվում են միայն դրա տվյալների հավաքագրման և պահպանման գործառույթները: Դեռ 2000թ. ԱՄՆ-ի սովորական համալսարաններից մեկը վաղուց բոլոր վարչարարական գործառույթներն իրականացնում էր էլեկտրոնային կառավարման միջոցով...

Օրինակ. համալսարանում կա այսպես կոչված «Ուսանողների աջակցության կենտրոն»: Կենտրոնի ծառայությունից օգտվելու համար անպայման մի լավ գիրք պետք է վերցնես հետդ: Միշտ հերթ է, մեծ:-) Իսկ հերթերը գոյանում նաև այն պատճառով, որ մոտենում ես ու հարցնում.

- Ներեցեք, մեկ շաբաթ առաջ տեղեկանք էի խնդրել: (Ընդ որում, հատուկ փաստաթուղթ ես լրացնում, օնլայն դիմել չես կարող):
- Մեկ րոպե (կանգնում է, գնում սենյակի անկյունում դրված սեղանի մոտ, նայում բազմաթիվ ծրարներն ու վերադառնում): Ներեցեք, այստեղ չկա, ես փորձեմ պարզել իմ կոլեգաներից (Հեռանում է դեպի հաջորդ երկաաաար սենյակը, խոսում առաջին կոլեգայի հետ, հետո մոտենում երկրորդի սեղանին, հետո անհետանում ու վերադառնում): Ներեցեք, իմ կոլեգան, ով ստորագրելու էր տեղեկանքը, հանդիպման է, մի քանի ժամից նորից եկեք, լա՞վ:
- Լավ, իհարկե («Տեսնես կոլեգաների հետ ներքին կապով հնարավոր չի պարզել, կա՞ տեղեկանքը, թե՞ ոչ: Չկա՞ արդյոք online tracking system, ում ինչ փաստաթուղթ են տվել, երբ, երբ է վերջնաժամկետը»...)

Լավ, իսկ բուն կրթական գործընթացն այսպիսին է: Մագիստրատուրայի ծրագրերը կազմված են մի քանի դասընթացներից, որոնցից յուրաքանչյուր քառորդի ընթացքում պետք է ընտրել երկուսը միայն, ի տարբերություն մեր 5-6-ի: Դասընթացը կազմված է մոտավորապես 12 դասերից (շաբաթական մեկ հանդիպում), որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է տվյալ ակադեմիական թեմայի ենթաթեմաներից ու հիմնախնդիրներից մեկին: Դասընթացն ունի համակարգող, ով պատասխանատու է դասընթացի կառուցվածքի, բովանդակության և մատուցման համար, իսկ առանձին դասերի վարման համար հրավիրվում են տվյալ թեմայով հետազոտություններ իրականացնող դասախոսները: Արդյունքում, յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կարող ես հանդիպել 3-8 տարբեր դասախոսների: Ընդհանրապես բրիտանական համալսարանների հիմնական գործառույթներից մեկը, բացի բարձրագույն կրթության ապահովումը, հետազոտությունների իրականացումն է, և յուրաքանչյուր դասախոսի որակավորում և հեղինակություն պայմանավորված է իր հեղինակած հետազոտությունների թվով: Միայն անցյալ տարի IoE-ին 15 միլիոն փաունդ արժողությամբ հետազոտություններ է իրականացրել...

Ինչևէ, շարունակենք: Բացի դասախոսներից, դասընթացի «անձնակազմը» բաղկացած է tutor-ներից, որոնք դասի ընթացքում այլ դասախոսների հետ միասին մասնակցում են խմբային աշխատանքներին, իսկ քառորդի վերջում օգնում առանձին ուսանողների՝ կատարելու առաջադրանքը, որը հանդիսանալու է քառորդի ամփոփման և ուսանողի առաջադիմության գնահատման հիմնական գործիքը:

Դասավանդման մեթոդաբանության առումով առաջնային է դասախոսությունը: Դասի տևողությունը երեք ժամ է, որից առաջինուկեսը դասախոսը դասական լեկցիա է կարդում: Նույնիսկ նրանք, ովքեր ՏՀՏ-ով փորձում են դասախոսության բազմազանությունն ապահովել, դա անում են մի տեսակ ստիպված. ասես, ինչ-որ մեկն իրենց ասել է, որ դա պարտադիր է if you want to look cool ու իրենք էլ կիրառում են:-) Ինձ չափազանց զարմացրեց այն հանգամանքը, որ դասախոսների մի մասը կարդում է PPT slide-ները: Ընդ որում PPT կիրառելու առաջին կանոնը, որ ես սովորել եմ և անընդհատ համառորեն կաթացնում էին ականջիս ԱՄՆ-ում, սլայդների վրա ներկայացված տեքստի հակիրճությունն է, իսկ այստեղ հոդվածներից ամբողջական մեջբերումներ են ներկայացված 10 չափի տառատեսակով:-)

Հանրահայտ Blackboard-ը ընդամենը էլեկտրոնային տեքստերի գրադարանի դեր է կատարում: Սրանից ամենաշատն էի զարմացել, որովհետև ԱՄՆ-ում այս ծրագրի հնարավորությունների կիրառումը սպառիչ էր և հիանալի կերպով լրացնում էր լսարանային դասավանդումը: Բայց դեռևս վաղ է երեք դասընթացի հիման վրա ինչ-որ եզրահանգումներ անել: Թեև հենց երեկ կարդացածս հոդվածը, որը քննարկում էր բրիտանական համալսարանների ապագա խնդիրների ու մրցակցության թեման, նշում էր, որ բուհական դասախոսների կողմից ՏՀՏ կիրառումը կրթական գործընթացում դեռևս բարելավման կարիք է զգում:

Հա, ո՞ւր հասանք: Դասերին:-) Դասի երկրորդ կեսին սովորաբար խմբային աշխատանք է կատարվում: Քննարկվում են տվյալ թեմային առնչվող հարցեր, կամ տվյալ հիմնախնդրի գործնական կիրառման օրինակները: Քանի որ օտարերկրյա ուսանողներն ապահովում են նման օրինակների բազմազանությունը, նման քննարկումները բավականին հետաքրքիր են: Օրինակ՝ իմանում ես, թե Եթովպիայում կամ Ֆիլիպիններում ինչպես, ինչու և երբ է զարգացել հանրակրթությունը (Եվրոպայի մասին, բնականաբար, իմանում ես դասախոսից:-)): Երբեմն, իհարկե, մեծ համբերություն է պահանջվում, հասկանալու տարատեսակ անգլերեններն ու դիմանալու մտքերի համակարգման փորձերին, բայց արդյունքն իսկապես արժի այդ ջանքին:-)
Յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար պետք է կարդալ առնվազն երեք հոդված կամ համապատասխան գրքից հատվածներ: Այստեղ անընդհատ խրախուսվում է ուսանողների համատեղ աշխատանքը, ամեն դասից առաջ հարցնում են, ձեր study group կազմե՞լ եք: Որը ենթադրում է ուսանողների փոքր խմբեր, որոնք դասերից առաջ կհավաքվեն ինչ-որ տեղ և ավելի անմիջական միջավայրում կքննարկեն տնային հանձնարարությունները: Մինչև հիմա քննարկան փոխարեն ստացվել է մեկ կամ երկուսի կողմից չկարդացողների համար տվյալ հոդվածների ամփոփում:-)

Նախանձելի գրադարան կա, իհարկե... Թե՛ ավանդական, թե՛ էլեկտրոնային: Եվ այդ ամենը կրթության վերաբերյալ: Հայաստանում կրթական որևէ հետազոտության զեկույց գտնելիս մի երեք ամիս հպարտորեն բոլորին հայտարարում էի, թե ինչ գանձ ունեմ մոտս, ինչ նորություն է (օրինակ, 2000թ. կատարված հետազոտությունը), հիմա ստիպված եմ նեղացնել կրթության մեջ հետաքրքրությունս, որպեսզի կարողանամ եղած գրականությունից արդյունավետորեն օգտվել:-) Դեռ չեմ հասցնում համալսարանում կազմակերպվող բազմաթիվ սեմինարներին մասնակցել, բայց աստիճանաբար դա էլ պետք է սովորել անել, որովհետև շատ հետաքրքիր միջոցառումներ կան: Մյուս անգամ էլ՝ դասախոսներից ու համակուրսեցիներից:-)

4 comments:

artashes said...

Կրիստինա ջան,
Գիտե՞ս, ինչքան եմ ուրախ քեզ համար, որ Լոնդոնում ես, որ նոր դասընթացներ ես լսում, որ հին քաղաքով ես շրջում, որ կինոփառատոններ ես գնում, նոր փորձ ես ձեռք բերում, նոր մարդկանց հանդիպում, նոր երկիրներ ես տեսնում ու տեսնելու (իսկ հետո՝ Իսպանիա, այո!!!, իսկ չորրորդ կիսամյակը աշխատի Կոպենհագեն ընկնել, այո!!!!!!!): Անչա՜փ ու անհամա՜ր: Դա մի ֆանտաստիկ բան է, դա ամենալավ բանն էր, որ կարող էր քեզ պատահել այս տարի, ու ... պատահեց!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Շատ շատ շատ հաջողություն եմ ցանկանում ու ... էնտուզիազմ, պատանեկան մաքուր հավես՝ և դասերը սովորելու, և կյանքը ապրելու: Հանկարծ չընկնես այն անպիտան ծուղակը, երբ մարդիկ ցինիկանում են, միայն թերություններն են նկատում, ասում են. հա, սա ոչինչ, բայց եղածը մի բան չի, նա էլ մի բան չի, ամեն ինչն էլ դատարկ բան ա... Միշտ թող աչքերիդ մեջ լինի մանկական զարմանքի ու հրաշալիքի կայծը, մանավանդ հիմա, որ նոր երկրներում ես: Ո՛չ մի առիթ բաց մի թող և պրոֆեսիոնալ բնագավառում, և մշակութային կյանքում, և ընկերական շփման, քեֆերի, հավաքույթների հարցում; հնարավոր ամեն ինչը վայելի!!!!!!!!!!!!!!!!

Anonymous said...

Այսպես խոսեց կորուսյալը, չէ չէ Զրահադաշտը

Dzyun said...

Chis jan, apres, bavakanin bovandakalic er :)

Anonymous said...

Zarmanum em wor chgiteir britanakan u amerikyan krtakan hamakargeri tarberuthyunneri masin :) Chnayats minchev teghum chtesnes, erevi ches zga ...

Enjoy London!

AramK

P.S. Dido-n iskakan Londonum lselu ban e :) Bayc mek-mek im mot melamaghdzotuthyun e arajacnum ...