Thursday, December 13, 2007

Ա

Մարդիկ քո աշխարհ են մտնում պատկերով, որ դաջվում է հիշողությանդ մեջ, ու դու փոխանցում ես այն մի տարուց մյուսը, առավել հաճախ աննշան փոփոխություններով...

Նկարում բարձրահասակ, շիկահեր, կապուտաչյա աղջնակ է, ուսերը կորացրած, կարծես անընդհատ պաշտպանվում է ինչ-որ բանից, ինչ-որ մեկից, գեղեցիկ մազերի մի փունջ անփութորեն հավաքած մեծ, փայլուն, անկապագույն մի մազակալի մեջ ու աչքերում ու շուրթերին այնպիսի մի բաց, վստահող ու կենսախինդ ժպիտ, որ բևեռային հակադրության մեջ է պաշտպանական դիրք գրաված ուսերի հետ...

Տարիները կփոխեն շիկահեր վարսերը, կանհետանա անհեթեթ մազակալը, պայծառ աղջնակը կվերածվի հզոր մի կնոջ, իսկ ժպիտը միշտ կմնա նույնը: Այդ ժպիտը կսահի կեսգիշերային Երևանում տարածվող "Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում" կիսաբղավոցի վրայով, որը երիտասարդ խենթության գոլորշով տաքացնում էր 93-ի ձմեռային սառցե օդը, կսահի Կասկադի աստիճաններից գլորվող վեհապանծ "And you, Brutus!"-ի կիսահեգնական ոգևորվածության վրայով, կբախվի իր ու տղամարդու մարմինը ճանաչելու առաջին փորձերին, կմարի տառապանքի, դավաճանության, միայնության ու հուսահատության ընդերքում... ու կհառնի ապրելու ու սիրելու իրեն սերտաճած պահանջից: Կվառվի ծիածանի գույներով, երբ ի հայտ կգա նոր մարդը...

Ու կշարունակի ժպտալ կինը:-)

5 comments:

Anonymous said...

Երբ հաղթահարված է հոգու, մտքի և անձեռակերտ լեզվի վերմահկանուցական սահմանը, լռում են բոլոր ինքնաշեն բամբիռները:

Anonymous said...

Խորը զգացմունքները կարող են պարուրել և ցինիկին և, տեսնես, ոչ ցինիկ մարդուն ինչպես են կոչու՞մ:

Կարդալով, չգիտես ինչու՞, լիովին այլ պատկեր եկավ առաջս, կնոջ դերում հիշեցի սիրահարված ու դավաճանված դոննա Էլմիրային: Իսկ, իհարկե, սիրուց չհագեցող ու միշտ սիրուն տրվողի դերում, նրան, ում ծառան սիրում էր տետրակի մեջ գրավված (ու հետո սիրո կրքին տրված ու լքված) սրտերի հաշիվը վարել, ու չգիտես ինչու` ըստ ազգության ու անվան: Դոննա Էլմիրան պինդ կին էր, ու վեր հառնելով իրեն սերտաճաց սիրո պահանջից կարողացավ փրկել մի գեղջկուհու այդ սիրո գազանից: Գազաններին (կանայք) սիրում են, իսկ դոննա էլմիրաներ քիչ կան աշխարհում: Ափսոս, որ դոն Ժուանը չգիտեր "Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում" երգը, թե չէ դրանով էլ կփորձեր հայ աղջիկներին գերելլ, ու իր իսպանա-իտալա-գերմանա-թուրքական ցանկը հայկական հմայիչ անուններով լրացնել :)

Anonymous said...

Լռել, ամենևին էլ չի նշանակում չհամաձայնել, կամ էլ թե «ես էստեղ անելիք չունեմ»: Մարդիկ հաճախ են լռում գեղեցիկի դեմ: Քանի՞ անգամ եք պապանձված կանգնել «Խորհրդավոր ընթրիքի» առաջ: Ես բազմիցս: Քանի՞ անգամ եք անձայն ցցվել Սևանի ափին:
Լռության այս պատարագը հակված եմ իմաստավորել իբրև հարգանքի տուրք՝ տուրք գեղեցիկի ծննդյան:

christina said...

3-րդ anonymous-ից ներողություն եմ խնդրելու. չհասկացա գրվածի և նկարագրության կապը... Եթե ժամանակ ունենաք, կաբացատրե՞ք:

Anonymous said...

3-րդ anonymous, հա-հա, շատ զվարճալի ա հնչում...

Հա, իսկ գրվածի ու նկարագրության կապը լավ չի հասկացվել, որովհետև դրանք կապված չեն: Դա պարզապես իմ սուբյեկտիվ դիտարկումն էր վերջին գրվածքների համար comment-ների նվազող քանակի վերաբերյալ:

Հ.Գ. Աշխարհի չափ շնորհավոր...