Friday, January 15, 2016

Մի անգամ Օվիեդոյում...

Ե՞ս: Մի քիչ լայնոտ եմ: Բայց փափուկ: Ոմանց կարծիքով վրայիս գույները շատ-շատ են, ոմանք էլ կարծում են, որ եղածը միանգամայն բավական է իմ նման տնավարի արարածի համար:  Եսի՞մ. ես եմ էլի, ինչպիսին կամ: 

Վատիկը չեմ, նույնիսկ սիրունիկ: Բայց էդ սիրունությունն ավելի շատ փափկությունից է, քան համաչափությունից: Որովհետև համաչափությունս փուլային բնույթ ունի՝ օրեր կան էնքան ասիմետրիկ եմ դառնում, որ գնա-գալիս եմ. դանակ խփես, արյուն չի գա: Եղանակային ու մարդկային է իմ անհամաչափությունը: Մարդ կա էնպիսի հոգատարությամբ է ինձ պարուրում, ուղղակի ծաղկում եմ՝ թարմ, բուրումնավետ, օդից ու ջրից մի քսան տարի ջահելացած: Մարդ էլ կա, որի հպումից արդեն շունչս կտրվում է. ուզում եմ գոռալ, ինձ հանգիստ թողեք, իմ յուղի մեջ տապակվեմ: Ձմեռները ծանր եմ տանում: Ցուրտը  մտնում է ոսկորներս ու մեկիկ-մեկիկ սառցապատում: Իսկ գարնանը քիչ մնա ձայնս գլուխս գցեմ ու գոռամ: Լավ, կարմրեցի:-) Բայց ինչ մեղքս թաքցնեմ. մեկ-մեկ հենց էդպես էլ անում եմ: Գրկում եմ խելառ քամուն ու երկուսով երգում ու երգում ենք:

Այ էսպիսի մի քամոտ օր էլ մեկ էլ էնքան ոգևորվեցի, որ աչքերս բացեցի, տեսնեմ ինչ-որ չոլում եմ. աջից՝ պատ, ձախից՝ պատ, հետևից՝ պատ, առջևից՝ կիսախարխուլ պատ: Սիրտս քիչ էր մնում պատռի: Ո՞ւր եմ ընկել, ո՞նց եմ ընկել (ասել էին, ախր, միլիոն անգամ նախնիներս զգուշացրել էին, որ էդ գլուխգովան քամու հետ գործ չունես: Բայց ո՞ր ջահելն ա ահելին լսել, որ ես լսեի:)  

Մեկ էլ ինչ-որ ծվծվոց եմ լսում: Հետևից էլ մի պոչ՝ երկաաար... Չեղած մազերս հատիկ-հատիկ բիզ-բիզ են կանգնում: Պոչը մոտենում ա: Ծվծվոցից մնում ա սվսվոցը: Պոչից էլ՝ երկու սուր ատամ, որ մի վայրկյանում խրվում են կարմիրի ամենասիրածս կլորիկ-մլորիկի մեջ: Խրվում են, խրվում ու ինչքան խրվում են, էնքան սվսվոցից սկսում ա առյուծաձեն մռնչոց գալ: Էս պոչը հո չի կատաղել: Աջուձախ ա խփում ինձ, բայց ինչո՞ւ: Չեմ հասկանում: Ես ինձ համար փափլիկ ու գունավոր հայտնվել եմ էս խուլ ու մութ տեղում, ոչ ոքի չեմ կպչում, սմքել, դարձել եմ համարյա իմ հարևան ճմրթված անձեռոցիկը: Իսկ էս պոչն առյուծ ա կտրել ու ով գիտի մտքում ինչ վիշապի հետ ա կռիվ տալիս:

- Մարդ աստծո, շոր եմ էլի - քիչ ա մնում ծղրտամ իր նման առնետավարի, բայց շորից ո՞նց կռիսի ձեն հանեմ, հը՞:

Ու լուռ տառապում եմ: Ոչ թե ատամներից ու անտեղի մռնչոցներից, այլ էն մտքից, որ էլ հետ չեմ գնալու: Չեմ հպվելու էդ մուգ ու նիհարիկ կողերին... Մի խազ էր մնացել, որ սկսեմ արդեն համարյա մարդավարի հեկեկալ (մանավանդ, որ վերևից սկսվեց անխուսափելի աստուրիական անձրևը), մեկ էլ էդ մուգ ու նիհարիկ կողերի տիրոջ ավելի մուգ ու նույնքան նիհարիկ ձեռքը հայտնվեց կոճակիս.

- Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա, կեցցե Լենինը.....................................

Ճիշտ ա, ես դեռ պիտի քավարանի ու միգուցե և դժոխքի  միջով անցնեի, եթե հանկարծ Հադիի բոթասներն էլ ինձ հետ հայտնվեին նույն լվացքի մեքենայում, բայց արդեն մի օր հետո ես նորից փափուկ ու բուրումնավետ գրկելու եմ մուգ ու նիհարիկ, սիրելի ու ծանոթ կողերը... Բա իհարկե կեցցե, ով էլ լինի:-)

Հ.Գ. Թե ինչպես մի անգամ իսպանական Օվիեդոյում եթովպիական Նահոմը կորցրեց իր ներքնաշորը հյուրանոցի լոգարանից...


No comments: