Sunday, February 19, 2017

Ամոջ

Պատշգամբի կարմիր տախտակներից կարմիրը թև էր առել, փախել-թաքնվել թախտի տակին: Իսկ որտեղից փախչել չէր հաջողվել, ձեռները վեր էր բարձրացրել՝ հանձնվելով անգույն, ծակող փշերին: Կարմիր, մաշված ու փշոտ, պլպլան ու անփուշ տախտակե հատակն ամեն առավոտ ճռճռոցով ասում էր. «Բարլուս»: Ինձ, Էդգարին, Գայուշին, Կարինկային ու Վիկային, Արթուրին ու Աննային, Արամին ու Արփինեին, հետո էլ Մոնիկին ու Էրիկին: Կարմիր տախտակների լուսաբացը մի կերպ հարթում էր մեր ճմլկոտած նոթերն ու ստիպում շարքով գետնին փռված սպիտակ թարմությունից գլորվել դեպի առավոտվա զով հովիկից կարապային փետրապար բռնած վարագույրը...

... երբ մեծ տան տարբեր պուճուր-մուճուր անկյուններից երեք, երբեմն չորս, ավելի հազվադեպ՝ վեց քույրերի խոհանոց ճանապարհվող ոտնաձայներից մեր քիմքերն սկսում են խուտուտ գալ պատշգամբի մեեեծ սեղանին հայտնվելիք խտացրած կաթի ծորացող պատկերից...

Հետո հայտնվում էր կարագը: Հետո ապակե բաժակներից ալքիմիական հրճվանք ու երկնային բուրումնավետություն սփռող կանաչ դաղձի թեյը, որ այրվող սպառնալիքներ են նետում ձեռքերին ու լեզվին ու կրքոտ սիրախաղ սկսում արևի շողերի հետ:

Կարմիր տախտակները ճռռում էին քույրերի մանկության շղարշով մեր մանկության տաքությունը դաղձի թեյի գոլորշու նման հօդս ցնդելուց պաշտպանելու ջանքերից: Մենք խտացրած կաթ էինք ուտում, մտածում գեղամեջ ճողոպրելու ժամվա մասին, «բասեինի» ջրի տաքության մասին, «կոլցեքից» կախվելու հերթականության մասին, որովհետև քույրերի ինքնամոռաց հիշողությունն իրենց Էնգելսի տան, բաբոյի կովերի, մուրաբայի անտակ բանկայի մասին մեղմորեն փարվում էր մեզ ու գունավոր անջրպետ ստեղծում իրար խաբող, իրար սպանող, իրար նախանձող, իրար արհամարհող, իրար ստորացնող, իրար տանջող աշխարհից:

Պատշգամբի կարմիր տախտակները ճռռում էին բաբոյի ու պապիկի կորստից... Բայց մենք էն ժամանակ էդ ճռռոցը չէինք լսում...

No comments: