Friday, January 18, 2013

Գրելու մասին

- Իմ գրածները որ տամ, կկարդա՞ք: 
- Ըըըըըըըմմմմմմ...
- Ես բոլորին չեմ տալիս կարդալու: Պահեր կան, գանձեր կա, որ բոլորի համար չեն, բոլորի հետ չես կիսի:

Կան, իհարկե, բայց արդյո՞ք այդպիսիք համարվում են «գրական ստեղծագործություն»: Եթե  այդպիսիք գրավոր միջավայրում պիտի արտահայտություն գտնեն, ապա պետք է կոչվեն «անձնական նամակներ»՝ անկախ նամակների բովանդակության ժանրային արտահայտչաձևից: Ու վերջ, հարցը փակված է: Լսարան սկզբունքորեն պետք չի էստեղ: Բայց... եթե գրական ստեղծագործության մասին է խոսքը, արդյո՞ք դու, գրողդ ես ընտրում այն:  Հիմա հազարումի օնլայն պլատֆորմների շնորհիվ իհարկե դա հնարավոր է, բայց իրականում դա ինձ աբսուրդ է թվում. եթե դու գրում ես ոչ թե միայն քեզ, կամ մի հոգու, կամ սահմանափակ մի քանի հոգու համար, ուրեմն գրում ես անդեմ բոլորի համար: Էլ էս վերևի ֆլիրտն ինչի՞ համար ա... Էս վերևինն այլևս հայկական, կամ միգուցե նաև համաշխարհային ընդունված սիրահետման, ավելի ճիշտ գայթակղության մեխանիզմ ա, որից զահլես գնում ա (հա, ի դեպ,  նույնիսկ որպես սեռային գայթակղության միջոց, զահլես միանգամից գնում ա: Իմ հետաքրքրասիրության ռեցեպտորները միանգամից անջատվում են:)) ու եթե անգամ ինչ-որ ցանկություն կա անծանոթ ստեղծագործություն կարդալու, նման «դավադիր» նախաբանն այն սաղմում սպանում ա:


Հա, էլի գրելու հետ կապված, ու ոչ միայն՝ այ, ես չեմ հասկանում դեռևս շարունակվող վերաբերմունքը գրող մարդու հանդեպ՝ «գրելու» մի տեսակ միստիկական սրբությունը, դիմացինից ակնկալվող «յաաաաաաաաաաաաաաաա» զարմացա-հիացական արձագանքը:  Միգուցե սա տարրական «Ապացույցի շատությունը սպանում է առեղծվածը» թեզի վառ վկայությո՞ւնն ա: Չգիտեմ: 

Օրինակ՝ Մաթևոսյանն ինձ համար գրող ա: Մի տեսակ երկյուղածություն ունեմ իր հանդեպ: Ես իրեն որպես մարդ չեմ ընկալում, մենակ որպես գրող: Իր մասին ա օրինակս, որովհետև ապրել ենք նույն տեղում, նույն ժամանակ: Ժամանակատարածքային տարբերություններն ու դրանցից բխող սոցիալական իրողություններն իհարկե լուրջ դեր ունեն, բայց էդ ուրիշ թեմա ա: 

Հիմա բոլորը, լավ, շատերը:-), գրում են՝ լավ, վատ, շատ լավ, հազվադեպ՝ տաղանդավոր: Բայց գրում են, ունեն մեծ կամ փոքր լսարան: Ու չեմ հասկանում էդ «հատուկության» մարմանջը, «վեհ առանձնահատկության» շղարշապատումը: Երբ ինչ-որ միջավայրում, նույնիսկ միջնորդավարված, օր.՝ հեռուստատեսությամբ, լսում եմ «գրող Էսինչ Էսինչյան» ու զգում եմ շղարշապատման ոտնուկները ոնց են սկսում շոշափել ուղեղս, էդ գրողն ինձ արդեն չի հետաքրքրում:

Ու ընդհանրապես, չգիտեմ ինչու ու ինչպես ա ստացվել, գրողները, ստեղծագործողները, որպես կենցաղային էակ ինձ չեն հետաքրքրում: Ես չեմ ուզում ճանաչել իրենց, խոսել իրենց հետ ու նման բաներ: Որովհետև իրենք արդեն իրենց ասելիքն ասել են, ես ընկալել եմ, «յուրացրել» եմ, բայց «իմնացնել», ոչ «սեփականացնել» իմաստով, ու արդեն իմ մտքում երկխոսությունն սկսվել ա: Ստեղծագործողի համար դա էական չի, ինքը միևնույն ա ստեղծագործելու ա, ինքը դա անելու ա նաև իմ վարքուբարքի հանրայնացված արժեքներն ու  նորմերը,ամեն-ամեն ինչը՝ կյանքը, յուրովի անհատականացնելով ու ինձ վերադարձնելով: Այ հետաքրքիր ա. լսարանը ե՞րբ ա պետք գալիս ու ինչո՞ւ: Օրինակ՝ Դոստոևսկին եթե փող կարողանար աշխատել այլ կերպ, կհրատարակե՞ր իր ստեղծագործությունները: Կամ Նիցշեի ինչի՞ն էր պետք դրանք հանրայնացնել, «պուճուր-մուճուրների» քմահաճույքին հանձնել: Որ ի՞նչ... Բայց իրականում էդ իրարամերժության մեջ ա ստեղծագործության կյանքը՝ մի կողմից թքած՝ ով ա կարդում, մյուս կողմից չկարդացվեց, ստեղծագործություն չի, չկա, գոյություն չունի: Լսարանը էն հայելին ա, որ հաստատում ա ԲԱՆ-ի գոյությունը. լսարանը չհայտարարեց, որ ԲԱՆը կա, ուրեմն դա չկա:-)))

Նորից մի թեթև անդևադարձ «հատուկությանը». էսօր լսարանն էլ հիմար-հիմար հագուրդ ա տալիս էդ «հատուկության» անհագուրդ ցանկությանը: Նկատե՞լ եք ինչքան տաղանդավոր ենք դարձել. ամեն տեղից վերկացողն իր վերկանալը մի քիչ շնորհքով թե արեց, «Տաղանդավոր երիտասարդ է», բարբաջում է ինքնամոռաց հանրությունը: Ես զարմանում եմ մեր էդ հատկության վրա. ինչքան շատանում են կարողները, ունակները, էնքան պիտի որ տաղանդի ձողանիշը բարձրանար: Բայց մենք հակառակն ենք անում. սահմանում ենք այն մեր կարողությունների եզրագծերով:

Համատարած անգրագիտության ֆոնին Չարլզ Դարվինը տաղանդավոր էր: Էն օրն էի լսում. էն ժամանակ ինչ գենետիկա, ինչ բան, իսկ էդ մարդն էվոլյուցիոն տեսությունն ապացուցող կարևորագույն գիտական հենքի բացակայության պայմաններում էնպիսի մի թռիչք ա արել, որի հետագծով դեռ շարունակում ենք թռչել: Ու դա հրաշք ա, դա տաղանդ ա (հանճարը վախենում եմ կիրառել ընդհանրապես, դրա իմաստը դեռ չեմ ընկալում, իմ գիտակցական մակարդակից դա շատ վեր ա:-)) որովհետև անգրագիտությունից անգրագետներով ձգտում էինք Դարվին դառնալ:  Հիմա... էհ....Արժեզրկում ենք, բառերը հատկապես... կամ էլ բանը քանակի մեջ ա, ու ես էլ եմ հիվանդ «հատուկության» հիվանդությամբ:-)

Ու վերջում մի սիրուն ստեղծագործություն:-)

ԵՐԿՆԵՑ ԵՎ ԾՈՎ

Բացեց ծովակն իր աչքերն ու տեսավ երկինքն անծայրածիր: 
«Ինչ մեծ ծով է»,- հիացավ ծովակն ու փորձեց նմանվել նրան:

Ծնեց փափլիկ ու դողդոջուն աստղիկներ, բայց ափսոսաց, որ երկնի աստղերի պես կայծկլտուն չեն: Չիմացավ ծովակը, որ շատերը դրանցից սառն են ու անկյանք: 

Ապշեց երկնի խորությամբ` չիմանալով, որ այն պարզապես... դատարկ է: 

Հիացավ նրա թեթևասլաց ամպերով. մինչդեռ դրանք իր շոգիացած մտքերն էին: 

Ձգվեց վերև հասկանալու, թե ինչու՞ են նրա արցունքներն անալի: Այնինչ անձրևն իրենից քամված ուրախությունն էր...

Ապարդյուն ձգտեց երկնքին նմանվել ծովակը. տենչաց, տխրեց, շաչեց, շառաչեց... ու այդպես էլ չիմացավ, թե ինչեր կտար և ինչերից կհրաժարվեր ՆԱ, միայն թե ապրեր Ի’Ր փոթորկուն ու ԼԻՔԸ կյանքով...


Խլուրդ (2013, հունվարի 18) ֆեյսբուքյան քոմենթ:-)

3 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Ընդհանուր համաձայն եմ հետդ, շատ լավ անդրադարձ ա:

"Նորից մի թեթև անդևադարձ «հատուկությանը». էսօր լսարանն էլ հիմար-հիմար հագուրդ ա տալիս էդ «հատուկության» անհագուրդ ցանկությանը: Նկատե՞լ եք ինչքան տաղանդավոր ենք դարձել. ամեն տեղից վերկացողն իր վերկանալը մի քիչ շնորհքով թե արեց, «Տաղանդավոր երիտասարդ է», բարբաջում է ինքնամոռաց հանրությունը: Ես զարմանում եմ մեր էդ հատկության վրա. ինչքան շատանում են կարողները, ունակները, էնքան պիտի որ տաղանդի ձողանիշը բարձրանար: Բայց մենք հակառակն ենք անում. սահմանում ենք այն մեր կարողությունների եզրագծերով:"

Էս պարբերության հետ կապված մի բան ասեմ: Ինձ թվում ա՝ ոչ թե նշաձողն ա իջել, այլ թացը չորից տարբերելու ունակությունն ա կորել: Ու ոչ միայն գրականության, այլև մնացած բոլոր բնագավառներում: Դրա համար ստացվում ա, որ ով երկու բառ իրա կապում ա, անունը դնում են՝ գրականություն ա ստեղծում:

Artashes said...

Inch lav u parz dzevakerpum er!
"Բայց իրականում էդ իրարամերժության մեջ ա ստեղծագործության կյանքը՝ մի կողմից թքած՝ ով ա կարդում, մյուս կողմից չկարդացվեց, ստեղծագործություն չի, չկա, գոյություն չունի:"

Christina said...

... թացը չորից տարբերելու ունակությունն ա կորել: Ու ոչ միայն գրականության, այլև մնացած բոլոր բնագավառներում: Դրա համար ստացվում ա, որ ով երկու բառ իրա կապում ա, անունը դնում են՝ գրականություն ա ստեղծում:...

Հա, կա էդպիսի բան, սահմանները հիմա էնքան հստակ չեն, որքան, օրինակ, մի դար առաջ: Ու ես էստեղ էլի հարցի առաջ եմ կանգնում՝ ինչպե՞ս մնալ էնքան պահպանողական, որ բովանդակային հարստություն չկորչի, բայց մյուս կողմից էլ հնարավոր լինի խուսափել լճացումից: Սահմանումները և՛ զսպող կաղապարներ են, և՛ ճնշող:-) Օրինակ՝ լինում ա, կարդում եմ ինչ-որ գրվածք (էսպես ընդհանրական բառ օգտագործեմ:-)) ու իմ պատկերացումներում, որը կարծարցել ա իմ իմացածի սահմաններում, սա գրական ստեղծագործություն չի: Բայց մեկը հարցնի, իսկ դու էդ ինչքան գիտես,որ հիմա հատ էլ քեզ իրավանք ես վերապահում դատել:-))))) Բայց շատ հաճախ «գրականագետ» կոչված մարդիկ էլ էնպիսի կաղապարված գնահատականներ ու կարծիքներ են հայտնում, որ ուզում ես ասել, «Մարդ աստծո, վիկիպեդիա կա, բան կա» նույնիսկ էդ ընդհանրական աղբյուրներից անտեղյակ են:

ՄԻ խոսքով՝ խառն ա ամեն ինչ:-)