Wednesday, November 27, 2013

23. Պատմություն մրցակցության մասին

Մահմուդյանների տոհմը Կիրովականի Հ. Ազատյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցի պարծանքն էր: Յոթ քույր, յոթն էլ բնագիտական տաղանդներ ու սովետական դպրոցական բազմաթիվ «պարտադիրներին» չհնազանդվելու պատճառով՝ ուսուցչական գլուխների «անհարմար է, անհարմար» տմտմբոցների պատճառ:

Մահմուդյանները ներգաղթել էին Պարսկաստանից: Ես դա ինչ-որ արտառոց փաստ չէի համարում, ես դա չէի հասկանում, թեև էստեղից-էնտեղից անհասկանալի շշուկներ, ակնարկներ, հայացքներ ու վերաբերմունք ինձ անընդհատ փորձում էին ինչ-որ բան հասկացնել: Չհասկացա: Ես Մահմուդյան Ռիմային անկախ էդ չհասկացված փաստից, որն էսպես, թե էնպես չէի հիշում, սիրում ու նախանձում էի: Ռիման խրոխտ հայացք ուներ, բառիս բուն իմաստով: Մի տեսակ սառը, ծանր, լուրջ ու անբեկանելի արտահայտություն էր միշտ ծվարած նրա կապույտ աչքերում: Ռիման քչախոս էր: Գոնե ես էդպես եմ հիշում իրեն:



Միասին սովորեցինք յոթ տարի: Յոթ տարի ես ու Ռիման իրար հետ «ամենագերազանցիկի» մրցակցության մեջ էինք: Երբ մաթեմատիկան սկսեց փոքր-ինչ բարդանալ ու դարձավ հանրահաշիվ/երկրաչափություն, Ռիմայի ու իմ մեջ չբարձրաձայնված մրցակցությունն սկսեց ափերից դուրս գալ: Մենք շարունակում էինք գերազանց սովորել, բայց ես հասկանում էի, որ Ռիման մաթեմատիկայի ծովում լողում է ինչպես ապագա  չեմպիոն: Սովորական վարժությունները գրեթե նույն արագությամբ ու ճշտությամբ էինք լուծում, բայց գրքի վերջում իմ ամենաչսիրած մասն էր՝ ավելի բարդ կամ տրամաբանական խնդիրներ: Իսկ ես դրանք հիմնականում առանց մամայի օգնության չէի կարողանում լուծել... 

Սովորաբար էդ խնդիրները հանձնարարվում էին որպես տնային աշխատանք: Ես չգիտեի, Ռիման ինքնուրույն է լուծում, թե իրենից մեծ չորս այլ տաղանդավոր քույրերի օգնությամբ, բայց ներքուստ համոզված էի, որ ինքնուրույն, որովհետև երբ դասարանում բացատրում էինք լուծման եղանակները, Ռիման էնպիսի սահունությամբ էր դա անում, որ կասկածի տեղիք չէր մնում:

Մի օր էլ մեզ նման մի խնդիր հանձնարարվեց հենց դասարանում: Ինձ մոտ խուճապ սկսվեց: Ես մինչև խնդիրը կարդալն անգամ համոզված էի, որ ես գլուխ չեմ հանի, իսկ Ռիման հինգ րոպեից հանգիստ կասի.

- Ընկ. Սարուխանյան, ես վերջացրեցի: 

Սկսեցի բզբզալ: Մի երեսուն կախ գլուխ կար դասարանում, մեկ էլ մեկը բարձրանում ա, ու դա Ռիմայի շիկահեր գլուխը չի, այլ իմ սևահերը:

Սկսեցինք ստուգել: Ճիշտ էր: Ռիման լուռ նայեց ինձ: Մի տեսակ նայեց: Վատ տեսակ: Բայց ես հո լավ չեմ զգում, հո լավ չեմ զգում, նկարագրելն անհնարին ա. ուռել եմ մեջս, մի հպարտություն ա տվել գլխիս, էլ դու սուս:  

Բայց դա առաջին ու վերջին անգամն էր:-)))))) Դրանից հետո մաթեմատիկական պատվանդանն անվերադարձ զիջեցի Ռիմային, որովհետև ինքն ուղղակի տաղանդավոր էր, ու ինչ-որ անկապ գերազանցիկության սինդրոմ էդտեղ արդեն ոչինչ անել չէր կարող:

***
Ռիման հետո ֆիզմաթ դպրոց գնաց: Կապը կորցրեցինք: տարիներ անց պատահաբար իմացա, որ պոլիտեխնիկ, թե համալասարան է ընդունվել, բայց ինքը միշտ ուզում էր բժիշկ դառնալ: Կարծեմ համալսարանը պիտի ավարտեի, մեկ էլ իմացա, որ Ռիման... ընդունվել է բժշկական: Իր առաջին բուհը թողել էր, հենց էդպես... Հիմա բժիշկ է:-) Հուսամ, դեռ Երևանում...

***
Էդ իմ առաջին ձեռնոցն էր մրցակցությանը, որից ես զզվում եմ մինչև հիմա... Իմ ու մրցակցության միջև love-hate սիրուն դիալեկտիկ հարաբերություններ են:-))))

3 comments:

Anonymous said...

Վայ Քրիստ, ես էլ եմ զզվում մրցակցությունից: Համապատասխան թեմայում էլ բացատրելու եմ` ինչու: Անգամ մասնագիտությանս ընտրությունը մրցակցությունից զզվելու արդյունք էր:

Բյուրի

Christina said...

Բյուրի ջան, հետաքրքիր կլինի: Ես մի պահ ուզում էի գրել, հետո, որ ճիշտն ասեմ, ալարեցի: Հիմա կսպասեմ քո գրածին:-)

Anonymous said...

Գրեցի Քրիստ ջան, համեցիր

Բյուրի