Tuesday, November 5, 2013

15. Ինտերնետի հետ կապված պատմություն

Ժուկով-ժամանակով զահլես գնաց ու որոշեցի գրել՝ ոչ միայն ինձ համար: Երկար մտածում էի ու դեռ մտածում եմ, թե ինչու, տարին մի նոր պատճառ եմ հնարում կամ վերահնարում, բայց դեռ պատասխան չունեմ: Արդեն չեմ հիշում ինչպես ու ինչու հայտնաբերեցի բլոգսփոթը: Բայց սկսեցի գրել 2005-ին: Անգլերեն: Որ չմոռանամ լեզուն: Նկատում էի, որ սկսել եմ նույն բառերի հորձանուտում պտտվել ու նեղվում էի դրանից: Սկսեցի գրել: Հետո պատահաբար հայտնաբերեցի cilicia.com-ն ու Րաֆֆիի փոսթինքն էն մասին, որ լավ կլիներ մի հայաստանցի էլ Հայաստանի մասին հայերեն գրեր: Էհ, գրենք, ի՞նչ ա եղել որ: 

Ու սկսեցի գրել

Երկար, բարակ, ահագին հավատարիմ ու հավեսով: Հետո եկավ «Մի օրի» օրը: Իսկ ավելի հետո, նույնիսկ ահագին արագ՝ գրեթե նաև դրա վերջին օրը: 

Ու հանկարծ՝
... xndrum em vor voch mi angam chdadares greluc, du zardarum es grelu arvest@.

Չէ, իհարկե, ինչ զարդարելու մասին ա խոսքը: Բայց... պահեր կան, որ ձեռք ա պետք: Պահեր կան, որ էդ ձեռքի հպումը սթափեցնում ա: Ու պահեր կան, որ էդ ձեռքի ջերմությունը քեզ ա հասնում ինչ-որ անկապ լարերի կամ արբանյակների ու հազարումի անշունչ, բայց շատ էլ շնչավոր տեղերից: Ոնց որ հանկարծ ռադիոյից դուրս են հորդում էն հնչյունները, որոնք էդ պահին քո սիրտը պահում են տեղում:-) 

Չգիտեմ, ով էր գրում: Չէ, գիտեմ, այսինքն անուն-ազգանուն ու էդպիսի բաներ: Բայց մենք անծանոթ ենք, ինչպես փողոցում իրար կողքով անդարձ անցնող անցորդները: Բայց... ինքն էլ չգիտի, ինչքան լավ ա, որ ինքը կա:-) Մենակ ինտերնետն ու ես գիտենք:-)))))