Friday, February 17, 2017

Ընտրական փախլավա կամ պերիֆերիաների ազատությունն ու շղթաները

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ես հայտնվել եմ որոշակի սոցիումնների պերիֆերիաներում, որտեղից կամոք կամ ակամա կարող եմ գլորվել դեպի միջուկ, չնայած երբեք չփորձելով հայտնվել հենց միջուկում, անգամ փորձելով հնարավորինս ոչ մի կերպ չհայտնվել միջուկում, կամ գլխկոնծի տալ դեպի մի ուրիշ սոցիում: Ընկերներս ու գործընկերներս, մարշրուտկաներն ու ինքնաթիռները, գյուղերն ու քաղաքները ինձ տեղավորում են մի սոցիալական իրողությունից մյուսը, մի խմբի միջուկոտ մոտիկությունից  դեպի դրա եզրերը կամ մի եզրից մյուսը:


Ես լռում ու նայում եմ հայաստանյան (առայժմ էսքանի մասին)
քաղաքական էլիտային,
ինտելեկտուալ էլիտային,
բոհեմին՝ ջահել ու ահել,
ոստիկանին,
քաղաքացուն,
գյուղացուն,
վաճառականին,
ծրագրավորողին (սա առանձին սոցիում ա, ահագին տարբերվող այլ մասնագիտական սոցիումներից),
երիտասարդ քաղաքացի աղջկան,
երիտասարդ քաղաքացի տղային,
երիտասարդ գյուղացի աղջկան ու երիտասարդ գյուղացի տղային,
գավառական քաղաքացուն,
հիփսթեր երևանցուն,
գլամուրային երևանցուն,
գլամուրին ձգտող, բայց գավառի շքեղությունից դուրս չեկած ջահելին,
հավատացյալին՝ առաքելական ու ոչ առաքելական,
հիպպին ու ակտիվիստին,
ռադիկալ ֆեմինիստին ու ավանդապաշտ կնոջը,
ցեղակրոն ջահելին,
վարսավիրանոցային «ֆենի» տակով անցած տնօրենուհիներին ու մեծ փուչիկից փքված պուճուր չինովնիկներին,
էզոթերիկայի «անհավանական արկածներից թև առած» ինչ-որ պուճուրիկ խմբերի ծուռ, իրենց անմեղության մեջ մի քիչ ծիծաղելի, բայց նաև անկեղծությունից հուզիչ, սովորաբար 40-ոտ տղամարդկանց ու նրանց երկյուղածությամբ սիրող կանանց, որ ինձ միշտ հիշեցնում են ամառային տնակի բաց պատշգամբում կամ նախամուտքում գիշերը վառվող միայնակ ու կեղտոտ լամպի շուրջ պտտվող գիշերային մոխրա-շագանակագույն թիթեռներին,
գործարարին ու
սպային...

Էս պահին էսքանին հիշեցի...Ու ես էս բոլորին նայում, բոլորի կողքով սահում ու անցնում եմ, մի մասին ավելի շատ համակրելով, մյուս մասին ավելի շատ հակակրելով, բայց երբեք չմնալով սրա կամ նրա կողքին, որովհետև ես իրենցից եմ ու չեմ: Էնքան իրենցից չեմ, որ մնամ: Ես լսում եմ, թե նրանք ինչ են խոսում, ես տեսնում եմ, թե նրանք ինչ են անում: Հանրային տարածքում, որի ինչպիսին լինելը նրանք պայմանավորում են ընտրությամբ: 

Ու էս բոլորը հիմա պիտի ընտրեն: Ոմանք, հատկապես քաղաքացի ու ավելի հատկապես մայրաքաղաքացի ջահել, աշխատող, միջինից բարձր աշխատավարձով տղերքն ու աղջկերքն անկեղծորեն կարծում են, որ իրենց ձայնը, կոնկրետ իրենց մի հատիկ ձայնը կարող է ՎՃՌՈՐՈՇ լինել: Նույնը՝ ակտիվիստները: Նույնը՝ ռադիկալ ֆեմինիստները: Ցեղակրոնները՝ անկեղծորեն չգիտեմ:

Խելոք գյուղացին՝ գիտեմ: Նա գիտի, որ ինչ լինելու ա, կլինի: Պետք ա, փող էլ կվերցնի, բայց հանգիստ կգնա կընտրի նրան, ում հանդեպ անկեղծորեն համակրանք է տածում:

Աշխատող քաղաքացին կիսագրագետ տվայտանքների մեջ ա՝ «բա որ իրա օգտին չքվեարկեմ, հաստատ գործից կհանի» կրկներգից մեջքը ծռած ու իր ազնվությունը «հանգամանքների բերումով» առայժմ մի կողմ դրած... Ինձ ցավ ա պատճառում, որ ճարպիկ միջակները կարողանում են աշխատող քաղաքացուն էս օրը գցել...

Քաղաքացիների «մարշրուտկային մասը» թքած ունի հանրային տարածքի ու իր ընտրության վրա, հատկապես կանայք... Իրենց ընտրությունը ՏՎՅԱԼ ՊԱՀԻՆ առկա վախով կամ անմիջական շահույթով (անգամ իր ունեցածին ընդամենը մի դրամ ավելացնելու հնարավորությամբ) ա պայմանավորված: Էս խմբի տանձին չի, թե իր քթից էն կողմ ինչ ա տեղի ունենում, որովհետև ինչ էլ տեղի ունենա, ինքը նույն ձևով շարունակելու ա ապրել՝ ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ: Ու ինձ համար շատ ծիծաղելի ա, երբ ճարպիկ միջակներն իրենց աջ ականջը ձախ ձեռքով քորելուց հետո, կարծում են, թե էս խմբին գրպանում ունեն։-)))) Սովետական «Մաուգլիի» Տաբակիից լավ մարմնավորում էս դեպքում դեռ գոյություն չունի։-))))

Ապահովված տնային տնտեսուհիների տարածված մտավախությունը մայրաքաղաքից դուրս՝ ԱՄԵՆԱՏԵՍ ԿԱՄԵՐԱՆԵՐԸ: Ու բնականաբար, իրենք ընտրում են ամուսինների ընտրությամբ, որոնց ընտրության առնվազն երկու տեսակի արդեն գրեցի:

Երիտասարդ, դեռ առօրյա շուստրիությամբ չհիվանդացած, փոփոխության ծանրությունը չգիտակցած ու էդ իսկ պատճառով հեշտությամբ պատասխանատվությունն ստանձնելուն պատրաստ ազնիվները նույնպես անկեծորեն մտածում են, որ կարող են իրենց ու ընկերների ձայնով հանրային տարածք փոխել, դարձնել այն իրենց նման ազնիվ:

Միջակ ինտելեկտն ու ինֆորմացին գրագիտությունը ներկայացնելով որպես էս երկուսի այն սահմանները, որոնք մարդն ընդհանրապես ի վիճակի է հաղթահարել՝ քաղաքացի քաղքենի միջակները հայտնվել են քաղաքական էլիտայի միջուկին շատ մոտ, ու սրանցից ազնիվները կարծում են, թե լավ բան են անում, թե կեղտոտ ջուրը կմաքրվի իրենց ազնիվ նպատակներից. ճարպիկներն անկապ ճարպկություններ են անում՝ կարծելով, թե իրենց ճարպկությունն ու քամահրանքը մնացած բոլոր սոցիումների հանդեպ հերիք են, որ իրենք աներկբա երաշխիք տրամադրեն էդ էլիտայի ու, բնականաբար, իրենց վերարտադրության համար: Էս երկրորդների մեծամտությունից, ինքնահավանության մամլիչի ու տգիտության անհավանական մեծությունից, սեփական եսի պուճուրությունից ու գավառականությունից խեղդվում եմ: Երբեմն ֆիզիկապես նույն տարածքում գտնվելիս էնպիսի ագրեսիայի պաշարաներ եմ մոտս հայտնաբերում, որ Kashmir-ը մազապուրծ ա անում:-)))

Ու ես էս շերտերից դեսուդեն թռչելով՝ չեմ կարողանում գործել....

Միջուկների ու ամենաեզրերի մասին գրեթե ոչինչ չգիտեմ...

Ընտրությունը հետաքրքիր բան ա :-) 

No comments: